Tuesday, October 30, 2007

Ռուբեն Հախվերդյան. «Մեր ֆեոդալները»

Երգահան Ռուբեն Հախվերդյանը պատասխանելով լրագրողի հարցին ասել է, թե ինքը դեմ է որ իր տղան պաշտպանի հայրենիքի սահմանները, քանի որ նա, փաստորեն դրանով պաշտպանելու է կալվածատերերին։

«Իմ տղան գնալու է կռվի հայրենիքի՞ համար, թե՞ այն կալվածատերերի, որոնք այս հողերը զավթել են։ Հայ կալվածատերերի մասին է խոսքը, որոնք անօրինական ձևով փող վաստակեցին։ Այդ փողը դրեցին հողեր առան, ու հիմա ամեն մեկը մի շենք է զավթել։ Ունեն իրենց գազանանոցները, չգիտեմ ինչերը, Ջիփեր ունեն։ Իմ երեխան գնալու է դրանց համա՞ր կռվի։ Եթե վաղը Ռուբոն միշտ էլ պատերազմ լինի, իմ երեխուն ինչ–որ ձևով հետ կբերեմ բանակից ու կասեմ՝ դու պատերազմ չես գնալու՝ սրանց կալվածքները պաշտպանելու համար, որովհետև սա հայրենիք չի, սա ֆեդալական երկիր է»։

դիպուկ է խոսացել։ Բայց այս դեպքում ակնհայտ է, որ ակնարկը Դոդի Գագոյին է վերաբերում, որը հավանաբար Ռուբոյին հրաժարվել է փող տալ։ Երկրորդը՝ որքան տեղյակ եմ Ռուբոն երկու դուստր ունի։ Բայց ինչու է խոսում բանակային որդու մասին...։ Երևի երկրի նկատմամբ իր վերաբերմունքը ցույց տալու համար։ Դուք ինչ եք կարծում։

UPDATE!!! Մեր ընթերցողներից հայտնեցին, որ Ռուբեն Հախվերդյանն այնուամենայնիվ ունի որդի, այն էլ մեծահասակ ու զորակոչի տարիքի։ Նա 23-24 տարեկան է։

Posted by lragrox at 19:16:25 | Permanent Link | Comments (3) |

Sunday, October 28, 2007

Վարչապետի ԱՄՆ այցի կապակցությամբ

Այս շաբաթ վարչապետը Ամերիկայում էր։ Վաշինգտոնում։ Այցի մանրամասներին նոր բան չունեմ ավելացնելու, հետո էլ, անգամ ունենայի, էթիկայի տեսանկյունից, սխալ է ու չէի գրի։ Բայց մեկ մարդու մասին անպայման ցանկանում եմ խոսել։  Եթե Սերժ Սարգսյանը, խոստանա, որ նախագահ դառնալու դեպքում նոր կառավարությունում կլինեն Առևտրի և Տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանի պես գոնե ևս հինգը, ապա ես խոստանում եմ անվճար մասնակցել նրա քարոզարշավին։  

Եթե որևէ մեկը տեղյակ չէ, ասեմ՝ Ներսես Երիցյանը այս կառավարության բացառիկ խելացի, տաղանդավոր, հայրենասեր ու ամենակարևորը՝ ազնիվ մարդ է, ով հղպացած չէ անձնական շփումներում, ունի առողջ հումոր և ռացիոնալ դատողություն։ Եթե Ներսեսի պես տղերքը շատացան կառավարությունում, նշանակում է երկիրը կարելի է ոտքի հանել։ Ներսեսի պես տղերքը նախագահականում եթե խոսելու իրավունք ունեցան, նշանակում է ամեն ինչ կարող է փոխվել։ Ներսեսը հենց այն դասական օրինակն է, որի մասին ասում են՝ նոր սերունդ է պետք, նոր մտածողությամբ։ Ուղղակի հիացած եմ այս նախարարով, ու հպարտ եմ, որ ինքը կա։

