Thursday, May 08, 2008

Լուրեր երկրային ու երկնային

Ուրեմն սկզբից։
Դե, բարև իմ շատ սիրելի, հավատարիմ ու վիճակագրության համաձայն՝ 70-80 ընթերցող։ Վերջին գրառումս չհաշված, երկար ժամանակ է ոչինչ չէի գրել։ Ու ոչ այն պատճառով, որ չկար գրելու, այլ ընդհակառակը՝ կյանքը խիստ հագեցած էր ու բլոգելու ժամանակ չկար։ Հիմա, խտությունը թուլանում է, շունչ առնելու ժամանակ կա։

Այս տեքստը հասկանալու համար, մինչև ընթերցելը, արեք այն, ինչ հիմա ես եմ անում, որպեսզի հետո իրար հնարավոր լինի հասկանալ։ Ուրեմն, ծխում եք մի քիչ մարիխուանա, լցնում ենք սպիտակ շարդոնեն(իմ գինի ավստրալիայից է, ձերը կարող է ֆրանսիական, վրացական լինել, կամ Վերնաշեն՝ թեկուզ Մարտունու արտադրության), վառում եք American Spirit 100-անոց non-addictive ծխախոտը (տուփն արժե վեց դոլար, դրա փոխարեն կարգին բան ծխեք), հարմարավետ տեղավորում եք ձեր լապտոտը ու....roll down...իջեք հաջորդ պարագրաֆին...։

Համակարգչի մասին խոսք գնաց։ Դեռ առաջին օրվանից, ինչ եկել եմ Ամերիկա, գրեթե երկու տարի մտածում էի՝ երանի էն օրը, որ պետք է նոր լապտոպս գնեմ։ Դե ես արդեն Toshiba–ս ունեի, բայց մտածում էի ավելի հզորը գնելու մասին։ Մոտ երկու տարի շուկան ու առաջարկներն ուսումնասիրելուց հետո ես գնցի ԱՅՆ՝ MacBook Pro՝ Machintosh ընկերության, ահավոր լավ, կարգին թանկ, գժժանոց համակարգիչ է։ Once you go Mac, you never go back!!!!!,– պնդում է հայտնի ասացվածքը։

Ուսման մասին՝ ստացել եմ բոլոր հնարավոր դիպլոմները, կոչումները, արտոնագրերը, ինչ հնարավոր էր, այդ առիթով խմել եմ բոլոր հնարավոր տեկիլաները ու հիմա արդեն պերմանենտ հարբուխի մեջ եմ...Մի բան միայն նկատեցի՝ այստեղ ավարտելիս, մարդիկ իսկապես իրար շնորհավորում են։ Ու գիտեք ինչո՞ւ, որովհետև գիտեն կրթության արժեքն ու գինը, բառի բուն և փոխաբերական  իմաստով։ Շնորհավորում են՝ որովհետև դա իսկապես ծանր աշխատանք է, որովհետև զուգահեռ աշխատել են, շատ–շատ փող, ժամանակ, նյարդեր են ներդրել. կրթությունը խիզախություն է պահանջում, դա լրացնելու բացը՝ իմաստնություն։ Հենց դրա համար են շնորհավում՝ քո գիտակից ընտրության ու դրա հետ ապրելու ու ավարտելու քաջության...

Հայաստանի մասին՝ հայաստանյան լուրերը ինձ նարկոման են դարձնում։ Ես դրանք կարդում եմ միայն այն ժամանակ, երբ ուռած եմ։ Հիմա արդեն մտածում եմ՝ գուցե օրաթերթերից անցնեմ շաբաթաթերթերի, գուցե էդ ժամանակ քիչ կուռռե՞մ։ Մի խոսքով, հայրենիքից ստացվող լուրերը ուղղակի զվարճալի են թյուրիմացության աստիճան։ ԼՏՊ—ի ֆետիշը, պարտիզանական հասարակությունը, սիկտիրչի կառավարությունը և ընդհանուր առմամբ տրագիկոմեդիա հիշեցնող ու առանց դադարի ու մեկ արարով շարունակվող հայաստանյան կյանքը առավել քան երբևէ գրավիչ է արտերկրում երկու տարի սովորած ուսանողին վերադառնալու համար։ Ոիժեղ ստիմուլ։ Կարոտս հիմա եմ զգում։ Իմ ընկերներից մեկը, որին այնքան շատ եմ մեջբերում, որ արդեն գրեթե դասական է դարձել, այս առիթով հեռախոսազրույցի ժամանակ նկատեց.«Գուցե սա ժողովրդավարության տեսանկյունից բութ երկիր է, բայց այստեղ ամենալավ զվարճանալու վայրն է»։

