Friday, April 11, 2008

EXLUSIVE: Լսումներ ԱՄՆ–ի ներկայացուցիչների պալատում

Ապրիլի 17–ին ԱՄՆ–ի ներկայացուցիչների պալատի Հելսինկիի հանձնաժողովը հատուկ լսումներ է անցկացնելու Հայաստանի առիթով։  Վաշինգտոնի ժամանակով կեսօրից հետո ապրիլի 17–ին ժամը 2–ին Ռեյբորն  մասնաշենքում տեղի ունեցող քննարկման վերնագիրն է «Հայաստանը  Ընտրություններից հետո»։ Ներկայացուցիչների պալատի կայքում ասված է.

«Փետրվարի 19–ի նախագահի ընտրությունից հետո Հայաստանը բախվել է վերջին տասնամյակի ամենալուրջ քաղաքական ճգնաժամին։ Մարտի մեկին իշխանությունների և ընդդիմության համախոհների բախման արդյունքում մահացել է առնվազն ութ մարդ և հայտարարվել է արտակարգ դրություն, ինչի հետևանքով լրջորեն վնասվել է երկրի վարկը։ Չնայած վարչապետ Սերժ Սարգսյանը ընտրվել է նախագահ, ընդդիմության որոշ առաջնորդներ հրաժարվում են ընդունել ընտրությունների արդյունքը և կառավարություն–ընդդիմություն հարաբերությունները շարունակում են լարված մնալ։ Արտակարգ դրությունը վերացվել է, բայց ազատությունների սահմանափակումները դեռ ուժի մեջ են։

Լսումների ընթացքում ուշադրություն կդարձվի այդ զարգացումների հետևանքների ազդեցությունը Հայաստանի և ԱՄՆ–ի վրա, և հատկապես կխոսվի ԵԱՀԿ Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացի և Հայաստանի Հազարամյակի մարտահրավերներ ծրագրի մասնակցության մասին»։

Որպես զեկուցողներ հանդես կգան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան, ՀՀ նախագահի օգնական Վիգեն Սարգսյանը և  ՀՀ Առաջին նախագահի խոսնակ Արման Գրիգորյանը։

Կարծում եմ, որ սա շատ անցանկալի և վտանգավոր լսումներ են։ Տեսնենք, թե ինչով կավարտվի։ Առայժմ՝ առանց մեկնաբանությունների։
Posted by lragrox at 18:02:09 | Permanent Link | Comments (0) |

Friday, January 25, 2008

Happy Birthday to me...

Արդեն խմած...թախծոտ, ուրախ, կարոտած ու ընկերների հետ....iPod–ը հետս, Ford–իս մեջ, ձմեռվա մեջ, քամու երակները պատռելով, տիեզերքը փնտրելով ....ինչ–որ մեկի հետ, ինչ–որ տեղ ես ապրում եմ իմ ծնունդը...

Բջջայինս ճղում  է, անընդհատ Messages....ամեն մեկը մի բան է գրում՝ ավելի երկար, ոնց–որ թե օրիգինալ...բայց դե ում են պետք է ուրվականների հաղորդագրությունները...հենց իրենց երևի...

Արևածագն ավելի կարևոր է, ուրվականներ՝ հեռացեք, թողեք ապրեմ, գնում եմ բառ՝ տրամվայով....

Շարունակելի...եթե ուժ ունենամ, կամ խելք

12 Ժամ անց

Նախ՝ նախաբանը գրել եմ հունվարի 24-ի լույս 25-ի գիշերը...Մեր հարևանությամբ մի հատ բար կա, այնտեղ գնացի, խմեցի ու տեղում էլ գրեցի։ Ի դեպ, այս տարվա լրագրողական պաշտոնական խմիչքն է՝ Red Bull Vodka։ Ուրեմն, վերցնում եք սովորական Ռեդ Բուլը՝ 50 գրամ, խառնում 75 գրամ օղիով և խմում սառույցով։ Անմահական է։

Լավ, քանի որ անվանակարգերից խոսք գնաց ապա, հրապարակեմ ցուցակը։
Այս տարի ես լսում եմ ու դեռ կլսեմ ու նաև ձեզ եմ խորհուրդ տալիս լսել. 

Maroon 5 (օրը մի քանի անգամ)
Fall Out Boy
Collective Soul
Amy Winehouse (հանգստյան օրերին և սեքսի ժամանակ)
Red Jump Suit
The Last Goodnight (Pictures of you երգը սպանում է)
Rooney
Leny Kravitz
Linkin Park (նոր ալբոմը)
Corey Taylor

Հայերից, սրտի մեծ կսկիծով, բայց արդեն զզված հրաժեշտ եմ տվել Հայկոյին։ Հիմա լսում եմ Նառա և Արամե։ Եթե ունեք ավելի լավ առաջարակներ՝ համեցեք։

Սերիալների տասնյակը մի քիչ փոխվել է։ HBՕ–ն հաղթեց ABC-ին։ Եվ այսպես, եթե հնարավորություն ունենաք դիտեք

Entourage
Deadwood
One Tree Hill
Grey's Anatomy
Friday Night Lights
The Tudors
Dexter
Gossip Girl
Riches
Dirt

Կինոներից կարող եմ ընդամենը թվարկել թե ինչ եմ պատրաստվում դիտել
Juno
No country for old men
There will be blood
Elizabeth. Golden Age
Բոբ Դիլանի մասին ֆիլմը, անունը չեմ հիշում։