Հիմա, որ նայում ես կառավարության կազմին՝ հասկանում ես՝ դարն ապրել են, դրանք դինազավրեր են...նրանց արտահայտած մտքերից մինչև իսկ օգտագործած բառերը, պահելաձևն ու մտածողությունը, հնացած է։ Էդ մարդիկ եթե ոչինչ չանեն, ապա արդեն իսկ իրենց ներկայությամբ արգելակում են զարգացումը։ Նրանցից վարչապետը պետք է ձերբազատվի՝ որքան շուտ, էնքան լավ...եթե իսկապես ցանկանում է նոր որակի երկիր կառուցել։

Posted by lragrox at 18:36:01 | Permanent Link | Comments (2) |

Thursday, October 25, 2007

Ուրբաթ օրվա հանրահավաքին ընդառաջ

Ուղղակի զարմանալ կարելի է հայրենի իշխանության տգիտության աստիճանի վրա։ Որքան կարելի է տապորի նման կանխատեսելի լինել և գործել ճիշտ այն մտածված սցենարով, որ գծել է ՀՀՇ–ն։

Ինչ անենք, որ Նիկոլն ու Շողերը քայլում և գովազդում էին փողոցում։ Դրա համար պետք է նրանց ձերբակալել, որ իրենից ոչինչ չներկայացնող քայլարշավը դառնա մարդու իրավունքների ոտնահարման դասական օրինակ։ Ինչու այնպես անել, որ սովորական հանրահավաքը դառնա «ճակատագրական հավաք», որին անգամ  մասնակցելու ցանկություն չունեցողները հետաքրքրությունից դրդված գնան։

Ցավն այն է, որ ես գրեթե համոզված եմ, որ կենտրոնի ոստիկան Ներսեսին ոչ մեկը հրահանգ չի տվել։ Ուղղակի, նա գործել է, հաշվի առնելով արդեն հիմնված ավանդույթը։ Ոչ մեկը ներսեսին չի ասել՝ նախ մտածի` նոր գործի։ Ներսեսը ստրկամենթական իր մղումով արել է այն, ինչի համար կարծում էր իրենից շնորհակալություն պետք է հայտնեին։ Իսկ հետ սկսեց պաշտպանվել՝ նրանք առաջինն են հարձակվել։

Հայաստանը վաղուց նոր հազարամյակ, նոր դար է թևակոխել ու ուղղակի հետաքրքիր է. որքան է այս իշխանությունը, որը հիմա լավ, թե վատ կա ու գործում է, կրկնօրինակելու քաղաքական համակարգով 20–րդ դարի 30–ականներ վերադարձած Ռուսաստանին, որքան է փորձելու տապորով ու ընդդիմություն ձերբակալելով իր իշխանությունը պահել։

Հենց այդ պատճառով էլ կանխատեսելի է մրցակիցների համար։ Ու հենց այդ պատճառով մրցակիցները իշխանության ուժը օգտագործում են հենց իր դեմ։  Սա կշարունակվի այնքան ժամանակ՝ մինչև ուժերի դասավորությունը կփոխվի կամ իշխանությունը խելքի կգա։ Վերջինի նույնիսկ նշաններ չեն երևում։ Գոնե առայժմ։ Իսկ մինև այդ, բոլորս դեպի Հովիկ Աբրահամյանի, Մահտեսյանի, Ներսեսի և ծեծ կերած Սաշիկի խնամքով և աղմուկով գովազդած հանրահավաքը։ Նրանց շնորհիվ Լևոնի ելույթի լսարանը գոնե քառապատկվեց։

Posted by lragrox at 18:33:47 | Permanent Link | Comments (1) |

Thursday, October 18, 2007

Վեհափառը՝ Վաշինգտոնում

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը շարունակում է իր այցը Միացյալ Նահանգներ"։ Հոկտեմբերի 11–ին, մյուս հոգևոր առաջնորդների հետ, նա մասնակցել է կրոնական ազատություններին նվիրված համաժողովին Վաշինգտոնում։ Դրա շրջանակում հոգևոր առաջնորդներն այցելել են Ջեֆերսոնի հուշարձան, որի լուսանկարները ստորև ներկայացված են։ Դրանից հետո, Հայրապետը մեկնել է Նյու–Յորք։ Ամեն ինչ կարծես նորմալ է, բայց չեք կարծում, որ Վեհափառը մի քիչ շատ մնաց ԱՄՆ–ում։ Արդեն մոտ երկու ամիս է։ Ինչ է անում նա այսքան ժամանակ։  