Երկար մտածելուց հետո ես մեր կառավարությանը երկու երաշխավորագիր ունեմ։

ԱՌԱՋԻՆ. Ամերիկայում հրատարակվում է ուղեցույցեր մի սերիա՝ ասենք Apple համակարգիչ օգտվողների համար, սկսնակ ճանապարհորդողների կամ խոհարարների։ Գրքերը կոչվում են "Mac for dummies", "Adobe for Dummies", "Marriage for Dummies"...Dummies–ը հենց ապրանքանիշն է, թարգմանաբար նշանակում է բութ կամ դեբիլ, բայց մի տեսակ փաղաքշական իմաստով։ Ես մտածեցի, որ օրինակ Մուկին կարելի է նվիրել "Presidency for Dummies" Գիրքը, Տ. Սարգսյանին "Government for Dummies", Ազատիչին "Democracy for Dummies", Աղվան Հովսեփյանին "Justice for Dummies"....Արթուր Բաղդասարյանին "Ass-kissing for Dummies"....Հիշեցրի, հիմարիկ,–ավելի ճշգրիտ թարգմանությունը։

Երկրորդ՝ Ես վերջերս մի հատ ֆիլմ եմ նայել, որ շատ հիշեցնում է էսօրվա Հայաստանը։ Ֆիլմը կոչվում է Idiocracy (Հիմարապետություն)։ Ժանրով ֆանտաստիկ է, բովանդակությամբ՝ խիստ արդիական։ Այն  մասին է, որ հերոսը իրեն հայտնաբերում է 30 տարի անց ու պարզվում է, որ բոլորը այնքան են բթացել, որ ամեն ինչ ոտքից վայր հակառակն է։ Խորհուրդ եմ տալիս անպայման նայել, հատկապես դատավարության հատվածը։

This is pretty much it. My next installation to the blog will be next week. I'll keep you very much posted about what's going on in my head, around me and across the world. TTYL (talk to you later)

xoxo
L.


Posted by lragrox at 16:50:03 | Permanent Link | Comments (0) |

Wednesday, April 02, 2008

Գեներալ Մանվելն ու Բուրատինոն

Անկեղծ` հոգնել եմ հայաստանյան իրադարձություններին հետևելը: Ոչ այն պատճառով, որ ավելի "ամերիկացի" եմ դարձել, այլ ուղղակի ամեն ինչ ձանձրալիորեն կանխատեսելի է դառնում: Ու որքան գնում, այնքան ավելի զավեշտանում է:

Նախ ամենավտանգավոր երևույթը` ժողովուրդը պարտիզանական պայքարի է դուրս եկել: Այսինքն, էն հոգեվիճակում է, որ բացահայտ չի կարող պայքարել, բայց մի քանի հոգով ու թաքուն կարող են "խմբակների" միջոցով մանր-մունր արդյունքների հասնել:

Երկրորդ` ընդդիմադիր տրամադրություն ունեցողները ու անգամ ոչ-ընդդիմադիրները մտածում են, թե իշխանությունը բութ է: Իշխանության հետ կարելի է չհամաձայնել, չընդունել, ատել, բայց ոչ մի դեպքում մտածել, թե այն տխմար է: Այդ տպավորության առիթ կարող է լինել վերջին շրջանի ոստիկանության վարքից` անկապ ձերբակալությունները, ստորագրություն վերցնելը և այլն:

Այս ամենի արդյունքում կորում է ամենակարևոր բաղկացուցիչը` հարգանքը միմյանց նկատմամբ: Ոստիկանությանը, անկախ թերություններից, պետք է հարգեն, իշխանությանը, նույնիսկ ամենաոչ ներկայացուցչականին, պետք է հարգեն, ու վերջապես` ժողովրդին պարտավոր են հարգեն:

Դրա փոխարեն Հայաստանի և իշխանությունը և ընդդիմությունը իրեն պահում է գավառական դեբիլի պես` երբ հյուր է գալիս, իրենց զսպում են, որ հետո` ավելի այլանդակ դառնան:

Չգիտեմ ինչպես, բայց վերջին շրջանում որևէ խելացի միտք Հայաստանից չի արտահանվել: Ոչ մի խելացի տող լուրերում չի հայտնվել: Թե ոնց Մանվել Գրիգորյանը, դեբիլ-մարդակեր-գեներալից վերածվեց քաղաքացիական ազատությունների պաշտպանի ու հալածվողի` լուրջ, չհասկացա:

Բուրատինոյի ֆիլմում ավելի հետևողական տրամաբանություն կա, քան այսօրվա Հայաստանում:
Posted by lragrox at 13:28:13 | Permanent Link | Comments (0) |

Sunday, March 09, 2008

Ընկերովի մահը՝ հարսանիք է՝ էշություն, իսկ ընկերովի դժբախտությունն ինչ է

Այս օրերին բոլոր հայերը իրարից ճշտում են, թե ով որքանով է ազդված վերջին իրադարձություններից, ով ի՞նչ է զգում այս առիթով ու ամենակարևորը՝ ով ինչպիսի առոգանությամբ ու շեշտադրությամբ կասի՝ ինչ է լինելու սրա վերջը։ Ու մարդիկ ոչ թե կիսվում էին լուրերով, այլ տպավորություններով։

Առաջին մի քանի ժամն ու մի քանի օրը դեռ տանելի էր։ Հիմա արդեն ձանձրալի է դառնում։ Զանգվածային պսիխոզը կարծես ինտերնետով ու շնչառությամբ արագ տարածվում է։ Իմ վաշինգտոնյան ընկերն ամեն օր Youtube—ի վիդեոյի լինկ է ուղարկում՝ էլ. նամակի վերնագիրն էլ դնելով՝ «Եվս մեկ ապացույց, որ ոստիկանությունը կրակել է», «Տես ինչպիսի դաժանություն էր տիրում»...

