Գլենդել. Կարոտի հորիզոնները կիսավիշտ են, կիսահույս
Հոգնել եմ արդեն Գլենդեյլից: Տարօրինակ քաղաք է: Ու տարօրինակ զգացումներ է առաջացնում: Նախ` համարվում է ամենաանվտանգ քաղաքներից մեկը: Շատ մաքուր ու անվտանգ: Հետո` հայաշատ: Շատ են տարբեր անկյուններից այստեղ ապրող հայերը:
Առաջին շաբաթներին սկսեցի շատ հաղորդակցվել հայաստանցիների հետ: Նախ` կուլտուրան էր մոտ, հետո` լեզուն: Ընդ որում, ասելով հայաստանցի, նկատի ունեմ երևանցիներին: Երևանցիներ այստեղ շատ կան` երգիչների, դերասաններ, ռեժիսորներ, լրագրողներ: Ով ուզեք: Բայց գիտեք ինչն է հետաքրքիր. որ ապրելով Ամերիկյանում, դեռ խոսում են Հայաստանի իրենց կյանքի մասին: Իրենց հայաստանյան արկածների մասին: Ու եթե գործ էլ անում են,ապա համեմատվում են Հայաստանում կատարված աշխատանքի հետ: Համեմատվում են հայաստանյան գործընկերների հետ:
Երկրորդ թեման` Հայաստանը քննադատելն է ու աղքատության մասին խոսելը: Կարող են այս մասին ժամերով խոսել` առանց կանգառի: Շատ են խոսում իրենց վարկերի ու պարտքերի մասին: Ու պարտադիր հայհոյում են Ամերիկան: Կարծես` նրանց զոռով են այտեղ բերել: Հա, որ խոսում են` ձայնի ինտոնացիայի մեջ այնքան մուննաթ կա, որ չես հասկանում, թե ում վրա է նեղացած:
Չգիտեմ, բայց անավարտ բան կա նրանց կյանքերում: Անցյալը մի տեղ է, ներկան մեկ ուրիշ, ու չեն էլ պատկերացնում իրենց ապագան: Երբ հարցնում ես ծրագրերից, ապա կմկմոցով մի բան են ասում կամ էլ Հայաստանյան այցի մասին են պատմում:
Իրենց լեզվապաշարում շատ են օգտագործում անգլերեն բառեր, բայց երբ տեղը գալիս է անգելերն խոսելու, պարզվում է լեզուն չգիտեն ու շատ են զարմանում, որ դու գիտես: Հետո` զարմանում են, որ ամերիկյան հեռուստատեսություն ես նայում, ոչ թե հայկական, հետո` հարցնում են, թե ինչու ես անգլերեն գրքեր կարդում, կողքի խանութում տեղեկացնում են, որ Սևակ են վաճառում…
Ու զարմանալին այն է, որ էլի եմ կրկրնում` համեմատվում են Հայաստանի հետ: Այն դեպքում, որ մի քանի փողոց այն կողմ Հոլիվուդն է` համաշխարհային շոու-բիզնեսի սիրտը, այն դեպքում, երբ ապրում են աշխարհի ամենահզոր պետությունում:
Երկակի զգացումներ է առաջացնում այս քաղաքը` մի կողմից կարծես ԱՄՆ-ում ես, բայց մյուս կողմից` միայն հայերեն ես լսում: Հիմա էլ սրճարանում նստած գրում եմ: Հարևան սեղաններին հայերեն խոսակցություններ են: Անցնող մեքենաներից` հայերեն երաժշտություն: Երեխան լացում է հայերեն: Փոստատարը հայ է: Ծառեր խնամողը` հայ: Քաղաքապետը` հայ: Կարծես Հայաստանն է: Էս առիթով Շուշոյի երգի բառերը հիշեցի, ոնց որ հենց էս գրածիս ու գլենդելահայերի համար լինի. կարդացեք ու գրեք ձեր ռեակցիան էս ամենին...
կես կարոտ, կես պատրանք / ծիսական, կիսակյանք / կիսասիրտ, գոյության հպատակ / կես բախտին հակառակ / կիսացավ տառապանք / կիսակիրք կիակամք ժամանակ / կեսերի, կեսերի / կիսափառք հաղթանակ / խելահեղ աշխարհի արձագանք
հեռացել եմ, մոռացել եմ, կիսաերգը, կիսալաց / կարոտի ծիածանները երկնքում չեն հորինված / կարոտի հորիզոնները կիսավիշտ են, կիսահույս / կարոտի հայելինները կիսամութ են, կիսալույս
կարոտի փոթորիկները անցյալին են դիմադրում / կիսամերկ մեր հոգիները վարարում են, ոլորվում / կեսգիշերը հեռանում է, կիսատ օրը լուսանում / կարոտի անհուն ծովերը կիսատ կյանքն է մեզ ներում:

Recent Comments
Heruuu g
Նա բոկա կամ ուզբե
Մենք էլ ենք ցնցված
Լևոնին ոչ ոք լուրջ չէր ընդունի, եթե Քո
Այսօր Հայաստանում շա