Wednesday, December 26, 2007

Դիտողություններ ու առաջարկներ

Իմ ընկեր ու ընթերցող

Սա իմ նոր բլոգն է։ Աստիճանաբար այստեղ եմ տեղափոխելու նախորդի բոլոր գրառումները և անգամ մեկնաբանությունները։ Զուգահեռ նոր բաներ էլ եմ դնելու։ Հիմա ես քո օգնության կարիքը ունեմ։ Ընդհանուր առմամբ դժգոհ չեմ բլոգից։ Բայց ամեն ինչ կատարյալ չէ այս աշխարհում, ինտերնետում՝ առավել ևս։ Այնպես որ, եթե ունես դիտողություն կամ առաջարկ, ապա հաճույքով կընթերցեմ ու կընդունեմ։

Առաջիկայում սպասեք հետևյալ գրառումներիս

Թաթայի տարօրինակ համերգը Վեգասում
Հայազգի ամենազդեցիկ սցենարիստը Հոլլիվուդում
Սուրբ Ծնունդը՝ ամերիկյան ձևով

Հունվարին էլ խոստանում եմ լիքը բաներ կտեղադրեմ Սանդենս կինոփառատոնի մասին։ Այն Ամերիկայի անկախ ֆիլմաարտադրողների ամենահայտնի ու հեղինակավոր փառատոնն է։

Այնպես որ, ձմռանը չենք ձանձրանալու։

Posted by lragrox at 03:26:55 | Permanent Link | Comments (2) |

Sunday, December 02, 2007

Ձմեռ՝ օրացույցին, ծառերին և մեր հոգիներում

Ինչպես անցկացրեցիր ուրբաթ գիշերդ,–հարցրեց ընկերս Վաշինգտոնից։
–Ապեր, գլխացավից մեռնում եմ...
–Պարզ է, ալկոհոլիկ...
–Չէ, չէ, ես չեմ խմել, ուղղակի մեծ խանդավառությամբ դիմավորել եմ ձմռան առաջին օրը

Այս երկխոսությունից 12 ժամ առաջ...

Ուրբաթ երեկոն Ամերիկայում սեքսի և հանգստի օր է։ Ու քանի որ իմ մոտ էլ սեմեստրի վերջն է, ապա երկուսի մասին էլ, բացի տեսական զրույցներից իմ հարևանի հետ, ավելին լինել չէր կարող (Օրինակ, կարող ենք երկար ժամանակ զրուցել թե ո՞րտեղ կարելի է ավելի լավ դահուկ քշել՝ Յութայո՞ւմ, թե՞ Կոլոռադոյում, կամ ո՞ր դերասանուհին է ավելի սեքսուալ՝ Ջեննիֆեր Էնիստո՞նը, թե՞ Անջելինա Ջոլին, կամ մեր հավերժ կռվի թեման՝ մարիխուանա ծխելը համարվում է թմրամոլությո՞ւն, թե՞ ուղղակի լիցքաթափման միջոց, ինչպես օրինակ վիսկին)։

     Մի խոսքով, դելատ բիլո նեչեգո, դելո բիլո վեչերոմ...Նոյեմբերի 30–ի երեկոյան իմ հարևան Քեյսին թակեց դուռս...թե գնում եմ խմիչքների խանութ։ Գալիս եմ։ Գնացինք։ Ամերիկայում ես մի հատ պրոբլեմ ունեմ։ Չեմ կարողանում ընտրել՝ օրինակ, ֆրանսիական գինի, թե իտալական, կարմիր, թե սպիտակ...Քեյսին էլ առանձնապես կոնկրետ չէ իր որոշումներում։

     Հանդիպեցիք ավտոկանգառում։ Պարզվեց՝ շատ ենք առել...Որոշեցինք մեր բնակարանում ստեղծել «բառ»։ Սեղանն էլ ունեինք։ Մի քանի րոպեից այն լցվեց։ Հետո էլ՝ հո մենակ չէինք խմելու։ Ու մինչև ես կգնայի սպորտսրահ մի քիչ մարզվելու, մինչև եկա՝ Չիլիական կաբերներ–շավինյոնս արդեն կեսին էր հասել...

