Wednesday, January 30, 2008

Կացնային, տափակ, անհետաքրքիր հեռուստաքարոզարշավ

Արդեն ոչ թե տեսություն է, այլ աքսիոմա, որ ապացույցի կարիք չկա, որովհետև բոլորն էլ համաձայն են. ՀՀ նախագահ–2008–ի հեռուստաքարոզարշավը ուղղակի ձանձրալի է։ Նախ, կարող է որևէ մեկը պատասխանել, թե երբ է որոշվել լրատվական ծրագրերի այդ ֆորմատը՝ ամեն օր թեկնածուների մասին բյուլետեններ թողարկել։ Ախր դրանք ոչ ոք չի նայում բացի թեկնածուներից ու դիտորդներից։ Լրագրողները հոգնում են, սպառվում և կրկնում ոչ միայն նույն մտքերը, այլև copy-paste անում նախադասությունները։

Հենց այս օրերին ԱՄՆ–ում էլ են նախագահական ընտրություններ։ Ես այսքան ժամանակ չտեսա, որ էդքան ինտենսիվորեն լուսաբանեն թեկնածուներին։ Ընդհակառակը, խոսում են միայն արդյունքներից՝ օրինակ Ֆլորիդայում կայացած վերջին պրայմերի ընտրություններից։

Հասկացանք, որ կա վճարովի ու անվճար եթեր, շատ լավ է, որ կա՝ թող թեկնածուները իրենց ներկայացնեն, իրենց ծրագրերն ու թիմերը։ Բայց ինչու են նույն բանը՝ ավելի վատ փորձում անել լրատվական ծրագրերը։ Նախ, ընտրություններով այս երկիրը չի ապրում։ Ձմեռ է, ցուրտ է՝ մարդիկ հազիվ են հասցնում էլեկտրաէներգիայի ու գազի փողը վճարել։ Երկրորդը՝ ամեն օր այդքան տեղ հատկացնելով ընտրություններին՝ դու հոգնեցնում ես լսարանին։ Արդյունքում ոչ քո արածն է գնահատվում, հետն էլ հեռուստադիտող ես կորցնում։

Վաղուց ժամանակն է, որ նախընտրական ժամանակ լրատվական ծրագրերը անցնեն ավելի լուրջ գործի՝ այն է ծառայեն ժողովրդին, օգնեն քաղաքացուն, որ կատարի ճիշտ ընտրություն։ Դրա համար անհրաժեշտ են շատ հարցազրույցներ, թե որ թեկնածուն ինչ է առաջարկում, ումն է ավելի լավը կամ վատը, ով ինչպիսի սխալներ է գործել նախկինում։ Մի խոսքով....

Հ.Գ. Իրականում հոդվածն ավելի երկար էր, բայց չգիտես ինչու ջնջվել էր։ Նորից գրելու հավես չկա:)

Posted by lragrox at 16:12:45 | Permanent Link | Comments (0) |

Friday, January 25, 2008

Happy Birthday to me...

Արդեն խմած...թախծոտ, ուրախ, կարոտած ու ընկերների հետ....iPod–ը հետս, Ford–իս մեջ, ձմեռվա մեջ, քամու երակները պատռելով, տիեզերքը փնտրելով ....ինչ–որ մեկի հետ, ինչ–որ տեղ ես ապրում եմ իմ ծնունդը...

Բջջայինս ճղում  է, անընդհատ Messages....ամեն մեկը մի բան է գրում՝ ավելի երկար, ոնց–որ թե օրիգինալ...բայց դե ում են պետք է ուրվականների հաղորդագրությունները...հենց իրենց երևի...

Արևածագն ավելի կարևոր է, ուրվականներ՝ հեռացեք, թողեք ապրեմ, գնում եմ բառ՝ տրամվայով....

Շարունակելի...եթե ուժ ունենամ, կամ խելք

12 Ժամ անց

Նախ՝ նախաբանը գրել եմ հունվարի 24-ի լույս 25-ի գիշերը...Մեր հարևանությամբ մի հատ բար կա, այնտեղ գնացի, խմեցի ու տեղում էլ գրեցի։ Ի դեպ, այս տարվա լրագրողական պաշտոնական խմիչքն է՝ Red Bull Vodka։ Ուրեմն, վերցնում եք սովորական Ռեդ Բուլը՝ 50 գրամ, խառնում 75 գրամ օղիով և խմում սառույցով։ Անմահական է։

Լավ, քանի որ անվանակարգերից խոսք գնաց ապա, հրապարակեմ ցուցակը։
Այս տարի ես լսում եմ ու դեռ կլսեմ ու նաև ձեզ եմ խորհուրդ տալիս լսել. 