Ես արդեն հոգնել եմ պատասխանել իմ ամերիկացի ընկերների ու դասախոսների նույն հարցերին՝ ինչպես ես, հո վատ չես զգում, եթե ցանկանաս խոսել, ապա ասա, չամաչես, մտածում ես ԱՄՆ–ում մնալու մասին, իսկ գուցե մնաս.....

Բոլորը ազդված են։ Բոլորը ցավում են։ Իսկ ես՝ ոչ։ Քարացել է մի տեսակ սիրտս։ Չեմ էլ հետաքրքրվում արդեն լուրերով։ Չեմ էլ մտնում էդ լևոնական «ընդհատակյա» սայթերն ու թերթերը....ու գիտեք ինչո՞ւ. որովհետև հասկացել եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ մարտի 1–ին, էլի է լինելու, էլի են կեղծելու, էլի է ընդդիմությունը դուրս գալու փողոցներ։ Հասկացել եմ, որ մեր երկրի ընթացքն ու ճակատագիրն է այդպես լինելու՝ մենք ունենալու ենք կիսաֆեոդալական երկիր, դաժան ղեկավարներով, ապուշ հարուստներով, տգետ պատգամավորներով ու վաճառված ընդդիմադիրներով։ Ու ոչ ոք այս ընթացքը չի կարող փոխել։ Ու սենց էլ երևի մի 100 տարի կգնա։ Ու դրա համար որոշել եմ ուղղակի ապրել։ Ապրել իմ ամերիկյան հոգսերով, ծրագրերով։ Իսկ Հայաստանի մասին՝ դեռ 100 տարի կա, կհասցնեմ մտածել...

Posted by lragrox at 22:33:42 | Permanent Link | Comments (1) |

Saturday, March 01, 2008

Ականատեսների վկայությամբ

Այսօր Հայաստանի գործնականում անհնար է որևէ տեղեկատվություն ստանալ։ Առաջարկում եմ իմ բլոգն օգտագործել Ձեր տեսածը, Ձեր լսածը այստեղ փոխանցելու համար։ Բոլորս էլ անհանգիստ ենք ու առաջին հերթին մտահոգված՝ մարդկային կորուստներով։

Comment բաժնում տեղադրեք Ձեր նոթերը, դրանք անմիջապես կհայտնվեն հիմնական էջին մի քանի րոպեից։ Եթե կա վիդեո, ապա մեծ սիրով դրանք էլ կտեղադրենք։


Եվ այսպես. Վկայություն Առաջին.

Մամուլի շենքի մոտ արյան հետքեր կան, հենց արձանի առջեւ... պատկերացնում ես առավոտը օպերայից մի խումբ փախել հասել են էդտեղ, բայց ոստիկանները բռնել են ու հենց ՄԱՄՈՒԼԻ ՇԵՆՔԻ ԱՌԱՋ գլուխները ջարդել...

Մի քանի րոպե առաջ վերադարձա Մյասնիկյանի արձանի դիմացի բարիկադների մոտից... ծխի հոտ էր գալիս, պատերի տակ ոմանք շշերի մեջ բենզին էին լցնում, մյուսները չրթում, գրեթե բոլորի ձեռքին երկաթից ձողեր էր, աչքերում` սպիտակ տենդ...

Մյասնիկյանի արձանի տակից Նիկոլի ձենն էր լսվում` հիմա-հիմա... մեկն էլ երգում էր` խեղճ մշեցին... հետո անցա հրապարակի կողմը` ամբողջ Հանրապետության հրապարակը լիքն էր` ոնց որ զինվորականների հանրահավաք լիներ... ուրիշ մարդ չկար... զինվորականներ-ավտոմատներով ու շտիկնոժներով, դուբինկաներով, վահաններով ու նույն հիվանդ տենդը աչքերում...

Հայերի ավանդական երկրորդ հարցի -ոնց էս-ի փոխարեն, բոլորը բարեւից առաջ էլ նույն բանն էն հարցնում` բա հիմա ինչ ա լինելու... իհարկե Վարդենիկ գյուղի չոբանը, կամ Մալացիայից եկած մի դախլչի ինչ որ բան ասում է, որ լսել է իր հորողպոր տղու հարեւանի լավ ընկերոջ աներձագից, բայց էդ տարբերակները լսելուց հետո, մարդիկ ուղղակի նոր սիգարետ են կպցնում, երեւում ա` հարցի պատասխանը չստացան, կամ չհավատացին...