Իսկ հիմա ծնունդիս մասին։ Գլխավոր իրադարձությունն իհարկե իմ ամենամոտ ընկերոջս՝ Արամի ժամանումն էր Վաշինգտոնից։ Էդ առիթով շատ խմվեց ու «ուրախացվեց»։ Ծնունդը մեկնարկեց ուրբաթ երեկոյից մինչև կիրակի հետկեսօր, երբ Արամը նստեց օդանավ։

Գլխավոր երեկոյին հատուկ «համերգով» բոլորին զարմացրեց և հատկապես Արամին իմ հարևան Քեյսին՝ էնքան էր խմել, որ գոռալով Ջոնի Քեշ էր երգում, հետո ուզում էր ըմբշամարտի մրցույթ անցկացնել, հետո՝ իր պատրաստած ու դեռ անպատրաստի գարեջուրն էր բոլորին հյուրասիրում։ Դրան գումարած հաճախակի փսխելն ու մարիխուանան....մի խոսքով, հաջորդ օրը Քեյսին արթնացավ ամբողջ դեմքը կարմիր։ Պնդում էր, որ թանից է՝ ասում է շատ խիտ էր, օրգանիզմը սովոր չէր, դրա համար ալերգիա էր տվել...

Եվ ամենակարևորը՝ ես որքան էլ իմ երևանյան ընկերներին բացատրեմ ժամային տարբերությունը, միևնույն է՝ նրանք զանգում են երբ իրենց հարմար է։ Արդյունքում, ես այս ուիկ–էնդին քնեցի ընդամենը 2-3 ժամ, որովհետև հենց «աչքս կպնում էր»....էլի զանգ։ Ես չգիտեի, որ էդքան մարդ կարող է ցանկանա իմ ծնունդը շնորհավորել։

Հա, ի դեպ, 30 տարեկան դարձա։ Էդ առիթով շնորհավորանքները մի տեսակ ցավակցություն էին հիշեցնում։ Անընդհատ հարցնում էի՝ լավ ե՞ս, շատ ես տխո՞ւր...Ախր, անկեղծ ասած, չեմ էլ մտածել այդ ուղղությամբ, հետո՝ 30—ը ինչի արդեն ծերության նշան է՞...Ինձ թվում է, որ տղամարդը տարիքի մասին պետք է մտածի միայն այն ժամանակ, երբ այլևս Վիագրան չի օգնում։ Մինչև այդ՝ այն տարիքի ես, ինչ զգում ես,– պնդում է ժողովրդական ասացվածքը։

Այսքանը։ Մեզ մոտ խորը ձմեռ է։ Անընդատ ձյունում է, ամենուր սպիտակ է։ Red Bull Vodka–ն շատ պահանջված է այս օրերին...

Posted by lragrox at 01:07:55 | Permanent Link | Comments (4) |

Sunday, January 20, 2008

Իմ հարևան Քեյսին

Բացի նրանից, որ իմ հարևան Քեյսին իր պահարանում մարիխուանայի պարտեզ ունի և իր նջասենյակից տարածվող բույրը հիմա ամբողջ բնակարանով է, հիմա էլ որոշել է, որ շատ փող է վատնում գարեջրի վրա։ Ավելի շուտ՝ ես ասացի, թե հերիք է խմես գարեջուր, այն իմաստով, որ կգիրանաս։ Նա էլ հասկացել է, թե հերիք է փող ծախսես գարեջրի վրա։

Երեկ գնաց ու գնեց գարեջուր արտադրելու հատուկ սարք։ Հիմա էլ գարին է լվանում, որ թթվեցնի։ Ընդհամենը մի դարակ ուներ հագուստի համար, դա էլ կօգտագործի գարեջրի համար։ Հագուստն էլ՝ բացի պահարանից ամենուր է։ Ես մեկուսացել եմ իմ սենյակում և արգելել եմ նրան նույնիսկ ինձ հետ խոսել։ Մեր բնակարանը ոնց–որ կիսախելագար պրոֆեսորի կենտրոնակայան լինի...հյուրասենյակի կենտրոնում կավե ամանով հող՝ նոր է բերել մարիխունայի համար, խոհանոցում՝ նոր ու մեծ ճամպրուկ՝ ինձ են նվիրել ու չգիտեմ որտեղ դնել, հետս ման եմ տալիս բնակարանով, ինչպես շանը...էլ չեմ ասում մեր երկու հեծանիվները, անընդհատ աշխատող հեռուստացույցը, Քեյսիի սենյակից տարածվող բույրերը և քաունթրի երաժշտությունը, իմ դեդլայներն ու հոդվածները, որոնք ամեն օր որոշում եմ գրել, հետո ինչ–որ բան խանգարում է, մեր միակ բազմոցին քնող մարդիկ, որոնց իմ կամ Քեյսի ընկերներն են։

Հա, դրան գումարած մեքենաս փչացել է ու ես արդեն մեկ օր է տանից դուրս չեմ եկել։ Եվս մեկ օր, և սովից կմահանամ՝ որովհետև սնունդս վերջանում է։ Հա, մեկ էլ ես ու Քեյսին այսօր պետք է գնանք «Հարսնացուին» տեսնելու։ «Հարսնացուն» Macintosh ընկերության նոր համակարգիչն է։ Ամեն օր գնում ենք Best Buy, նայում ենք հարսնացուին, նոր բան հայտնաբերում, ու գալիս տուն ու պլանավորում, թե երբ ենք առնելու։

Քեյսին ասում է՝ եթե գարեջուրն ու մարիխուանան ծախենք, ապա կարող ենք երկուսիս համար էլ գնել։ Մարիխուանան կաճի մի երկու ամսից, գարին էլ կթթվի մի երեք։ Մի խոսքով, ինչպես ասում է հայտնի ապարանյան ժողովրդական իմաստուն խոսքը, հարգելի էշ, մի սատկիր...