Maroon 5 (օրը մի քանի անգամ)
Fall Out Boy
Collective Soul
Amy Winehouse (հանգստյան օրերին և սեքսի ժամանակ)
Red Jump Suit
The Last Goodnight (Pictures of you երգը սպանում է)
Rooney
Leny Kravitz
Linkin Park (նոր ալբոմը)
Corey Taylor

Հայերից, սրտի մեծ կսկիծով, բայց արդեն զզված հրաժեշտ եմ տվել Հայկոյին։ Հիմա լսում եմ Նառա և Արամե։ Եթե ունեք ավելի լավ առաջարակներ՝ համեցեք։

Սերիալների տասնյակը մի քիչ փոխվել է։ HBՕ–ն հաղթեց ABC-ին։ Եվ այսպես, եթե հնարավորություն ունենաք դիտեք

Entourage
Deadwood
One Tree Hill
Grey's Anatomy
Friday Night Lights
The Tudors
Dexter
Gossip Girl
Riches
Dirt

Կինոներից կարող եմ ընդամենը թվարկել թե ինչ եմ պատրաստվում դիտել
Juno
No country for old men
There will be blood
Elizabeth. Golden Age
Բոբ Դիլանի մասին ֆիլմը, անունը չեմ հիշում։

Իսկ հիմա ծնունդիս մասին։ Գլխավոր իրադարձությունն իհարկե իմ ամենամոտ ընկերոջս՝ Արամի ժամանումն էր Վաշինգտոնից։ Էդ առիթով շատ խմվեց ու «ուրախացվեց»։ Ծնունդը մեկնարկեց ուրբաթ երեկոյից մինչև կիրակի հետկեսօր, երբ Արամը նստեց օդանավ։

Գլխավոր երեկոյին հատուկ «համերգով» բոլորին զարմացրեց և հատկապես Արամին իմ հարևան Քեյսին՝ էնքան էր խմել, որ գոռալով Ջոնի Քեշ էր երգում, հետո ուզում էր ըմբշամարտի մրցույթ անցկացնել, հետո՝ իր պատրաստած ու դեռ անպատրաստի գարեջուրն էր բոլորին հյուրասիրում։ Դրան գումարած հաճախակի փսխելն ու մարիխուանան....մի խոսքով, հաջորդ օրը Քեյսին արթնացավ ամբողջ դեմքը կարմիր։ Պնդում էր, որ թանից է՝ ասում է շատ խիտ էր, օրգանիզմը սովոր չէր, դրա համար ալերգիա էր տվել...

Եվ ամենակարևորը՝ ես որքան էլ իմ երևանյան ընկերներին բացատրեմ ժամային տարբերությունը, միևնույն է՝ նրանք զանգում են երբ իրենց հարմար է։ Արդյունքում, ես այս ուիկ–էնդին քնեցի ընդամենը 2-3 ժամ, որովհետև հենց «աչքս կպնում էր»....էլի զանգ։ Ես չգիտեի, որ էդքան մարդ կարող է ցանկանա իմ ծնունդը շնորհավորել։

Հա, ի դեպ, 30 տարեկան դարձա։ Էդ առիթով շնորհավորանքները մի տեսակ ցավակցություն էին հիշեցնում։ Անընդհատ հարցնում էի՝ լավ ե՞ս, շատ ես տխո՞ւր...Ախր, անկեղծ ասած, չեմ էլ մտածել այդ ուղղությամբ, հետո՝ 30—ը ինչի արդեն ծերության նշան է՞...Ինձ թվում է, որ տղամարդը տարիքի մասին պետք է մտածի միայն այն ժամանակ, երբ այլևս Վիագրան չի օգնում։ Մինչև այդ՝ այն տարիքի ես, ինչ զգում ես,– պնդում է ժողովրդական ասացվածքը։

Այսքանը։ Մեզ մոտ խորը ձմեռ է։ Անընդատ ձյունում է, ամենուր սպիտակ է։ Red Bull Vodka–ն շատ պահանջված է այս օրերին...