Վազգեն Սարգսյանի փողոցում չարագուշակ լռություն էր արցունքաբեր գազ բոց թողելուց առաջ, բոլոր լրատվամիջոցների լռությունը ավելի բեթար ա...դե հեռուստատեսությունները-պարզ ա, Քոչարյանի վերջին ասուլիսը դիտելիս հեռուստադիտողիս մոտ տպավորություն էր, որ սապոնի հոտ է գալիս, ազատություն-ը օրը երկու անգամ է, էն էլ կեսը անջատումներով, իսկ ինտենետում` Ա1 ծանրաբեռնված-մեռած ա, մյուսները նույնպես… ես գիտեմ լիքը մարդկանց, որ Ադրբեջանական DAY.az-ից են նորություններ փորձում գտնել, գտնում են...

Posted by lragrox at 15:39:32 | Permanent Link | Comments (0) |

Wednesday, February 27, 2008

Մեր հոգսերի փետրվարը

Դաժան ամիս էր, դաժան ձմեռ էր...

Բան ու գործներս թողած հետևում ենք, թե ի՞նչ է կատարվում Հայաստանում։ Տագնապով։ Մեծ անհանգստությամբ, որովհետև հանրային համակարգը, իշխանություն–ընդդիմություն հարաբերություններն այնքան վայրի են, որ արյունահեղությունը գրեթե անխուսափելի է։ Այս պահին նույնիսկ անիմաստ էլ է որևէ վերլուծություն անելը, փնտրելը...ուղղակի շունչներս պահած կարդում ենք իրադարձությունների զարգացմանը։ Ու աղոթում՝ որ հանկարծ որևէ մեկին չսպանեն, որևէ մեկին հաշմանդամ չդարձնեն, որ երկիրը այս ալեկոծումից շահի, ու ոչ թե կորցնի, որ տարաձայնությունը չդառնա ատելության ու թշնամանքի պատճառ, որ յուրաքանչյուրը՝ ամենաճակատագրական պահին զգա չափն անցնելու սահմանը։

Սոսկալի է, երբ հասարակությունն այսքան երկփեղկված է։ Երկրները կործանվել են առավելապես հենց ներքին անհամաձայնության պատճառով ու ոչ թե արտաքին աշխարհի հարվածներից։ Այսօր մենք հենց այդ եզրին ենք՝ երբ կարող ենք շահել այս ամեն ինչից կամ ամեն ինչ կորցնել...

Ես ինձ համարում եմ ոչ լևոնական, ոչ սերժական, երկուսի ելույթներում եմ ճշմարտություն տեսնում եմ, երկուսի շրջապատի մարդկանցից զզվում եմ, երկուսին էլ հարգում եմ։ Աղոթենք, որ բոլոր նրանց, ովքեր կարող են որոշում ընդունել, ընդունեն այնպիսի որոշում, որ երկիրը չկործանեն...Եկեք աղոթենք, որովհետև հայրենիքից հեռու ոչնչով չենք կարող օգնել...

Posted by lragrox at 13:17:26 | Permanent Link | Comments (1) |

Friday, January 25, 2008

Happy Birthday to me...

Արդեն խմած...թախծոտ, ուրախ, կարոտած ու ընկերների հետ....iPod–ը հետս, Ford–իս մեջ, ձմեռվա մեջ, քամու երակները պատռելով, տիեզերքը փնտրելով ....ինչ–որ մեկի հետ, ինչ–որ տեղ ես ապրում եմ իմ ծնունդը...

Բջջայինս ճղում  է, անընդհատ Messages....ամեն մեկը մի բան է գրում՝ ավելի երկար, ոնց–որ թե օրիգինալ...բայց դե ում են պետք է ուրվականների հաղորդագրությունները...հենց իրենց երևի...

Արևածագն ավելի կարևոր է, ուրվականներ՝ հեռացեք, թողեք ապրեմ, գնում եմ բառ՝ տրամվայով....

Շարունակելի...եթե ուժ ունենամ, կամ խելք

12 Ժամ անց

Նախ՝ նախաբանը գրել եմ հունվարի 24-ի լույս 25-ի գիշերը...Մեր հարևանությամբ մի հատ բար կա, այնտեղ գնացի, խմեցի ու տեղում էլ գրեցի։ Ի դեպ, այս տարվա լրագրողական պաշտոնական խմիչքն է՝ Red Bull Vodka։ Ուրեմն, վերցնում եք սովորական Ռեդ Բուլը՝ 50 գրամ, խառնում 75 գրամ օղիով և խմում սառույցով։ Անմահական է։

Լավ, քանի որ անվանակարգերից խոսք գնաց ապա, հրապարակեմ ցուցակը։
Այս տարի ես լսում եմ ու դեռ կլսեմ ու նաև ձեզ եմ խորհուրդ տալիս լսել. 