Posted by lragrox at 09:26:41 | Permanent Link | Comments (0) |

Friday, January 18, 2008

«Ուրախ ավտոբուս»՝ ըստ ամերիկյան ու ամերիկացիներիով

Հավանաբար այս ուիկենդը ամենատարօրինակներից էր իմ ամբողջ ամերիկյան կեսնագրության մեջ։ Ամեն ինչ սկսեց մեր ֆակուլտետի Ջեյմս Կազինսկին։ Նա առաջարկեց վարձել ավտոբուս և մեկնել Վենդովեր, որը Յութայի «Լաս Վեգասն» է, ուղղակի դրա փոքր տեսակը։ Հա, գտնվում է Յութայի ամենածայրում և ըստ էության Նեվադայում է։

Երեք շաբաթ էլեկտրոնային փոստով բոլորիս զզվեցնելուց հետո, վերջապես խումբը ձևավորվեց։ Մենք 15 հոգի էինք։ Բոլորս էլ մագիստրատուրայի ուսանողներ, մի մասը՝ ասպիրանտներ։ Ավտոբուսում խմելը թույլատրվում էր։ Ամեն մեկը ինչ–որ խմիչք էր վերցրել։ Ես՝ իմ սիրած թեքիլլան՝ «1800»։ Եվ իհարկե լայմ՝ սա կարծես լիմոն լինի, բայց ավելի կանաչ է ու ավելի թթվաշ։

Մի խոսքով, խմելով գնացինք, քեֆ արեցինք, պոկեր, բլաք ջեք խաղացինք, առանց ձեռքերի տեքիլա խմելու մրցույթ կազմակերպեցինք, հետո՝ աչքերը փակ դեգուստացիա, հետո՝ անծանոթ մարդկանց հետ ավելի արագ ծանոթանալու ինչ–որ հիմար խաղ....։

Վերադառնում ենք։ Ամեն ինչ սկսեց Նիկը։ Ասաց՝ խաղում ենք խաղ՝ «ես երբեք երբևէ չեմ արել...» ու պետք է շարունակես։ Ով արել է՝ ձեռք է բարձրացնում, ով չի արել՝ խմում է։ Երևի հենց այդ ժամանակ կամ դրանից հետո ես հասկացա, որ իմ ֆակուլտետի ժողովուրդը մեղմ ասած տարօրինակ է։ Բոլորը ինձ առաջին հայացքից ու դեռ առաջին սեմեստրից թվում էին շատ կենտրոնացած, շատ ակադեմիական։

Նախ՝ ամեն մեկը գիտեր որ տարօրինակ է, բայց այդ մասին արտահայտվում էր ազատ ու հանգիստ։ Կարծես նորմալ լիներ։ Մարդկային, առավել ևս սեփական խենթության հետ այդքան համերաշխ մարդկանց դեռ չէի տեսել։ Դատեք ինքներդ։

Ջեյմս– Շաբաթ և կիրակի դիտում է ամերիկյան ֆուտբոլ։ Նորմալ է, ուղղակի քանի որ այդ ֆուտբոլը միանգամից երեք ալիքով է հեռարձակվում, ապա նա գնել է միանման երեք հեռուստացույց, դրել իրար կողքի ու միաժամանակ էլ նայում է։ Ինձ պատմում էր, թե որքան դժվար է ունիվերսալ հեռակառավարման վահանակով կարգավորել ձայները։

Օթըմ– Օթըմը, որ թարգմանաբար նշանակում է Աշուն, հմայիչ շիկահեր օրիորդ է։ Նշանված է։ Պատմեց, որ հանկարծակի է եկել առաջարկից, քանի որ այդ ժամանակ ուռած էր։ Երբ որ ուշքի է եկել, տեսել է, որ ձեռքին մատանի կա։ Հիմա չգիտի ինչ անել։ Տղային՝ ոչ այն է հավանում է, ոչ այն է չի հավանում։ Վենդովերում ցանկանում էր մատանին գրավ դնել, որ էլի պոկեր խաղա։ Մի կերպ չթողեցինք։

Նիկ– Իմ տպավորությամբ ամենաակադեմիական ասպիրանտը։ Պարզվեց սեքսոհոլիկ է։ Անընդհատ ցանկանում է սեքսով զբաղվել ու այդ պատճառով ոչ մի ընկերուհի չի դիմանում երկար։ Այդ մասին բարձրաձայն պատմում էր Օթըմին, որն էլ ավելի բարձր գոռում էր՝ «իզուր ես պատմում, միևնույն է սեքսով չենք զբաղվելու։ Քո քիչը իմ դուրը չի գալիս»։

Մայք– Ասաց, որ իր բնակարանի պատերը արդեն մի քանի տասնյակ անգամ ներկել է։ Պատճառը՝ երբ ուռռում է, ցանկանում է պատերը ներկել։ Հիմա որոշել է՝ այլևս ներկ չի առնելու։ Խորհուրդ տվեցի իմ բաղադրատոմսը՝ ուռռել և պաղպաղակ ուտել։ Ասաց՝ ներվեր չունի ծամելու։