Posted by lragrox at 01:07:55 | Permanent Link | Comments (4) |

Sunday, January 20, 2008

Իմ հարևան Քեյսին

Բացի նրանից, որ իմ հարևան Քեյսին իր պահարանում մարիխուանայի պարտեզ ունի և իր նջասենյակից տարածվող բույրը հիմա ամբողջ բնակարանով է, հիմա էլ որոշել է, որ շատ փող է վատնում գարեջրի վրա։ Ավելի շուտ՝ ես ասացի, թե հերիք է խմես գարեջուր, այն իմաստով, որ կգիրանաս։ Նա էլ հասկացել է, թե հերիք է փող ծախսես գարեջրի վրա։

Երեկ գնաց ու գնեց գարեջուր արտադրելու հատուկ սարք։ Հիմա էլ գարին է լվանում, որ թթվեցնի։ Ընդհամենը մի դարակ ուներ հագուստի համար, դա էլ կօգտագործի գարեջրի համար։ Հագուստն էլ՝ բացի պահարանից ամենուր է։ Ես մեկուսացել եմ իմ սենյակում և արգելել եմ նրան նույնիսկ ինձ հետ խոսել։ Մեր բնակարանը ոնց–որ կիսախելագար պրոֆեսորի կենտրոնակայան լինի...հյուրասենյակի կենտրոնում կավե ամանով հող՝ նոր է բերել մարիխունայի համար, խոհանոցում՝ նոր ու մեծ ճամպրուկ՝ ինձ են նվիրել ու չգիտեմ որտեղ դնել, հետս ման եմ տալիս բնակարանով, ինչպես շանը...էլ չեմ ասում մեր երկու հեծանիվները, անընդհատ աշխատող հեռուստացույցը, Քեյսիի սենյակից տարածվող բույրերը և քաունթրի երաժշտությունը, իմ դեդլայներն ու հոդվածները, որոնք ամեն օր որոշում եմ գրել, հետո ինչ–որ բան խանգարում է, մեր միակ բազմոցին քնող մարդիկ, որոնց իմ կամ Քեյսի ընկերներն են։

Հա, դրան գումարած մեքենաս փչացել է ու ես արդեն մեկ օր է տանից դուրս չեմ եկել։ Եվս մեկ օր, և սովից կմահանամ՝ որովհետև սնունդս վերջանում է։ Հա, մեկ էլ ես ու Քեյսին այսօր պետք է գնանք «Հարսնացուին» տեսնելու։ «Հարսնացուն» Macintosh ընկերության նոր համակարգիչն է։ Ամեն օր գնում ենք Best Buy, նայում ենք հարսնացուին, նոր բան հայտնաբերում, ու գալիս տուն ու պլանավորում, թե երբ ենք առնելու։

Քեյսին ասում է՝ եթե գարեջուրն ու մարիխուանան ծախենք, ապա կարող ենք երկուսիս համար էլ գնել։ Մարիխուանան կաճի մի երկու ամսից, գարին էլ կթթվի մի երեք։ Մի խոսքով, ինչպես ասում է հայտնի ապարանյան ժողովրդական իմաստուն խոսքը, հարգելի էշ, մի սատկիր...

Posted by lragrox at 09:26:41 | Permanent Link | Comments (0) |

Friday, January 18, 2008

«Ուրախ ավտոբուս»՝ ըստ ամերիկյան ու ամերիկացիներիով

Հավանաբար այս ուիկենդը ամենատարօրինակներից էր իմ ամբողջ ամերիկյան կեսնագրության մեջ։ Ամեն ինչ սկսեց մեր ֆակուլտետի Ջեյմս Կազինսկին։ Նա առաջարկեց վարձել ավտոբուս և մեկնել Վենդովեր, որը Յութայի «Լաս Վեգասն» է, ուղղակի դրա փոքր տեսակը։ Հա, գտնվում է Յութայի ամենածայրում և ըստ էության Նեվադայում է։

Երեք շաբաթ էլեկտրոնային փոստով բոլորիս զզվեցնելուց հետո, վերջապես խումբը ձևավորվեց։ Մենք 15 հոգի էինք։ Բոլորս էլ մագիստրատուրայի ուսանողներ, մի մասը՝ ասպիրանտներ։ Ավտոբուսում խմելը թույլատրվում էր։ Ամեն մեկը ինչ–որ խմիչք էր վերցրել։ Ես՝ իմ սիրած թեքիլլան՝ «1800»։ Եվ իհարկե լայմ՝ սա կարծես լիմոն լինի, բայց ավելի կանաչ է ու ավելի թթվաշ։