Maroon 5 (օրը մի քանի անգամ)
Fall Out Boy
Collective Soul
Amy Winehouse (հանգստյան օրերին և սեքսի ժամանակ)
Red Jump Suit
The Last Goodnight (Pictures of you երգը սպանում է)
Rooney
Leny Kravitz
Linkin Park (նոր ալբոմը)
Corey Taylor

Հայերից, սրտի մեծ կսկիծով, բայց արդեն զզված հրաժեշտ եմ տվել Հայկոյին։ Հիմա լսում եմ Նառա և Արամե։ Եթե ունեք ավելի լավ առաջարակներ՝ համեցեք։

Սերիալների տասնյակը մի քիչ փոխվել է։ HBՕ–ն հաղթեց ABC-ին։ Եվ այսպես, եթե հնարավորություն ունենաք դիտեք

Entourage
Deadwood
One Tree Hill
Grey's Anatomy
Friday Night Lights
The Tudors
Dexter
Gossip Girl
Riches
Dirt

Կինոներից կարող եմ ընդամենը թվարկել թե ինչ եմ պատրաստվում դիտել
Juno
No country for old men
There will be blood
Elizabeth. Golden Age
Բոբ Դիլանի մասին ֆիլմը, անունը չեմ հիշում։

Իսկ հիմա ծնունդիս մասին։ Գլխավոր իրադարձությունն իհարկե իմ ամենամոտ ընկերոջս՝ Արամի ժամանումն էր Վաշինգտոնից։ Էդ առիթով շատ խմվեց ու «ուրախացվեց»։ Ծնունդը մեկնարկեց ուրբաթ երեկոյից մինչև կիրակի հետկեսօր, երբ Արամը նստեց օդանավ։

Գլխավոր երեկոյին հատուկ «համերգով» բոլորին զարմացրեց և հատկապես Արամին իմ հարևան Քեյսին՝ էնքան էր խմել, որ գոռալով Ջոնի Քեշ էր երգում, հետո ուզում էր ըմբշամարտի մրցույթ անցկացնել, հետո՝ իր պատրաստած ու դեռ անպատրաստի գարեջուրն էր բոլորին հյուրասիրում։ Դրան գումարած հաճախակի փսխելն ու մարիխուանան....մի խոսքով, հաջորդ օրը Քեյսին արթնացավ ամբողջ դեմքը կարմիր։ Պնդում էր, որ թանից է՝ ասում է շատ խիտ էր, օրգանիզմը սովոր չէր, դրա համար ալերգիա էր տվել...

Եվ ամենակարևորը՝ ես որքան էլ իմ երևանյան ընկերներին բացատրեմ ժամային տարբերությունը, միևնույն է՝ նրանք զանգում են երբ իրենց հարմար է։ Արդյունքում, ես այս ուիկ–էնդին քնեցի ընդամենը 2-3 ժամ, որովհետև հենց «աչքս կպնում էր»....էլի զանգ։ Ես չգիտեի, որ էդքան մարդ կարող է ցանկանա իմ ծնունդը շնորհավորել։

Հա, ի դեպ, 30 տարեկան դարձա։ Էդ առիթով շնորհավորանքները մի տեսակ ցավակցություն էին հիշեցնում։ Անընդհատ հարցնում էի՝ լավ ե՞ս, շատ ես տխո՞ւր...Ախր, անկեղծ ասած, չեմ էլ մտածել այդ ուղղությամբ, հետո՝ 30—ը ինչի արդեն ծերության նշան է՞...Ինձ թվում է, որ տղամարդը տարիքի մասին պետք է մտածի միայն այն ժամանակ, երբ այլևս Վիագրան չի օգնում։ Մինչև այդ՝ այն տարիքի ես, ինչ զգում ես,– պնդում է ժողովրդական ասացվածքը։

Այսքանը։ Մեզ մոտ խորը ձմեռ է։ Անընդատ ձյունում է, ամենուր սպիտակ է։ Red Bull Vodka–ն շատ պահանջված է այս օրերին...

Posted by lragrox at 01:07:55 | Permanent Link | Comments (4) |

Sunday, January 20, 2008

Իմ հարևան Քեյսին

Բացի նրանից, որ իմ հարևան Քեյսին իր պահարանում մարիխուանայի պարտեզ ունի և իր նջասենյակից տարածվող բույրը հիմա ամբողջ բնակարանով է, հիմա էլ որոշել է, որ շատ փող է վատնում գարեջրի վրա։ Ավելի շուտ՝ ես ասացի, թե հերիք է խմես գարեջուր, այն իմաստով, որ կգիրանաս։ Նա էլ հասկացել է, թե հերիք է փող ծախսես գարեջրի վրա։

