Sunday, February 10, 2008

Առանց մուսայի

Շատ երկար ժամանակ է չեմ կարողանում «բլոգգել»։ Չգիտեմ ինչն է պատճառը՝ գուցե այն պատճառով, որ հիմա զբաղված եմ դիպլոմայինի գործերով, գուցե այն պատճառով, որ Հայաստանից ստացվող լուրերը առանձնապես ոգեշնչող չեն։

Այն, ինչ այժմ կատարվում է լրատվական դաշտում ուղղակի ցավ է պատճառում։ Ոչ այն պատճառով, որ հեռուստաընկերությունները կողմնակալ են, թերթերը՝ ընդդիմադիր։ Չէ, այլ որ ուղղակի դաշտը որակազրկվել է։ Անորակ է։ Չկան լավ լրագրողներ։ Պատճառները կարող են հազար հատ լինել, բացատրությունները նույնպես։ Բայց փաստ է՝ լրագրողները որակազրկված են՝ անհետաքրքիր, դատարկ, կրկնվող, գավառական։

Էդ ամբողջ նախընտրական քարոզարշավը էնքան գավառական մակարդակի է, որ նույնիսկ չես էլ ուզում քննարկել։ Դեռ մի քանի ամիս առաջ հնարավոր էր զրուցել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին։ Հիմա նույնիսկ իմաստ չունի։ Հիմա գրել էլ պետք չէ։ Ընդամենը Աղոթել՝ որ հերթական ընտրություններին մարդ չզոհվի, որ բանակը ժողովրդի դեմ չհանեն, որ թեկնածուները ծայրահեղ չգտնվեն, որ հաղթանակը Պյուրոսյան չլինի։ Մենակ իրար չսպանեն։ Մնացածի՝ անգամ ոչ լեգիտիմ նախագահի հերն էլ անիծած։

Posted by lragrox at 22:14:33 | Permanent Link | Comments (0) |

Wednesday, January 30, 2008

Կացնային, տափակ, անհետաքրքիր հեռուստաքարոզարշավ

Արդեն ոչ թե տեսություն է, այլ աքսիոմա, որ ապացույցի կարիք չկա, որովհետև բոլորն էլ համաձայն են. ՀՀ նախագահ–2008–ի հեռուստաքարոզարշավը ուղղակի ձանձրալի է։ Նախ, կարող է որևէ մեկը պատասխանել, թե երբ է որոշվել լրատվական ծրագրերի այդ ֆորմատը՝ ամեն օր թեկնածուների մասին բյուլետեններ թողարկել։ Ախր դրանք ոչ ոք չի նայում բացի թեկնածուներից ու դիտորդներից։ Լրագրողները հոգնում են, սպառվում և կրկնում ոչ միայն նույն մտքերը, այլև copy-paste անում նախադասությունները։

Հենց այս օրերին ԱՄՆ–ում էլ են նախագահական ընտրություններ։ Ես այսքան ժամանակ չտեսա, որ էդքան ինտենսիվորեն լուսաբանեն թեկնածուներին։ Ընդհակառակը, խոսում են միայն արդյունքներից՝ օրինակ Ֆլորիդայում կայացած վերջին պրայմերի ընտրություններից։

Հասկացանք, որ կա վճարովի ու անվճար եթեր, շատ լավ է, որ կա՝ թող թեկնածուները իրենց ներկայացնեն, իրենց ծրագրերն ու թիմերը։ Բայց ինչու են նույն բանը՝ ավելի վատ փորձում անել լրատվական ծրագրերը։ Նախ, ընտրություններով այս երկիրը չի ապրում։ Ձմեռ է, ցուրտ է՝ մարդիկ հազիվ են հասցնում էլեկտրաէներգիայի ու գազի փողը վճարել։ Երկրորդը՝ ամեն օր այդքան տեղ հատկացնելով ընտրություններին՝ դու հոգնեցնում ես լսարանին։ Արդյունքում ոչ քո արածն է գնահատվում, հետն էլ հեռուստադիտող ես կորցնում։

Վաղուց ժամանակն է, որ նախընտրական ժամանակ լրատվական ծրագրերը անցնեն ավելի լուրջ գործի՝ այն է ծառայեն ժողովրդին, օգնեն քաղաքացուն, որ կատարի ճիշտ ընտրություն։ Դրա համար անհրաժեշտ են շատ հարցազրույցներ, թե որ թեկնածուն ինչ է առաջարկում, ումն է ավելի լավը կամ վատը, ով ինչպիսի սխալներ է գործել նախկինում։ Մի խոսքով....

Հ.Գ. Իրականում հոդվածն ավելի երկար էր, բայց չգիտես ինչու ջնջվել էր։ Նորից գրելու հավես չկա:)

Posted by lragrox at 16:12:45 | Permanent Link | Comments (0) |

Saturday, November 10, 2007

DVD Review: Studio 60 on the Sunset Strip

Բոլոր նրանց համար, ովքեր սիրում են հեռուստատեսությունը։ Studio 60–ը անցած տարի ամերիկյան NBC հեռուստաընկերությամբ ցուցադրված այն եզակի սերիալներից, որը հետաքրքիր է, շատ խելացի, զվարճալի ու ամենակարևորը՝ հեռուստատեսության մասին։ Սցենարն ուղղակի ցնցող է՝ բարձրակարգ երկխոսություններ, հզոր դերասաններ...

Սերիալը պատմում է ամեն ուրբաթ հեռարձակվող մեկ ժամանոց ժամանցային հումորային ծրագրի մասին։ Ցույց է տալիս ներքին խոհանոցը՝ պրոդյուսերներին, սցենարիստներին, օպերատորներին, դերասաններին, հաղորդավարներին։ Մոտավորապես նույնը, ինչ 32 ատամն է անում, բայց ստուդիայում և մոտավորապես մի հինգ հազար անգամ պրոֆեսիոնալ։ Ուղղակի պետք է նայել, որպեսզի հասկանալ, թե ինչպես պետք է աշխատել։

Սցենարը խորհուրդ է տրվում հատկապես հեռուսատեսության ղեկավարներին կամ decision-maker–ներին, այսինքն նրանց, ովքեր որոշումներ են կայացնում։ Դիտեք, ու հասկացեք, ինչպես պետք է աշխատել ստեղծագործական խմբի հետ, ինչպես պետք է որոշումներ կայացնել ու քանի հոգով պետք է աշխատել։ Բացառիկ սերիալ, բացառիկ դերասանական կազմով և ուղղակի հանճարեղ սցենարով։ Ի դեպ, սցենարիստը Ահարոն Սորկինն է։ Իմ նոր կումիրը։

Ի դեպ, որևէ մեկը կարող է պատահմամբ տեսե՞լ է այս սերիալը։

Posted by lragrox at 13:59:17 | Permanent Link | Comments (0) |