Էնի– Հենց նոր  է ամուսնացել Դերեկի հետ։ Ամբողջ ճանապարհին գոռում էր՝ Դերեկ չհամարձակվես մրսել, հաջորդ շաբաթ փորձելու ենք երեխա ունենալ։ Հետո պատմեց, որ եթե հաջորդ երեքշաբթի սեքսով զբաղվեն, ապա տղա կլինի, եթե չորեքշաբթի, ապա աղջիկ։ Ես հարցրեցի՝ իսկ ինչու ոչ ասենք, ուրբաթ կամ երկուշաբթի։ Ասաց՝ հարմար չէ, բոուլինգ խաղալու են գնալու։

Հա, էդ ժամանակ խոսակցությանը խառնվեց Սառան, որն արդեն երեք տարի է ինչ ամուսնացած է։ Երեխա չեն կարողանում ունենալ՝ ամուսնու պատճառով։ Հիմա «սուրոգատ» հայր են փնտրում՝ առողջ ու առանց հոգեկան շեղումների։ Նիկը տեղից գոռաց՝ «ես պատրաստ եմ», ասացին՝ երկրորդ չափանիշով չես համապատասխանում, Ջեյմսն ասաց՝ երկուշաբթի կարող է գալ, էլի չհամաձայնեցին։ Ես ուշադիր լսում էի, մեկ էլ հանկարծ Սարան թե՝ «ի՞նչ ես անում հաջորդ շաբաթ, արի մեր տուն ճաշելու...»։ Թե ոնց հրաժարվեցի՝ չեմ էլ հիշում...մի կերպ։

Այս ցուցակը կարելի է հավերժ շարունակել։ 15–ից յուրաքանչյուրը ինչ–որ մի բանով տարօրինակ էր։ Այդքանով հանդերձ հրաշալի ժամանակ անցկացրեցինք։ Երևի հենց այն պատճառով, որ ոչ ոք չէր փորձում Սուրբ ձևանալ կամ կատարյալ՝ բոլորս էլ սովորական, գետնին կպած մարդիկ ենք՝ մեր իդեալներով, մեր թերություններով ու մեր տարբերություններով։ Ընդհակառակը, այդքան խենթի հետ շփվելը ինչ–որ իմաստով թերապևտիկ է։

Posted by lragrox at 09:10:19 | Permanent Link | Comments (1) |

Sunday, December 02, 2007

Ձմեռ՝ օրացույցին, ծառերին և մեր հոգիներում

Ինչպես անցկացրեցիր ուրբաթ գիշերդ,–հարցրեց ընկերս Վաշինգտոնից։
–Ապեր, գլխացավից մեռնում եմ...
–Պարզ է, ալկոհոլիկ...
–Չէ, չէ, ես չեմ խմել, ուղղակի մեծ խանդավառությամբ դիմավորել եմ ձմռան առաջին օրը

Այս երկխոսությունից 12 ժամ առաջ...

Ուրբաթ երեկոն Ամերիկայում սեքսի և հանգստի օր է։ Ու քանի որ իմ մոտ էլ սեմեստրի վերջն է, ապա երկուսի մասին էլ, բացի տեսական զրույցներից իմ հարևանի հետ, ավելին լինել չէր կարող (Օրինակ, կարող ենք երկար ժամանակ զրուցել թե ո՞րտեղ կարելի է ավելի լավ դահուկ քշել՝ Յութայո՞ւմ, թե՞ Կոլոռադոյում, կամ ո՞ր դերասանուհին է ավելի սեքսուալ՝ Ջեննիֆեր Էնիստո՞նը, թե՞ Անջելինա Ջոլին, կամ մեր հավերժ կռվի թեման՝ մարիխուանա ծխելը համարվում է թմրամոլությո՞ւն, թե՞ ուղղակի լիցքաթափման միջոց, ինչպես օրինակ վիսկին)։

     Մի խոսքով, դելատ բիլո նեչեգո, դելո բիլո վեչերոմ...Նոյեմբերի 30–ի երեկոյան իմ հարևան Քեյսին թակեց դուռս...թե գնում եմ խմիչքների խանութ։ Գալիս եմ։ Գնացինք։ Ամերիկայում ես մի հատ պրոբլեմ ունեմ։ Չեմ կարողանում ընտրել՝ օրինակ, ֆրանսիական գինի, թե իտալական, կարմիր, թե սպիտակ...Քեյսին էլ առանձնապես կոնկրետ չէ իր որոշումներում։

     Հանդիպեցիք ավտոկանգառում։ Պարզվեց՝ շատ ենք առել...Որոշեցինք մեր բնակարանում ստեղծել «բառ»։ Սեղանն էլ ունեինք։ Մի քանի րոպեից այն լցվեց։ Հետո էլ՝ հո մենակ չէինք խմելու։ Ու մինչև ես կգնայի սպորտսրահ մի քիչ մարզվելու, մինչև եկա՝ Չիլիական կաբերներ–շավինյոնս արդեն կեսին էր հասել...

Կա չէ՞ մարդկանց տեսակ, որ իրենց զանգես, նույնն է, թե ևս մի 12 հոգու։ Քեյսին ճակատագրական սխալ էր կատարել ու զանգել էր իր մտերիմ ընկերներից մեկին՝ Դաստինին՝ արի խմելու։ Դաստինն եկել էր իր ընկերուհի, յոգայի ուսուցիչ Ջեյնի հետ, Ջեյնը զանգել էր Թրոյին ու Աննային, Դաստինն էլ ճամփին վերցրել էր մի հատ աղջկա, որ եկել էր երկու մեծ շնով, որն էլ իր հերթին հրավիրել էր մի հատ տղու, որ պայքարում էր համաշխարհային ջերմացման դեմ ու դրա համար չէր սափրվում...