Երեկ գնաց ու գնեց գարեջուր արտադրելու հատուկ սարք։ Հիմա էլ գարին է լվանում, որ թթվեցնի։ Ընդհամենը մի դարակ ուներ հագուստի համար, դա էլ կօգտագործի գարեջրի համար։ Հագուստն էլ՝ բացի պահարանից ամենուր է։ Ես մեկուսացել եմ իմ սենյակում և արգելել եմ նրան նույնիսկ ինձ հետ խոսել։ Մեր բնակարանը ոնց–որ կիսախելագար պրոֆեսորի կենտրոնակայան լինի...հյուրասենյակի կենտրոնում կավե ամանով հող՝ նոր է բերել մարիխունայի համար, խոհանոցում՝ նոր ու մեծ ճամպրուկ՝ ինձ են նվիրել ու չգիտեմ որտեղ դնել, հետս ման եմ տալիս բնակարանով, ինչպես շանը...էլ չեմ ասում մեր երկու հեծանիվները, անընդհատ աշխատող հեռուստացույցը, Քեյսիի սենյակից տարածվող բույրերը և քաունթրի երաժշտությունը, իմ դեդլայներն ու հոդվածները, որոնք ամեն օր որոշում եմ գրել, հետո ինչ–որ բան խանգարում է, մեր միակ բազմոցին քնող մարդիկ, որոնց իմ կամ Քեյսի ընկերներն են։

Հա, դրան գումարած մեքենաս փչացել է ու ես արդեն մեկ օր է տանից դուրս չեմ եկել։ Եվս մեկ օր, և սովից կմահանամ՝ որովհետև սնունդս վերջանում է։ Հա, մեկ էլ ես ու Քեյսին այսօր պետք է գնանք «Հարսնացուին» տեսնելու։ «Հարսնացուն» Macintosh ընկերության նոր համակարգիչն է։ Ամեն օր գնում ենք Best Buy, նայում ենք հարսնացուին, նոր բան հայտնաբերում, ու գալիս տուն ու պլանավորում, թե երբ ենք առնելու։

Քեյսին ասում է՝ եթե գարեջուրն ու մարիխուանան ծախենք, ապա կարող ենք երկուսիս համար էլ գնել։ Մարիխուանան կաճի մի երկու ամսից, գարին էլ կթթվի մի երեք։ Մի խոսքով, ինչպես ասում է հայտնի ապարանյան ժողովրդական իմաստուն խոսքը, հարգելի էշ, մի սատկիր...

Posted by lragrox at 09:26:41 | Permanent Link | Comments (0) |

Friday, January 18, 2008

«Ուրախ ավտոբուս»՝ ըստ ամերիկյան ու ամերիկացիներիով

Հավանաբար այս ուիկենդը ամենատարօրինակներից էր իմ ամբողջ ամերիկյան կեսնագրության մեջ։ Ամեն ինչ սկսեց մեր ֆակուլտետի Ջեյմս Կազինսկին։ Նա առաջարկեց վարձել ավտոբուս և մեկնել Վենդովեր, որը Յութայի «Լաս Վեգասն» է, ուղղակի դրա փոքր տեսակը։ Հա, գտնվում է Յութայի ամենածայրում և ըստ էության Նեվադայում է։

Երեք շաբաթ էլեկտրոնային փոստով բոլորիս զզվեցնելուց հետո, վերջապես խումբը ձևավորվեց։ Մենք 15 հոգի էինք։ Բոլորս էլ մագիստրատուրայի ուսանողներ, մի մասը՝ ասպիրանտներ։ Ավտոբուսում խմելը թույլատրվում էր։ Ամեն մեկը ինչ–որ խմիչք էր վերցրել։ Ես՝ իմ սիրած թեքիլլան՝ «1800»։ Եվ իհարկե լայմ՝ սա կարծես լիմոն լինի, բայց ավելի կանաչ է ու ավելի թթվաշ։

Մի խոսքով, խմելով գնացինք, քեֆ արեցինք, պոկեր, բլաք ջեք խաղացինք, առանց ձեռքերի տեքիլա խմելու մրցույթ կազմակերպեցինք, հետո՝ աչքերը փակ դեգուստացիա, հետո՝ անծանոթ մարդկանց հետ ավելի արագ ծանոթանալու ինչ–որ հիմար խաղ....։

Վերադառնում ենք։ Ամեն ինչ սկսեց Նիկը։ Ասաց՝ խաղում ենք խաղ՝ «ես երբեք երբևէ չեմ արել...» ու պետք է շարունակես։ Ով արել է՝ ձեռք է բարձրացնում, ով չի արել՝ խմում է։ Երևի հենց այդ ժամանակ կամ դրանից հետո ես հասկացա, որ իմ ֆակուլտետի ժողովուրդը մեղմ ասած տարօրինակ է։ Բոլորը ինձ առաջին հայացքից ու դեռ առաջին սեմեստրից թվում էին շատ կենտրոնացած, շատ ակադեմիական։

Նախ՝ ամեն մեկը գիտեր որ տարօրինակ է, բայց այդ մասին արտահայտվում էր ազատ ու հանգիստ։ Կարծես նորմալ լիներ։ Մարդկային, առավել ևս սեփական խենթության հետ այդքան համերաշխ մարդկանց դեռ չէի տեսել։ Դատեք ինքներդ։