Posted by lragrox at 18:39:42 | Permanent Link | Comments (5) |

Thursday, October 04, 2007

Իսկական խրատ՝ դասի ժամանակ

Դասերից մեկի ժամանակ իմ երկու համադասարանցիները «role playing» էին անում, այսինքն երկու իրար հակամարտող կողմեր էին ներկայացնում՝ հակամարտությունների կառավարման դասի ընթացքում։ Խնդիրը շատ կենցաղային էր՝ մի կողմը՝ ուսանողը գնել էր մեքենա, որը երեք օր հետո փչացել էր։ Դասախոսը խաղում էր միջնորդ–հաշտարարի դերը։

Հիմա չեմ ցանկանում խորանալ դրա արդյունքների մասին, ընդամենն ասեմ, որ մեդիտացիայի վերջում բոլորը պետք է հայտնեին իրենց կարծիքը։ Ես էլ հայտնեցի։ Ասացի, որ հաշտության համաձայնագիրը անարդար է, որովհետև ուսանողը գործարքի զոհն է։ Այդ ժամանակ ուսանողի «դերատակատարը», որը մոտ 50–ամյա կին էր (այո, անգամ 50 տարեկանում մարդիկ չեն ամաչում և սովորում են), ասաց, որ ինքը չի կարծում և այդպես չի խաղացել իր դերը՝ ինքը զոհ չէ։ Հետո նկատեց. «եթե անգամ մի օր ինձ զոհ զգամ,  լավ է նույնիսկ թոշակի չգնամ...»։

Հետո մտածեցի՝ ախր իմ ամբողջ կյանքի ընթացքում ինձ սովորեցրել են հենց էդ զոհի կեցվածքն ընդունել վեճի ժամանակ, ինձ միշտ ասել են. «մեղք է, իրեն տուր», «լավ էլի խեղճ է, ընդառաջի...»։  Մինչև հիմա էլ, ես հպարտ եմ, որ ես ցեղասպանությունը պահանջող ազգի ներկայացուցիչն եմ։  Որ մենք շրջափակման մեջ ենք գտնվում, որ մեր միակ հասարակական ինստիտուտը եղել է եկեղեցին, պետություն չենք ունեցել։ Մենք պետք է իրար սիրենք, որովհետև մենք խեղճ ենք, մենք Թուրքիայի զոհն ենք, սովետական ավտորիտարիզմից քաշված....ու սենց շարունակ։ Իմ մտերիմ գործընկերից մեկը մի առիթով նկատեց. ես մարդկանց սիրում եմ, երբ նրանց գործերը վատ են։ Երբ լավ են լինում, ինձ համար անհետաքրքիր են դառնում։ 

Բայց հերիք չի։ Չեք կարծում, որ ժամանակն է, որ զոհի կեցվածքից դուրս գանք։ Հերիք չէ խեղճերին ընդառաջենք։ Իմ կարծիքով սխալ է։ Հա, ի դեպ, խնդրում եմ չշփոթել կամ ինձ չհամարել մարդասիրությունից զուրկ։ Խոսքն առաջին հերթին սեփական անձի նկատմամբ վերաբերմունքն է...

Մենք ավելի շատ ենք խոսում Ցեղասպանությունից, քան Արցախի պատերազմի հաղթանակից։ Ի վերջո, հենց դա պետք է փոխանցենք մեր սերունդներին։ Հերիք է սկսած պատմությունից վերջացրած կենցաղում թույլի կեցվածք ընդունել։ Ոչ, ճիշտ հակառակը՝ պետք է պայքարել։  Իմ ամերիկացի համադասարանցու ասածի մեջ շատ մեծ ինքնահարգանք կար. ինքնասիրություն ունեցող մարդը զոհի կեցվածք չի ընդունի։ Ես կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է մեր մոտեցումը՝ մեր ասելով բոլորիս, ինձնանից սկսած փոխել. զոհ կարող է լինել միայն սպանված մարդը։ Եթե կենդանի ես, ուրեմն պետք է պայքարես....Դասախոսս մի հատ լավ ասացվածք ունի, որը հետևյալն է.՝ եթե դա պատահել քո հետ, ուրեմն դա պատահել է քեզ համար...Անգամ ամենավատ իրավիճակներում կարծում եմ պետք է դասեր քաղել, բայց առաջ անցնել։ Չլռվել։ Չդոփել։