     Ինձ ինչ՝ ես նորմալ էի, միայն թե չիլիական գինիս արագ էր սպառվում։ Ու քանի որ դուրս շատ էր գալիս, որոշեցի, որ ամենաշատ խմողը ես պետք է լինեմ...էդ ընթացքում շներով աղջիկը պատրաստում էր ինչ–որ կոկտեյլներ, ասում էր՝ բաղադրատոմսերը սովորել էր Իռլանդիայում։ Մենք էլ որպես տանտերեր, առաջին փորձողներն էինք...

     Ուղիղ կեսգիշերին ազդարարվեց՝ պարոնայք շնորհավորում ենք։ Այսօր պաշտոնապես դեկտեմբերի 1-ն է, 2007–ի ձմռան առաջին օրը։ Ու ձյուն չկա։ Խմեցինք այդ առիթով նույնպես։ Հետո՝ կենացների բովանդակությունը գնալով ավելի կիսադեպրեսային–քաղաքական էր դառնում, օրինակ, բոլոր 30 տարեկան չամուսնացած դեմոկրատների համար, ովքեր հասկանում են, որ Օբաման դժվար ընտրվի, բայց և համոզված են, որ առաջինը ԱՄՆ նախագահ կլինի սևամորթը, քան թե կինը։

     Դաստինի յոգոտ ընկերուհին անընդհատ պատմում էր տանտրայի, մոջոյի և այլ անհասկանալի բառերով բաների մասին,որ չէիր հասկանում, թե ինչ է՝ հոգեվիճակ, կամասուտրայի պոզա, թե ուղղակի ես էի խմած ու չէի կարողանում հասկանալ նրա անգլերենը...

      Քանի որ երկար ժամանակ շատ չէի խմել, ապա այդքան ալհոկոլ սպառելուց օրգանիզմիս արձագանքը ավարտվեց զուգարակոնքի հետ հաճախակի շփումներով և կիսաուշագնաց քնով։ Հիշում  եմ մինչև քնելս ասացի՝ տե կտեսնեք, վաղը ձյուն կգա։ Էս Ամերիկայում անգամ եղանակն է պլանավորված։ Բոլորը լսեցին, բայց ոչ–ոք չարձագանքեց, որովհետև Քեյսին այդ ժամանակ ամբողջ ուժով հայհոյում էր բնապահպան անթրաշին...

      Կեսօրին մոտ, աչքերս բացեցի սուրճի թարմ բույրից ու շատ ուժեղ սպիտակից...Դրսում խորը ձմեռ էր։ Սպիտակ։ Հանգիստ...Ճիշտ էի էլի...Ամերիկայում անգամ ձմեռն են ծրագրավորում։ Սուրճի փոխարեն պիցցա կերա, թեյ խմեցի ու նորից քնեցի...Երեկոյան զբաղված էի՝ գնալու էի Հիլարի Քլինթոնի նախընտրական արշավին մասնակցելու։ Հա, էդ առումով երեկոյան խիստ քննադատության ենթարկվեցի, բայց չեմ հիշում ինչի համար...կարծեմ՝ բոլորը դժգոհ էին նրա առաջարկված բժշկական ապահովագրության նոր ծրագրից։ Բայց դե ինձ ինչ..., հա, որ ասեցի «ինձ ինչ», կարծեմ դրա համար...

      Միով բանիվ, ինչպես կասեր մի խելագար գրաբարի–դասախոս լրագրող (հները կիմանան ում մասին է խոսքը)...Քո մոտ ինչ կա չկա բարեկամ, ձյուն կա՞... 


P.S. Հենց նոր շներով աղջիկը զանգեց։ Շները լուծ են։ Ինչ–որ մեկը նրանց գարեջուր էր խմացրել։ Քեյսին մի կես ժամ համոզում էր, որ շները, ինչպես նաև բոլոր ստամոքս ունեցող արարածները, լուծից չեն մահանում...գոնե միանգամից

Posted by lragrox at 03:58:22 | Permanent Link | Comments (6) |

Wednesday, November 14, 2007

Book Review: Գարի Կասպարովի նոր գիրքը

  Հենց հիմա կարդում եմ Գարրի Կասպարովի նոր գիրքը, որը կոչվում է «Ինչպես է կյանքը կրկնօրինակում շախմատին»։ Այն, ինչ կարդացել եմ, ուղղակի հրաշալի է։ Գրքի մասին մանրամասն կգրեմ դեկտեմբերին։ Կներեք, հիմա շատ բան կարդալու։ Առաջին հերթին դասերս։ Դեկտեմբերյան արձակուրդներին միանգամից երեք գրքի review կգրեմ։

 Ի դեպ, վերջերս դիտում էի Կասպարովի հեռուստազրույցը Բիլ Մոյերի հետ։ Չեմ կարողանում գտնել վիդեոն, որ տեղադրեմ։ Մի բան կարող եմ ասել՝ հարցազրույցը դիտելուց ես ուղղակի մինչև վերջին շունչս հպարտ եմ, որ հայ եմ (տեղյակ եմ՝ կիսով չափ հայ է, կիսով չափ՝ հրեա): Բայց նա ՄԻԱԿՆ է, որ ես վերջին մեկ տարում հպարտացել եմ, որ նույն ազգից եմ։

Posted by lragrox at 13:18:52 | Permanent Link | Comments (3) |

Saturday, November 10, 2007

DVD Review: Studio 60 on the Sunset Strip

Բոլոր նրանց համար, ովքեր սիրում են հեռուստատեսությունը։ Studio 60–ը անցած տարի ամերիկյան NBC հեռուստաընկերությամբ ցուցադրված այն եզակի սերիալներից, որը հետաքրքիր է, շատ խելացի, զվարճալի ու ամենակարևորը՝ հեռուստատեսության մասին։ Սցենարն ուղղակի ցնցող է՝ բարձրակարգ երկխոսություններ, հզոր դերասաններ...