Ջեյմս– Շաբաթ և կիրակի դիտում է ամերիկյան ֆուտբոլ։ Նորմալ է, ուղղակի քանի որ այդ ֆուտբոլը միանգամից երեք ալիքով է հեռարձակվում, ապա նա գնել է միանման երեք հեռուստացույց, դրել իրար կողքի ու միաժամանակ էլ նայում է։ Ինձ պատմում էր, թե որքան դժվար է ունիվերսալ հեռակառավարման վահանակով կարգավորել ձայները։

Օթըմ– Օթըմը, որ թարգմանաբար նշանակում է Աշուն, հմայիչ շիկահեր օրիորդ է։ Նշանված է։ Պատմեց, որ հանկարծակի է եկել առաջարկից, քանի որ այդ ժամանակ ուռած էր։ Երբ որ ուշքի է եկել, տեսել է, որ ձեռքին մատանի կա։ Հիմա չգիտի ինչ անել։ Տղային՝ ոչ այն է հավանում է, ոչ այն է չի հավանում։ Վենդովերում ցանկանում էր մատանին գրավ դնել, որ էլի պոկեր խաղա։ Մի կերպ չթողեցինք։

Նիկ– Իմ տպավորությամբ ամենաակադեմիական ասպիրանտը։ Պարզվեց սեքսոհոլիկ է։ Անընդհատ ցանկանում է սեքսով զբաղվել ու այդ պատճառով ոչ մի ընկերուհի չի դիմանում երկար։ Այդ մասին բարձրաձայն պատմում էր Օթըմին, որն էլ ավելի բարձր գոռում էր՝ «իզուր ես պատմում, միևնույն է սեքսով չենք զբաղվելու։ Քո քիչը իմ դուրը չի գալիս»։

Մայք– Ասաց, որ իր բնակարանի պատերը արդեն մի քանի տասնյակ անգամ ներկել է։ Պատճառը՝ երբ ուռռում է, ցանկանում է պատերը ներկել։ Հիմա որոշել է՝ այլևս ներկ չի առնելու։ Խորհուրդ տվեցի իմ բաղադրատոմսը՝ ուռռել և պաղպաղակ ուտել։ Ասաց՝ ներվեր չունի ծամելու։

Էնի– Հենց նոր  է ամուսնացել Դերեկի հետ։ Ամբողջ ճանապարհին գոռում էր՝ Դերեկ չհամարձակվես մրսել, հաջորդ շաբաթ փորձելու ենք երեխա ունենալ։ Հետո պատմեց, որ եթե հաջորդ երեքշաբթի սեքսով զբաղվեն, ապա տղա կլինի, եթե չորեքշաբթի, ապա աղջիկ։ Ես հարցրեցի՝ իսկ ինչու ոչ ասենք, ուրբաթ կամ երկուշաբթի։ Ասաց՝ հարմար չէ, բոուլինգ խաղալու են գնալու։

Հա, էդ ժամանակ խոսակցությանը խառնվեց Սառան, որն արդեն երեք տարի է ինչ ամուսնացած է։ Երեխա չեն կարողանում ունենալ՝ ամուսնու պատճառով։ Հիմա «սուրոգատ» հայր են փնտրում՝ առողջ ու առանց հոգեկան շեղումների։ Նիկը տեղից գոռաց՝ «ես պատրաստ եմ», ասացին՝ երկրորդ չափանիշով չես համապատասխանում, Ջեյմսն ասաց՝ երկուշաբթի կարող է գալ, էլի չհամաձայնեցին։ Ես ուշադիր լսում էի, մեկ էլ հանկարծ Սարան թե՝ «ի՞նչ ես անում հաջորդ շաբաթ, արի մեր տուն ճաշելու...»։ Թե ոնց հրաժարվեցի՝ չեմ էլ հիշում...մի կերպ։

Այս ցուցակը կարելի է հավերժ շարունակել։ 15–ից յուրաքանչյուրը ինչ–որ մի բանով տարօրինակ էր։ Այդքանով հանդերձ հրաշալի ժամանակ անցկացրեցինք։ Երևի հենց այն պատճառով, որ ոչ ոք չէր փորձում Սուրբ ձևանալ կամ կատարյալ՝ բոլորս էլ սովորական, գետնին կպած մարդիկ ենք՝ մեր իդեալներով, մեր թերություններով ու մեր տարբերություններով։ Ընդհակառակը, այդքան խենթի հետ շփվելը ինչ–որ իմաստով թերապևտիկ է։

Posted by lragrox at 09:10:19 | Permanent Link | Comments (1) |

Monday, January 14, 2008

Առաջինն այս տարում

Եվ այսպես, բլոգավորումը սկսեցինք։ Բոլոր նրանց համար, ովքեր հետևում էին բլոգին, ու զարմանում, թե ինչու չի թարմացվում՝ ցանկանում են ներողություն խնդրել։ Զբաղված էի ապրելով։ Անցած 3-4 շաբաթները հագեցած էին ճամփորդություններով, բազմաթիվ խնջույքներով ու հանդիպումներով, նոր ծանոթություններով և հին ընկերներին տեսնելով։