Մի խոսքով, խմելով գնացինք, քեֆ արեցինք, պոկեր, բլաք ջեք խաղացինք, առանց ձեռքերի տեքիլա խմելու մրցույթ կազմակերպեցինք, հետո՝ աչքերը փակ դեգուստացիա, հետո՝ անծանոթ մարդկանց հետ ավելի արագ ծանոթանալու ինչ–որ հիմար խաղ....։

Վերադառնում ենք։ Ամեն ինչ սկսեց Նիկը։ Ասաց՝ խաղում ենք խաղ՝ «ես երբեք երբևէ չեմ արել...» ու պետք է շարունակես։ Ով արել է՝ ձեռք է բարձրացնում, ով չի արել՝ խմում է։ Երևի հենց այդ ժամանակ կամ դրանից հետո ես հասկացա, որ իմ ֆակուլտետի ժողովուրդը մեղմ ասած տարօրինակ է։ Բոլորը ինձ առաջին հայացքից ու դեռ առաջին սեմեստրից թվում էին շատ կենտրոնացած, շատ ակադեմիական։

Նախ՝ ամեն մեկը գիտեր որ տարօրինակ է, բայց այդ մասին արտահայտվում էր ազատ ու հանգիստ։ Կարծես նորմալ լիներ։ Մարդկային, առավել ևս սեփական խենթության հետ այդքան համերաշխ մարդկանց դեռ չէի տեսել։ Դատեք ինքներդ։

Ջեյմս– Շաբաթ և կիրակի դիտում է ամերիկյան ֆուտբոլ։ Նորմալ է, ուղղակի քանի որ այդ ֆուտբոլը միանգամից երեք ալիքով է հեռարձակվում, ապա նա գնել է միանման երեք հեռուստացույց, դրել իրար կողքի ու միաժամանակ էլ նայում է։ Ինձ պատմում էր, թե որքան դժվար է ունիվերսալ հեռակառավարման վահանակով կարգավորել ձայները։

Օթըմ– Օթըմը, որ թարգմանաբար նշանակում է Աշուն, հմայիչ շիկահեր օրիորդ է։ Նշանված է։ Պատմեց, որ հանկարծակի է եկել առաջարկից, քանի որ այդ ժամանակ ուռած էր։ Երբ որ ուշքի է եկել, տեսել է, որ ձեռքին մատանի կա։ Հիմա չգիտի ինչ անել։ Տղային՝ ոչ այն է հավանում է, ոչ այն է չի հավանում։ Վենդովերում ցանկանում էր մատանին գրավ դնել, որ էլի պոկեր խաղա։ Մի կերպ չթողեցինք։

Նիկ– Իմ տպավորությամբ ամենաակադեմիական ասպիրանտը։ Պարզվեց սեքսոհոլիկ է։ Անընդհատ ցանկանում է սեքսով զբաղվել ու այդ պատճառով ոչ մի ընկերուհի չի դիմանում երկար։ Այդ մասին բարձրաձայն պատմում էր Օթըմին, որն էլ ավելի բարձր գոռում էր՝ «իզուր ես պատմում, միևնույն է սեքսով չենք զբաղվելու։ Քո քիչը իմ դուրը չի գալիս»։

Մայք– Ասաց, որ իր բնակարանի պատերը արդեն մի քանի տասնյակ անգամ ներկել է։ Պատճառը՝ երբ ուռռում է, ցանկանում է պատերը ներկել։ Հիմա որոշել է՝ այլևս ներկ չի առնելու։ Խորհուրդ տվեցի իմ բաղադրատոմսը՝ ուռռել և պաղպաղակ ուտել։ Ասաց՝ ներվեր չունի ծամելու։

Էնի– Հենց նոր  է ամուսնացել Դերեկի հետ։ Ամբողջ ճանապարհին գոռում էր՝ Դերեկ չհամարձակվես մրսել, հաջորդ շաբաթ փորձելու ենք երեխա ունենալ։ Հետո պատմեց, որ եթե հաջորդ երեքշաբթի սեքսով զբաղվեն, ապա տղա կլինի, եթե չորեքշաբթի, ապա աղջիկ։ Ես հարցրեցի՝ իսկ ինչու ոչ ասենք, ուրբաթ կամ երկուշաբթի։ Ասաց՝ հարմար չէ, բոուլինգ խաղալու են գնալու։

