Thursday, June 05, 2008

Հոտերն ու հայրենիքը

Ես արդեն Հայաստանում եմ։ Գրեթե անհավատալի է, բայց՝ փաստ։ Ես Երևանում եմ։ Ինչ եմ տեսել, նկատել՝ կգրեմ առաջիկայում։ Հիմա՝ ինչ եմ զգացել. ՍՐՏԽԱՌՆՈՑ։ Առաջինը, ինչ նկատում ես, դա հոտերն են։ Հոտերը Երևանում շատ են։ Շատ–շատ ու խիստ։ Առաջին մի քանի օրը տաքսիով երթևեկելուց հետո որոշեցի երթուղային նստել։ Չեմ ասում, թե երկու տարի առաջ նույնը չէր։ Նույնն էր, բայց հույս ունեի, որ փոխված կլիներ։ Մարդիկ ուղղակի շատ են քրտնում կամ չեն լողանում ընդհանրապես։ Քրտնքագարշահոտությունը բժժացնում է։ Դրա դեմ չես կարող պայքարել ոչ էլ մարդկանց զգուշացնել։

Երկորրդ հոտը՝ փոշին է։ Ամբողջ Երևանով մեկ այնպիսի փոշի է, որ ուղիղ երեք օրից մոտս սկսվեց ալերգիա։ Մինչև հիմա չի էլ անցնում։ Փոշին անխնա թևածում է ամենուր և հատկապես մայրաքաղաքի կենտրոնում։ Օդի աղտոտվածության մակարդակը նորմայից 70 անգամ բարձր է։ Գումարած խցանումները ու դու շնչում ես մի օդ, որ հասկանում ես, որ ուղղակի թունավոր է։

Երրրորդ հոտը. ես հասկանում եմ, որ բոլորս էլ պետք է օգտագործենք օծանելիք, բայց այն չափը, որով լողանում են ջահելները, ուղղակի մեկ ուրիշ ալեգիայի բուն է։ Ախր, դա լցնում են ու քրտնում։

Հաջորդը հենց փողոցում պատրաստվող ուտելիքի հոտն է։ Ավելի շուտ արդեն մի քանի օր տափակված ձեթի։ Դա այնքան սուր է, որ հոտի ուժգնությունից կարելի է գուշակել, թե որտեղից է
գալիս։

Հիմա կասեք, գնացել է Հայաստան, ինչեր է նկատում։ Բայց չէ, նախ, սա քաղքենիական դիտարկում չէ, երկրորդը՝ չես կարող չնկատել։ Ավելի շուտ կարող ես, եթե վերջին երկու տարում ապրել ես համարժեք հոտերի մեջ։ Բայց եթե չես ապրել, ապա՝ նկատում ես։

Ի՞նչ ես անում հետո, երբ նկատում ես ու զգում ես...Ոչինչ։ Ուղղակի օտարանում ես ու աշխատում ես հարմարվել ու մտածել, որ հոտից ավելի կարևոր արժեքներ ու նպատակներ կան։ Ընդամենը օրվա վերջում հայտնաբերում ես, որ փոշին վերջնականապես սևացրել է սպիտակ կոշիկներդ, որ աչքերդ մռմռում են, ալերգիադ ուժգնանում է և որ հոգեխախտի պես մեկ օրվա մեջ չորրորդ անգամ լոգանք ես ընդունում։

Posted by lragrox at 07:32:03 | Permanent Link | Comments (2) |