Սերիալը պատմում է ամեն ուրբաթ հեռարձակվող մեկ ժամանոց ժամանցային հումորային ծրագրի մասին։ Ցույց է տալիս ներքին խոհանոցը՝ պրոդյուսերներին, սցենարիստներին, օպերատորներին, դերասաններին, հաղորդավարներին։ Մոտավորապես նույնը, ինչ 32 ատամն է անում, բայց ստուդիայում և մոտավորապես մի հինգ հազար անգամ պրոֆեսիոնալ։ Ուղղակի պետք է նայել, որպեսզի հասկանալ, թե ինչպես պետք է աշխատել։

Սցենարը խորհուրդ է տրվում հատկապես հեռուսատեսության ղեկավարներին կամ decision-maker–ներին, այսինքն նրանց, ովքեր որոշումներ են կայացնում։ Դիտեք, ու հասկացեք, ինչպես պետք է աշխատել ստեղծագործական խմբի հետ, ինչպես պետք է որոշումներ կայացնել ու քանի հոգով պետք է աշխատել։ Բացառիկ սերիալ, բացառիկ դերասանական կազմով և ուղղակի հանճարեղ սցենարով։ Ի դեպ, սցենարիստը Ահարոն Սորկինն է։ Իմ նոր կումիրը։

Ի դեպ, որևէ մեկը կարող է պատահմամբ տեսե՞լ է այս սերիալը։

Posted by lragrox at 13:59:17 | Permanent Link | Comments (0) |

Sunday, November 04, 2007

Մեկ կիրակի ու յոթ գավաթ սուրճ

Ամեն կիրակի իմ հարևան Քեյսին փոխում է սրճեփի ֆիլտրը, պատրաստում նոր սուրճ ու կեսօրին մոտ, երբ տենում է, որ ես համառորեն քնում եմ, միացնում է երաժշտություն։ Սովորաբար սկսում է քաունտրիից, հետո կամաց–կամաց անցնում է ռոքի, հետո՝ ավելի ակտիվ, ու ինչպես ասում է դասականը, վերջում.... «չեմ տեսնում Ձեր ձեռքեեերըըըը»...ես արթնանում եմ պանկից հինգ րոպե առաջ։ Բարեբախտաբար...

        Սուրճը նախկինում արագ էր վերջանում։ Սրճեփը տեղավորում էր ընդամենը երեք բաժակի պարունակություն։ Երեք կիրակի առաջ էր, որ ես ու Քեյսին գնացինք ու գնեցինք 12 բաժականոց սրճեփ։ Ու հիմա, իմ արթնանալուց ուղիղ տասը ժամ անց, ես դեռ խմում եմ առավոտյան սուրճը՝ իհարկե միկրավալնովկայի (սրա հայերենը ոնց է՞) մեջ նախապես տաքացնելով։

        Կեսօրից մի քիչ է անցած լինում, երբ ես ստանում եմ կամ զանգում եմ ԱՄՆ երկու բևեռները՝ Արևելյան ափ և Արևմտյան, այսինքն Լոս ու ԴիՍԻ, մարդավարի ասած՝ Գլենդեյլ ու Վաշինգտոն։ Իմ դիվանագետ ընկերը Վաշինգտոնում ամեն օր ընթերցում է մամուլը՝ հայկական, ռուսական և արևմտյան, դա նրա հիմնական աշխատանքն է։ Ես էլ նրա հիմնական ակնդիրն եմ։ Մամուլի լրաքաղը՝ թարմ սուրճով (2-րդ բաժակն է արդեն) ու բնականաբար ծխախոտով։

         Հետո ես հոգնում եմ քաղաքականությունից։ Միացնում եմ համակարգիչս, մի քիչ թափառում ինտերնետով, լցնում 3–րդ բաժակ սուրճս ու սկսում նամակներ գրել կամ պատաստխանել, որոնք կուտակվել էին շաբաթվա ընթացքում։

         Ժամը չորսի կողմերը Լոս Անջելեսի հերթն է։ Այնտեղ իմ ընկերը զբաղված է հեռուստաբիզնեսով, գիտի մարդկանց ու լուրեր փոխանակելու արվեստը։ Սովորաբար եթե զանգում է, ու սկսում է շատ–շատ դանդաղ ասել, «Ալոո», նշանակում է, էքսկլյուզիվ ունի...Հեռուստատեսության մասնագետ չէ, բայց բնական ինտուիցիա ունի (այո, դեռ մասնագետ չես, գիտեմ, որ կարդալու ես այս տողերը ու հիմա մի զանգի` դեռ դասի եմ)։ Սովորաբար ամեն ինչից դժգոհ է, բայց երբ գոհ է, շատ բարձր է խոսում՝ գիտեք, երբ որ եկեղեցիում ինչ–որ մեկը բարձր է խոսում, մի տեսակ «բասերը» շատ են լինում։ Այ, այդպիսի ձայն ունի իմ ընկերը։ Մի խոսքով 4-րդ սուրճը նվիրվում է նրան ու նրա միշտ փոփոխվող ծրագրերին և Գլենդեյլյան վերջին բամբասանքներին։