Կա չէ՞ մարդկանց տեսակ, որ իրենց զանգես, նույնն է, թե ևս մի 12 հոգու։ Քեյսին ճակատագրական սխալ էր կատարել ու զանգել էր իր մտերիմ ընկերներից մեկին՝ Դաստինին՝ արի խմելու։ Դաստինն եկել էր իր ընկերուհի, յոգայի ուսուցիչ Ջեյնի հետ, Ջեյնը զանգել էր Թրոյին ու Աննային, Դաստինն էլ ճամփին վերցրել էր մի հատ աղջկա, որ եկել էր երկու մեծ շնով, որն էլ իր հերթին հրավիրել էր մի հատ տղու, որ պայքարում էր համաշխարհային ջերմացման դեմ ու դրա համար չէր սափրվում...

     Ինձ ինչ՝ ես նորմալ էի, միայն թե չիլիական գինիս արագ էր սպառվում։ Ու քանի որ դուրս շատ էր գալիս, որոշեցի, որ ամենաշատ խմողը ես պետք է լինեմ...էդ ընթացքում շներով աղջիկը պատրաստում էր ինչ–որ կոկտեյլներ, ասում էր՝ բաղադրատոմսերը սովորել էր Իռլանդիայում։ Մենք էլ որպես տանտերեր, առաջին փորձողներն էինք...

     Ուղիղ կեսգիշերին ազդարարվեց՝ պարոնայք շնորհավորում ենք։ Այսօր պաշտոնապես դեկտեմբերի 1-ն է, 2007–ի ձմռան առաջին օրը։ Ու ձյուն չկա։ Խմեցինք այդ առիթով նույնպես։ Հետո՝ կենացների բովանդակությունը գնալով ավելի կիսադեպրեսային–քաղաքական էր դառնում, օրինակ, բոլոր 30 տարեկան չամուսնացած դեմոկրատների համար, ովքեր հասկանում են, որ Օբաման դժվար ընտրվի, բայց և համոզված են, որ առաջինը ԱՄՆ նախագահ կլինի սևամորթը, քան թե կինը։

     Դաստինի յոգոտ ընկերուհին անընդհատ պատմում էր տանտրայի, մոջոյի և այլ անհասկանալի բառերով բաների մասին,որ չէիր հասկանում, թե ինչ է՝ հոգեվիճակ, կամասուտրայի պոզա, թե ուղղակի ես էի խմած ու չէի կարողանում հասկանալ նրա անգլերենը...

      Քանի որ երկար ժամանակ շատ չէի խմել, ապա այդքան ալհոկոլ սպառելուց օրգանիզմիս արձագանքը ավարտվեց զուգարակոնքի հետ հաճախակի շփումներով և կիսաուշագնաց քնով։ Հիշում  եմ մինչև քնելս ասացի՝ տե կտեսնեք, վաղը ձյուն կգա։ Էս Ամերիկայում անգամ եղանակն է պլանավորված։ Բոլորը լսեցին, բայց ոչ–ոք չարձագանքեց, որովհետև Քեյսին այդ ժամանակ ամբողջ ուժով հայհոյում էր բնապահպան անթրաշին...

      Կեսօրին մոտ, աչքերս բացեցի սուրճի թարմ բույրից ու շատ ուժեղ սպիտակից...Դրսում խորը ձմեռ էր։ Սպիտակ։ Հանգիստ...Ճիշտ էի էլի...Ամերիկայում անգամ ձմեռն են ծրագրավորում։ Սուրճի փոխարեն պիցցա կերա, թեյ խմեցի ու նորից քնեցի...Երեկոյան զբաղված էի՝ գնալու էի Հիլարի Քլինթոնի նախընտրական արշավին մասնակցելու։ Հա, էդ առումով երեկոյան խիստ քննադատության ենթարկվեցի, բայց չեմ հիշում ինչի համար...կարծեմ՝ բոլորը դժգոհ էին նրա առաջարկված բժշկական ապահովագրության նոր ծրագրից։ Բայց դե ինձ ինչ..., հա, որ ասեցի «ինձ ինչ», կարծեմ դրա համար...

      Միով բանիվ, ինչպես կասեր մի խելագար գրաբարի–դասախոս լրագրող (հները կիմանան ում մասին է խոսքը)...Քո մոտ ինչ կա չկա բարեկամ, ձյուն կա՞... 


P.S. Հենց նոր շներով աղջիկը զանգեց։ Շները լուծ են։ Ինչ–որ մեկը նրանց գարեջուր էր խմացրել։ Քեյսին մի կես ժամ համոզում էր, որ շները, ինչպես նաև բոլոր ստամոքս ունեցող արարածները, լուծից չեն մահանում...գոնե միանգամից

Posted by lragrox at 03:58:22 | Permanent Link | Comments (6) |