Ի տարբերություն նախորդ տարվա, երբ դիմավորեցի Ամանորս Նյու–Յորքում, այս տարի Արևմտյան ափում էի՝ Կալիֆորնիայում։ Ու ինձանից անկախ, բայց և շատ կանխատեսելի, իմ հանգիստն անցավ հայերի հետ և շատ հայկականացված։ Այդ մասին երևի առաջիկայում կգրեմ, նույնիսկ իրեղեն ապացույցներ ունեմ՝ լուսանկարներ։

Իսկ առայժմ իմ կյանքի ամենագլխավոր նորության մասին. ես հրաժարվել եմ ծխելուց։ Անհավատալի է նույնիսկ ինձ համար, բայց կարծես թե ստացվում է։ Ամերիկայում թարգելուն շատ լրջությամբ եմ վերաբերում՝ անվճար հեռախոսային խորհրդատվությունից մինչև հոգեբանի ծառայություններ են առաջարկում, որովհետև, գիտեք երևի, որ ծխախոտը թույլ թմրամոլ է և դրանից շատ դժվար է հրաժարվելը։

Երկար բարակ գրականություն կարդալուց հետո, Google անելուց հետո, լավագույն տարբերակը հակածխախոտային կպչաններն էին, որ կպցնում ես ուսիդ (կամ որտեղ ուզես), որը քեզ աստիճանաբար ապահովում է մինչև 21 մգ նիկոտին։ Փաստորեն, զուտ ֆիզիոլոգիապես դու այլևս նիկոտինի կարիքը չունես։ Մնում է միայն հոգեբանորեն պատրաստ լինել՝ հրաժարվելու սովորույթի ուժից։

Իսկ անկեղծ ասած, ծխելու սովորույթը վերջին շրջանում ավելի շատ ստրես էր հիշեցնում, քան հաճույք։ Տանը չէի կարող ծխել, առավոտյան ծխում էի բալկոնում՝ սառելով, համալսարանում չէի կարող՝ սառում էի մուտքի մոտ, սրճարաններում չէի կարող՝ անընդհատ դուրս էի գալիս փողոց...Մի խոսքով, շատ էի մրսում։ Հետո էլ, պետք է մտածեի հոտի մասին՝ մարդկանց տհաճ է ծխախոտի հոտը, բույրը, և այլն։ Մի խոսքով, հենց այսքանը հաշվի առնելով որոշեցի հրաժարվել իմ ավելի քան տասը տարվա սովորույթից։ Առավել ևս, որ Նոր Տարում ինքս ինձ այդ մասին խոստում էի տվել։

Ու գիտեք ի՞նչ՝ գոհ եմ։ Ոնց–որ ազատագրված լինեմ, չեմ մտածում քնելուց առաջ մի հատ էլ ծխելու, առավոտյան ծխելու, տուփը վերջանալու վրա է՝ նորը գնելու, այրիչը չկորցնելու, անպայման մաստակ գնելու մասին։ Ես անգամ չէի էլ պատկերացնում, թե օրվա մեջ որքան ժամանակ եմ ծախսում ծխելուն պատրաստվելու և վայր ու ժամանակ գտնելու մասին։

Մի խոսքով, աշխարհը մեկ ծխամոլով պակասեց։ Comment–ում գրեք, թե դուք ինչ վատ սովորույթից եք ցանկանում հրաժարվել ու եթե ծխում եք, ապա մտածել եք երբևէ դրանից հրաժարվելու մասին։
Posted by lragrox at 21:27:15 | Permanent Link | Comments (2) |

Wednesday, December 26, 2007

Դիտողություններ ու առաջարկներ

Իմ ընկեր ու ընթերցող

Սա իմ նոր բլոգն է։ Աստիճանաբար այստեղ եմ տեղափոխելու նախորդի բոլոր գրառումները և անգամ մեկնաբանությունները։ Զուգահեռ նոր բաներ էլ եմ դնելու։ Հիմա ես քո օգնության կարիքը ունեմ։ Ընդհանուր առմամբ դժգոհ չեմ բլոգից։ Բայց ամեն ինչ կատարյալ չէ այս աշխարհում, ինտերնետում՝ առավել ևս։ Այնպես որ, եթե ունես դիտողություն կամ առաջարկ, ապա հաճույքով կընթերցեմ ու կընդունեմ։

Առաջիկայում սպասեք հետևյալ գրառումներիս

Թաթայի տարօրինակ համերգը Վեգասում
Հայազգի ամենազդեցիկ սցենարիստը Հոլլիվուդում
Սուրբ Ծնունդը՝ ամերիկյան ձևով

Հունվարին էլ խոստանում եմ լիքը բաներ կտեղադրեմ Սանդենս կինոփառատոնի մասին։ Այն Ամերիկայի անկախ ֆիլմաարտադրողների ամենահայտնի ու հեղինակավոր փառատոնն է։

Այնպես որ, ձմռանը չենք ձանձրանալու։

Posted by lragrox at 03:26:55 | Permanent Link | Comments (2) |
1 2