Հա, էդ ժամանակ խոսակցությանը խառնվեց Սառան, որն արդեն երեք տարի է ինչ ամուսնացած է։ Երեխա չեն կարողանում ունենալ՝ ամուսնու պատճառով։ Հիմա «սուրոգատ» հայր են փնտրում՝ առողջ ու առանց հոգեկան շեղումների։ Նիկը տեղից գոռաց՝ «ես պատրաստ եմ», ասացին՝ երկրորդ չափանիշով չես համապատասխանում, Ջեյմսն ասաց՝ երկուշաբթի կարող է գալ, էլի չհամաձայնեցին։ Ես ուշադիր լսում էի, մեկ էլ հանկարծ Սարան թե՝ «ի՞նչ ես անում հաջորդ շաբաթ, արի մեր տուն ճաշելու...»։ Թե ոնց հրաժարվեցի՝ չեմ էլ հիշում...մի կերպ։

Այս ցուցակը կարելի է հավերժ շարունակել։ 15–ից յուրաքանչյուրը ինչ–որ մի բանով տարօրինակ էր։ Այդքանով հանդերձ հրաշալի ժամանակ անցկացրեցինք։ Երևի հենց այն պատճառով, որ ոչ ոք չէր փորձում Սուրբ ձևանալ կամ կատարյալ՝ բոլորս էլ սովորական, գետնին կպած մարդիկ ենք՝ մեր իդեալներով, մեր թերություններով ու մեր տարբերություններով։ Ընդհակառակը, այդքան խենթի հետ շփվելը ինչ–որ իմաստով թերապևտիկ է։

Posted by lragrox at 09:10:19 | Permanent Link | Comments (1) |

Wednesday, January 16, 2008

Նախընտրական «հատորներ»

Արդեն հրապարակվել են ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերը։ Անկեղծ ասած, ես ինքս այդքան ժամանակ չունեմ, որ նստեմ ու բոլորն էլ կարդամ։ Աչքի տակով անցկացրել եմ ԼՏՊ–ի և ՍՍ–ի ծրագրերը։ Փոխարենը իմ քաղաքագետ ընկերը կարդացել է գրեթե բոլորինը։ Դա նրա մասնագիտությունն է։

Թե ինչ են առաջարկում թեկնածուները՝ այդքան էլ կարևոր չէ։ Ի վերջո, վատ բան չեն առաջարկելու։ Ուղղակի ընկերս մի հետաքրքիր դիտարկում արեց՝ հենց այս օրերին իրենց ծրագրերը ներկայացնելու հնարավորություն ունեն ԱՄՆ նախագահի թեկնածուները։ Եվ ոչ մեկի մոտ այդքան հաստափոր, երկար–բարակ ծրագրեր չես գտնի։ Ում են պետք դրանք։ Գեղամյանի ծրագիրը ոնց–որ Հարրի Փոթերի կախարդական գիրքը հիշեցնի՝ այնքան երկար է։

Ամեն ինչ արագ սպառող և ըստ մասնագետների, «նվազագույն ուշադրության» այս դարում ո՞վ է կարդալու այդ ծրագրերը։ Ավելի լայն և առաջին հերթին երիտասարդությանը հասկանալի լինելու համար թեկնածուները պետք է հանդես գային ոչ թե «գրքերով», այլ «outline»–ներով, այսինքն համառոտագրերով՝ այս ոլորտում սա եմ խոստանում, սա, ու մեկ էլ սա։ Ո՞վ  ներվեր ունի կարդալու օրինակ հենց նույն Գեղամյանի կամ վարչապետի ներկայացրած երկար–բարակ, պաշտոնական լեզվով գրված ու անհետաքրքիր գործողությունների ծրագիրը։

Ցավն այն է, որ մինչև հիմա մեր թեկնածուներին և նրանց թիմերին թվում է, թե 88–ն է ու միակ ինֆորմացիայի աղբյուրը «բրոշյուրներն» են ու «թերթերը»։ Մարդիկ էլ բան ու գործ չունեն, պետք է նստեն ու դրանք կարդան։ Եվ ամենակարևորը՝ այդ ծրագրերն ուղղված են հենց իրենց սերնդակիցների համար։ Երիտասարդության մասին ոչ–ոք չի մտածում։ Ջահելիներին օգտագործում են հենց նույն այդ ծրագրերը բաժանելու գործում։ Բայց մի հատ հարցրեք՝ հենց նույն այդ ջահելները կարդացե՞լ են այն, ինչ այս ցրտին բաժանում են։ Իհարկե չեն կարդացել, որովհետև ձանրձրալի է։