         6–ի կողմերը երևում են Քեյսիի կամ իմ այստեղի ընկերները՝ ֆուտբոլ նայելու։ Ամերիկյան ֆուտբոլ։  Կես ժամ նայելուց հետո իմ մոտ արդեն գլխացավ է առաջանում։ Քեյսին պնդում է, որ դա չուտելուց է։ Ես էլ՝ թե ինչու մինչև հիմա չցավեց, հենց սկսեցի նայել, էդ ժամանակ ցավեց։ Մի խոսքով, ընդհանուր հայտարարի չենք գալիս մինչ օրս։ Փոխարենը ես խմում եմ, արդեն կաթով, իմ 5-րդ սուրճը ու արդեն իմ սենյակում ինտերնետով նայում եմ իմ սիրած ամերիկյան ֆիլմերն ու սերիալները, որոնք բաց եմ թողել շաբաթվա ընթացքում։

         Մի երեք ժամ նայելուց հետո, գալիս է իմ դասերին նախապատրաստվելու ժամանակը։ Այդ ժամանակ ես պատրաստում եմ իմ վերջին՝ 7–րդ սուրճը, անջատում եմ iPod–ը, անջատում եմ iHome–ը, անջատում են բջջայինս ու....ինչպես միշտ՝ այս անգամ էլ իմ բլոգում եմ սկսել գրել։ Հոգ չէ, այնքան  սուրճ եմ խմել, որ դեռ մինչև կեսգիշեր, դեռ ավել էլ կդիմանամ։ Հետո էլ՝ ոնց–որ Քեյսին պիցցա է պատվիրում...դա նշանակում է դեռ հյուրեր ենք ունենալու գարեջրով։ Այնպես որ, ինչպես միշտ՝ կպարապեմ դասի գնալուց առաջ՝ առավոտյան վեցին։

Ինչպես էր քո կիրակին բարեկամ ։)


P.S. Անշուշտ ոչ բոլորն կիրակիներն են իրար նման։ Ընդհակառակը, ամեն կիրակի տարբեր է։ Հիշատակվում է այս մեկը, հաշվի առնելով հանգամանքը, որ բլոգը կարող են կարդալ նաև անչափահասներ։)))))) Ամեն դեպքում մի բան անփոփոխ է՝ սուրճի քանակը։

Posted by lragrox at 04:45:48 | Permanent Link | Comments (3) |

Friday, November 02, 2007

Բրիտնի Սպիրսն ու Հայաստանը

Այսօր էր, թե երեկ կարդացի հոդված, որտեղ լրագրողի ասածը հետևյալն էր՝ թե վերջերս, ինչ Լևոն Տեր–Պետրոսյանը հայտարարել է իր առաջադրման մասին, ոչ ոք այլևս Հայաստանի մասին չի գրում, որովհետև սպասում են իրադարձությունների զարգացմանը։ Ու մեկ էլ, թե վարչապետի այցը ԱՄՆ–ում և Ֆրանսիայում չեն լուսաբանել, քանի որ իրադարձություն չէր և հետո էլ՝ ԼՏՊ–ի հայտնվելուց հետո նա արդեն թիվ մեկ նախագահացուն չէ։

Հասկանալու համար, թե ինչու է Ամերիկյան մամուլը կամ Արևմտյան մամուլը լռում, գոնե պետք է ապրել այնտեղ։ Ու տեսնել, որ իրականում ախր մեր Հայաստանը էնքան աննշան, էնքան անհետաքրքիր թեմա է, որ ոչ մի նորմալ լրատվամիջոց չի անդրադառնա դրան։ Մեզ բոլորիս, ի ծնե թվում է, թե մենք յուրահատուկ ենք ՄԱԿ–ի անդամ մյուս 117 երկրներից։ Բայց ախր դա այդպես չէ։

Իսկ ինչ պետք է գրի Արևմտյան մամուլը՞՝ որ ևս մեկ թեկնածու է հայտնվել, որ հանրահավաք է եղել, թե որ առաջին նախագահը էլի ուզում է նախագահ դառնալ։ Դա այս պահին տեղի է ունենում աշխարհի գոնե մի 30 երկրում։ Որ մեկի մասին գրի։

Ուզում եք իմանալ կոնկրետ Ամերիկյան մամուլը ինչի մասին է գրում. այս շաբաթվա թեմաներն են

  •  Բրիտնի Սպիրսի նոր ձայնասկավառակը «Blackout»
  • Հուգո Չավեսի նոր ձայնասկավառակը
  • Դեմոկրատների բանավեճը NBC-ով
  • Ի վերջո այս շաբաթ Հալոուինն էր....
  • Վրաստանի հանրահավաքները
  • Իրաքը, որպես հավերժ հրատապ թեմա

Վերջերս զրուցում էի Պետդեպարտամենտի մի պաշտոնյայի հետ։ Գիտեք ի՞նչ ասաց. որ ամեն օր Վաշինգտոն է գալիս 5-10 Պետական պատվիրակություն։ Հիմա պարզ է՞, որ հայկական թեման ամերիկյան մամուլով կլուսաբանվի այնքան ժամանակ, մինչև Հայաստանում տեղաշարժ լինի։ Իսկ դա կլինի առավելագույնը փետրվարին։ Մինչև այդ, ոչինչ մի սպասեք։ Իսկ փետրվարին էլ՝ գուցե փոքրիկ մի պարբերություն չորս նախադասությամբ։ Ինչ վերաբերում է ռուսական լրատվամիջոցներին, ապա նրանց մասին ուղղակի ամոթ է խոսելը...