Posted by lragrox at 18:26:48 | Permanent Link | Comments (6) |

Sunday, September 30, 2007

Անգործունակ քաղաքական վերնախավ

Լևոն Տեր–Պետրոսյանի հայտնի ելույթից հետո մամուլն իսկապես աշխուժացավ, քաղաքական կյանքի նշմարումներ հայտնվեցին ու քաղաքական հարաբերությունների նոր որակ ջրի երես դուրս եկավ, որը կոնկրետ ինձ էլ ավելի հիասթափեցրեց։

Չեմ ասի ուշի–ուշով, բայց խնամքով հետևել եմ մամուլի հրապարակումներին, քաղաքական գործիչների արձագանքներին ու քաղաքագետների վերլուծություններին։ Ամենատխուր հետևությունը՝ այս շաբաթ ես կարծես կարդում էի 90–ականների արխիվը։ Տեր–Պետրոսյանի ելույթը, եթե ինչ–որ բան թարմացրեց, ապա ընդամենը մեր հիշողությունը, թե ինչպես էր մինչև 98-ը։

Անկախության առաջին տարիների տարբեր գնահատականները ուղղակի զավեշտական էին։ Ինչպես կարելի է, նախապատրաստվել 2008 թվականի ընտրություններին ու դեռ խոսել 94, 96, 98 թվականներից։ Լավ, որքան կարելի է ծամծել նույն բանը։ Հիշել ու հիշեցնել՝ բա դուք էս եք արել, չէ, բա իրենք էլ սա են արել։

Ի վերջո, որևէ մեկը, այդ թվում ԼՏՊ–ն չխոսեց ապագայի մասին։ Ինչ է մեզ սպասում։ Ինչ ենք անելու։ Փոխարենը երկու կողմից իրար սազող ու իրարից էժանագին վիրավորանքներ էին։ Ես սա համարում եմ գիտակցված մարտավարություն, որովհետև հայհոյանքի մեջ է կորում իսկական գաղափարական պայքարը, լեզվակռվի մեջ է մաշում քաղաքական մրցակցությունը։ Զզվելի է և այս իշխանության ինքնապաշտպանողական կեցվածքը, և ՀՀՇ–ականների ինքնամոռաց Լևոնի առասպելացումը։

Եվ շաբաթվա ամենավիրավորական և ամենասխալ արտահայտությունը, որ որևէ մեկը չուղղեց. այն է՝ ԼԵՒՈՆ ՏԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՀ ՀԻՄՆԱԴԻՐ ՉԷ։ Չհամարձակի որևէ մեկը դա ևս մեկ անգամ կրկնել։ ՀՀ հիմնադիրը ՀՀ քաղաքացիներն են, որոնք դա որոշել են համատեղ, միասին ու հանրաքվեյով։ ՀՀ հիմնադիրները իմ ծնողներն են, որոնք քվեարկել են դրա համար, վճարել են իրենց ազատության համար, չեն փախչել երկրից, դիմացել են ցրտին, մթին, մեծացրել են սերունդ ու մինչև հիմա էլ ապրում են։ ՀՀ հիմնադիրը իմ տատն ու պապն են, որ կորցրին իրենց ամբողջ կարողությունը միայն հանուն նրա, որ այսօր գոյություն ունի ազգային արժեք։ ՀՀ հիմնադիրը իմ հարևանների զոհված որդիներն են, որ մեկնեցին եռամսյա, երկամսյա, երկամյա ծառայության ու չվերադարձան։ Լևոն Տեր–Պետրոսյանը չէ ՀՀ հիմնադիրը։ Դա ոչ միայն սխալ է, դա վիրավորական է։ Լևոն Տեր–Պետրոսյանը, ոչ էլ Ռոբերտ Քոչարյանը չեն Արցախի հերոսները։ Դա մեր բոլորի, մեր ազգի, 88-ի փայլուն ուսանողական սերնդի և աննկարագրելի հայրենասեր ազատամարտիկների հաղթանական է։