Լավ, երկուշաբթի օրվանից սկսվում է նախընտրական քարոզարշավը։ Տեսնենք էս անգամ ինչպես կներկայանան։
Posted by lragrox at 08:07:49 | Permanent Link | Comments (0) |

Monday, January 14, 2008

Առաջինն այս տարում

Եվ այսպես, բլոգավորումը սկսեցինք։ Բոլոր նրանց համար, ովքեր հետևում էին բլոգին, ու զարմանում, թե ինչու չի թարմացվում՝ ցանկանում են ներողություն խնդրել։ Զբաղված էի ապրելով։ Անցած 3-4 շաբաթները հագեցած էին ճամփորդություններով, բազմաթիվ խնջույքներով ու հանդիպումներով, նոր ծանոթություններով և հին ընկերներին տեսնելով։

Ի տարբերություն նախորդ տարվա, երբ դիմավորեցի Ամանորս Նյու–Յորքում, այս տարի Արևմտյան ափում էի՝ Կալիֆորնիայում։ Ու ինձանից անկախ, բայց և շատ կանխատեսելի, իմ հանգիստն անցավ հայերի հետ և շատ հայկականացված։ Այդ մասին երևի առաջիկայում կգրեմ, նույնիսկ իրեղեն ապացույցներ ունեմ՝ լուսանկարներ։

Իսկ առայժմ իմ կյանքի ամենագլխավոր նորության մասին. ես հրաժարվել եմ ծխելուց։ Անհավատալի է նույնիսկ ինձ համար, բայց կարծես թե ստացվում է։ Ամերիկայում թարգելուն շատ լրջությամբ եմ վերաբերում՝ անվճար հեռախոսային խորհրդատվությունից մինչև հոգեբանի ծառայություններ են առաջարկում, որովհետև, գիտեք երևի, որ ծխախոտը թույլ թմրամոլ է և դրանից շատ դժվար է հրաժարվելը։

Երկար բարակ գրականություն կարդալուց հետո, Google անելուց հետո, լավագույն տարբերակը հակածխախոտային կպչաններն էին, որ կպցնում ես ուսիդ (կամ որտեղ ուզես), որը քեզ աստիճանաբար ապահովում է մինչև 21 մգ նիկոտին։ Փաստորեն, զուտ ֆիզիոլոգիապես դու այլևս նիկոտինի կարիքը չունես։ Մնում է միայն հոգեբանորեն պատրաստ լինել՝ հրաժարվելու սովորույթի ուժից։

Իսկ անկեղծ ասած, ծխելու սովորույթը վերջին շրջանում ավելի շատ ստրես էր հիշեցնում, քան հաճույք։ Տանը չէի կարող ծխել, առավոտյան ծխում էի բալկոնում՝ սառելով, համալսարանում չէի կարող՝ սառում էի մուտքի մոտ, սրճարաններում չէի կարող՝ անընդհատ դուրս էի գալիս փողոց...Մի խոսքով, շատ էի մրսում։ Հետո էլ, պետք է մտածեի հոտի մասին՝ մարդկանց տհաճ է ծխախոտի հոտը, բույրը, և այլն։ Մի խոսքով, հենց այսքանը հաշվի առնելով որոշեցի հրաժարվել իմ ավելի քան տասը տարվա սովորույթից։ Առավել ևս, որ Նոր Տարում ինքս ինձ այդ մասին խոստում էի տվել։

Ու գիտեք ի՞նչ՝ գոհ եմ։ Ոնց–որ ազատագրված լինեմ, չեմ մտածում քնելուց առաջ մի հատ էլ ծխելու, առավոտյան ծխելու, տուփը վերջանալու վրա է՝ նորը գնելու, այրիչը չկորցնելու, անպայման մաստակ գնելու մասին։ Ես անգամ չէի էլ պատկերացնում, թե օրվա մեջ որքան ժամանակ եմ ծախսում ծխելուն պատրաստվելու և վայր ու ժամանակ գտնելու մասին։

Մի խոսքով, աշխարհը մեկ ծխամոլով պակասեց։ Comment–ում գրեք, թե դուք ինչ վատ սովորույթից եք ցանկանում հրաժարվել ու եթե ծխում եք, ապա մտածել եք երբևէ դրանից հրաժարվելու մասին։
Posted by lragrox at 21:27:15 | Permanent Link | Comments (2) |