Posted by lragrox at 14:24:49 | Permanent Link | Comments (5) |

Sunday, July 15, 2007

Գլենդել. Կարոտի հորիզոնները կիսավիշտ են, կիսահույս

Հոգնել եմ արդեն Գլենդեյլից: Տարօրինակ քաղաք է: Ու տարօրինակ զգացումներ է առաջացնում: Նախ` համարվում է ամենաանվտանգ քաղաքներից մեկը: Շատ մաքուր ու անվտանգ: Հետո` հայաշատ: Շատ են տարբեր անկյուններից այստեղ ապրող հայերը:

Առաջին շաբաթներին սկսեցի շատ հաղորդակցվել հայաստանցիների հետ: Նախ` կուլտուրան էր մոտ, հետո` լեզուն: Ընդ որում, ասելով հայաստանցի, նկատի ունեմ երևանցիներին: Երևանցիներ այստեղ շատ կան` երգիչների, դերասաններ, ռեժիսորներ, լրագրողներ: Ով ուզեք: Բայց գիտեք ինչն է հետաքրքիր. որ ապրելով Ամերիկյանում, դեռ խոսում են Հայաստանի իրենց կյանքի մասին: Իրենց հայաստանյան արկածների մասին: Ու եթե գործ էլ անում են,ապա համեմատվում են Հայաստանում կատարված աշխատանքի հետ: Համեմատվում են հայաստանյան գործընկերների հետ:

Երկրորդ թեման` Հայաստանը քննադատելն է ու աղքատության մասին խոսելը: Կարող են այս մասին ժամերով խոսել` առանց կանգառի: Շատ են խոսում իրենց վարկերի ու պարտքերի մասին: Ու պարտադիր հայհոյում են Ամերիկան: Կարծես` նրանց զոռով են այտեղ բերել: Հա, որ խոսում են` ձայնի ինտոնացիայի մեջ այնքան մուննաթ կա, որ չես հասկանում, թե ում վրա է նեղացած:

Չգիտեմ, բայց անավարտ բան կա նրանց կյանքերում: Անցյալը մի տեղ է, ներկան մեկ ուրիշ, ու չեն էլ պատկերացնում իրենց ապագան: Երբ հարցնում ես ծրագրերից, ապա կմկմոցով մի բան են ասում կամ էլ Հայաստանյան այցի մասին են պատմում:

Իրենց լեզվապաշարում շատ են օգտագործում անգլերեն բառեր, բայց երբ տեղը գալիս է անգելերն խոսելու, պարզվում է լեզուն չգիտեն ու շատ են զարմանում, որ դու գիտես: Հետո` զարմանում են, որ ամերիկյան հեռուստատեսություն ես նայում, ոչ թե հայկական, հետո` հարցնում են, թե ինչու ես անգլերեն գրքեր կարդում, կողքի խանութում տեղեկացնում են, որ Սևակ են վաճառում…

Ու զարմանալին այն է, որ էլի եմ կրկրնում` համեմատվում են Հայաստանի հետ: Այն դեպքում, որ մի քանի փողոց այն կողմ Հոլիվուդն է` համաշխարհային շոու-բիզնեսի սիրտը, այն դեպքում, երբ ապրում են աշխարհի ամենահզոր պետությունում:

Երկակի զգացումներ է առաջացնում այս քաղաքը` մի կողմից կարծես ԱՄՆ-ում ես, բայց մյուս կողմից` միայն հայերեն ես լսում: Հիմա էլ սրճարանում նստած գրում եմ: Հարևան սեղաններին հայերեն խոսակցություններ են: Անցնող մեքենաներից` հայերեն երաժշտություն: Երեխան լացում է հայերեն: Փոստատարը հայ է: Ծառեր խնամողը` հայ: Քաղաքապետը` հայ: Կարծես Հայաստանն է: Էս առիթով Շուշոյի երգի բառերը հիշեցի, ոնց որ հենց էս գրածիս ու գլենդելահայերի համար լինի. կարդացեք ու գրեք ձեր ռեակցիան էս ամենին...

կես կարոտ, կես պատրանք / ծիսական, կիսակյանք / կիսասիրտ, գոյության հպատակ / կես բախտին հակառակ / կիսացավ տառապանք / կիսակիրք կիակամք ժամանակ / կեսերի, կեսերի / կիսափառք հաղթանակ / խելահեղ աշխարհի արձագանք

հեռացել եմ, մոռացել եմ, կիսաերգը, կիսալաց / կարոտի ծիածանները երկնքում չեն հորինված / կարոտի հորիզոնները կիսավիշտ են, կիսահույս / կարոտի հայելինները կիսամութ են, կիսալույս

կարոտի փոթորիկները անցյալին են դիմադրում / կիսամերկ մեր հոգիները վարարում են, ոլորվում  / կեսգիշերը հեռանում է, կիսատ օրը լուսանում / կարոտի անհուն ծովերը կիսատ կյանքն է մեզ ներում: 
Posted by lragrox at 14:23:30 | Permanent Link | Comments (5) |
1 2