Ու վերջ։ Հիմա ինչ է եղել այդ ընթացքում, ինձ կոնկրետ չի հուզում։ Ինձ հուզում է ինչ է լինելու, ինչպես է զարգանալու Հայաստանը, որ ուղղությամբ։ Այս ամենի մասին եթե անգամ խոսվեց, ապա միայն մեկը մյուսին վիրավորելու և պաշտոնից հեռացնելու ենթատեքստում։

Իմ շատ լավ բարեկամ–համախոհներից մեկը նկատեց. Լևոնը գիտի, երբ է վերադառնում։ Նա եկավ 88-ին՝ կազմաքանդելու ԽՍՀՄ–ը, արեց շատ լավ, վերացրեց պլանային տնտեսությունը, կոոպերատիվները, կոլխոզները...մի խոսքով, երկիրը «կազմաքանդեց»։ Հիմա էլ նորից ուզում է անել։ Այն ժամանակվա երկիրը մի բան չէր։ Հիմա էլ մի բան չի։ Բայց արդյո՞ք ՀՀՇ–ն կարող է կառուցե՞լ որևէ բան։ Ստեղծել։  Կոմունիստական Հայաստանի փորձը ցույց տվեց, որ ամեն ինչ չէ, որ պետք էր «քանդել» կամ թալանել, ինչպես կուզեք։ Արդյո՞ք հիմա պետք է նույն կերպ վարվել։

Ցավալի է, բայց փաստ՝ 16 տարվա մեջ մեր քաղաքական դաշտը ձևավորվել է ոչ թե գաղափարների, այլ մարդկանց հիման վրա ու այսօր էլ, փորձ է արվում պառակտել հասարակությունը ըննդեմ Լևոնի և հանուն նրա։

Չէ, դուրս չի գա։ Նոր սերունդն ուրիշ է։ Նա չի լսում հռետորական ձայներ։ Նա կարդում է տեսքտեր։ Ու հենց տեքստային անալիզից է դիրքորոշվում։ Այսօրվա հասարակությանը՝ «բռունցքը օդում» ոչինչ չի ասում։ Ընդամենը հին ժեստ է։ Մոդայից դուրս։

Մեզ պետք են ոչ թե իրար դեմ խոսող, այլ մեզ հետ զրուցող առաջնորդներ։ Ում համար էր Լևոնի ելույթը՝ իհարկե Քոչարյանի։ Ում համար էր Քոչարյանի արձագանքը՝ իհարկե Լևոնի։ Իսկ մե՞նք։ Բա մե՞նք։

Այս քաղաքական գործիչներն ու նախկին ու ներկա նախագահները կարծես ծերացած ռուս թոշակառուներ լինեն, որոնք իրենց տան բակի մուտքի մոտ նստած խոսում են իրենց անցյալից։ Ու քանի որ ունեն նաև ընդհանուր անցյալ, ապա միշտ կռվում են դրա գնահատականների շուրջ, որովհետև ամեն մեկի պատմությունն ուրիշ է...

Մի խոսքով, քաղաքական պայքարի մեկնարկը, որ ազդարարվեց սեպտեմբերի 21–ին բոլորովին էլ ոգևորիչ չէ։ Մյուս կողմից, դեռ գործիչները ժամանակ ունեն՝ մտածելու, խորհելու հանրությանը իրենց նախընտրական ծրագրերը ներկայացնելու համար։ Իսկ այն, որ այդ ծրագրերը գոնե այս անգամ մանրադիտակով զննվելու են և համեմատվելու, երաշխավորված է։ Գիտեք ինչու՞։ Որովհետև չկա որևէ ցանկալի թեկնածու, բոլորին էլ ժողովուրդը հավասարապես չի սիրում։ Հետևաբար ընտրելու է վատի և վատթարագույնի միջև։ Ու թեկնածուները լավ կլինեն ոչ թե ապացուցեն, որ դիմացինը վատն է, այլ որ իրենք լավն են։ Դա շատ ավելի համարձակ է, ազնիվ ու աշխատատար։

Posted by lragrox at 18:45:36 | Permanent Link | Comments (6) |