Ձմեռ՝ օրացույցին, ծառերին և մեր հոգիներում
Ինչպես անցկացրեցիր ուրբաթ գիշերդ,–հարցրեց ընկերս Վաշինգտոնից։ –Ապեր, գլխացավից մեռնում եմ... –Պարզ է, ալկոհոլիկ... –Չէ, չէ, ես չեմ խմել, ուղղակի մեծ խանդավառությամբ դիմավորել եմ ձմռան առաջին օրըԱյս երկխոսությունից 12 ժամ առաջ...
Ուրբաթ երեկոն Ամերիկայում սեքսի և հանգստի օր է։ Ու քանի որ իմ մոտ էլ սեմեստրի վերջն է, ապա երկուսի մասին էլ, բացի տեսական զրույցներից իմ հարևանի հետ, ավելին լինել չէր կարող (Օրինակ, կարող ենք երկար ժամանակ զրուցել թե ո՞րտեղ կարելի է ավելի լավ դահուկ քշել՝ Յութայո՞ւմ, թե՞ Կոլոռադոյում, կամ ո՞ր դերասանուհին է ավելի սեքսուալ՝ Ջեննիֆեր Էնիստո՞նը, թե՞ Անջելինա Ջոլին, կամ մեր հավերժ կռվի թեման՝ մարիխուանա ծխելը համարվում է թմրամոլությո՞ւն, թե՞ ուղղակի լիցքաթափման միջոց, ինչպես օրինակ վիսկին)։
Մի խոսքով, դելատ բիլո նեչեգո, դելո բիլո վեչերոմ...Նոյեմբերի 30–ի երեկոյան իմ հարևան Քեյսին թակեց դուռս...թե գնում եմ խմիչքների խանութ։ Գալիս եմ։ Գնացինք։ Ամերիկայում ես մի հատ պրոբլեմ ունեմ։ Չեմ կարողանում ընտրել՝ օրինակ, ֆրանսիական գինի, թե իտալական, կարմիր, թե սպիտակ...Քեյսին էլ առանձնապես կոնկրետ չէ իր որոշումներում։
Հանդիպեցիք ավտոկանգառում։ Պարզվեց՝ շատ ենք առել...Որոշեցինք մեր բնակարանում ստեղծել «բառ»։ Սեղանն էլ ունեինք։ Մի քանի րոպեից այն լցվեց։ Հետո էլ՝ հո մենակ չէինք խմելու։ Ու մինչև ես կգնայի սպորտսրահ մի քիչ մարզվելու, մինչև եկա՝ Չիլիական կաբերներ–շավինյոնս արդեն կեսին էր հասել...
Կա չէ՞ մարդկանց տեսակ, որ իրենց զանգես, նույնն է, թե ևս մի 12 հոգու։ Քեյսին ճակատագրական սխալ էր կատարել ու զանգել էր իր մտերիմ ընկերներից մեկին՝ Դաստինին՝ արի խմելու։ Դաստինն եկել էր իր ընկերուհի, յոգայի ուսուցիչ Ջեյնի հետ, Ջեյնը զանգել էր Թրոյին ու Աննային, Դաստինն էլ ճամփին վերցրել էր մի հատ աղջկա, որ եկել էր երկու մեծ շնով, որն էլ իր հերթին հրավիրել էր մի հատ տղու, որ պայքարում էր համաշխարհային ջերմացման դեմ ու դրա համար չէր սափրվում...
Ինձ ինչ՝ ես նորմալ էի, միայն թե չիլիական գինիս արագ էր սպառվում։ Ու քանի որ դուրս շատ էր գալիս, որոշեցի, որ ամենաշատ խմողը ես պետք է լինեմ...էդ ընթացքում շներով աղջիկը պատրաստում էր ինչ–որ կոկտեյլներ, ասում էր՝ բաղադրատոմսերը սովորել էր Իռլանդիայում։ Մենք էլ որպես տանտերեր, առաջին փորձողներն էինք...
Ուղիղ կեսգիշերին ազդարարվեց՝ պարոնայք շնորհավորում ենք։ Այսօր պաշտոնապես դեկտեմբերի 1-ն է, 2007–ի ձմռան առաջին օրը։ Ու ձյուն չկա։ Խմեցինք այդ առիթով նույնպես։ Հետո՝ կենացների բովանդակությունը գնալով ավելի կիսադեպրեսային–քաղաքական էր դառնում, օրինակ, բոլոր 30 տարեկան չամուսնացած դեմոկրատների համար, ովքեր հասկանում են, որ Օբաման դժվար ընտրվի, բայց և համոզված են, որ առաջինը ԱՄՆ նախագահ կլինի սևամորթը, քան թե կինը։
Դաստինի յոգոտ ընկերուհին անընդհատ պատմում էր տանտրայի, մոջոյի և այլ անհասկանալի բառերով բաների մասին,որ չէիր հասկանում, թե ինչ է՝ հոգեվիճակ, կամասուտրայի պոզա, թե ուղղակի ես էի խմած ու չէի կարողանում հասկանալ նրա անգլերենը...
Քանի որ երկար ժամանակ շատ չէի խմել, ապա այդքան ալհոկոլ սպառելուց օրգանիզմիս արձագանքը ավարտվեց զուգարակոնքի հետ հաճախակի շփումներով և կիսաուշագնաց քնով։ Հիշում եմ մինչև քնելս ասացի՝ տե կտեսնեք, վաղը ձյուն կգա։ Էս Ամերիկայում անգամ եղանակն է պլանավորված։ Բոլորը լսեցին, բայց ոչ–ոք չարձագանքեց, որովհետև Քեյսին այդ ժամանակ ամբողջ ուժով հայհոյում էր բնապահպան անթրաշին...
Կեսօրին մոտ, աչքերս բացեցի սուրճի թարմ բույրից ու շատ ուժեղ սպիտակից...Դրսում խորը ձմեռ էր։ Սպիտակ։ Հանգիստ...Ճիշտ էի էլի...Ամերիկայում անգամ ձմեռն են ծրագրավորում։ Սուրճի փոխարեն պիցցա կերա, թեյ խմեցի ու նորից քնեցի...Երեկոյան զբաղված էի՝ գնալու էի Հիլարի Քլինթոնի նախընտրական արշավին մասնակցելու։ Հա, էդ առումով երեկոյան խիստ քննադատության ենթարկվեցի, բայց չեմ հիշում ինչի համար...կարծեմ՝ բոլորը դժգոհ էին նրա առաջարկված բժշկական ապահովագրության նոր ծրագրից։ Բայց դե ինձ ինչ..., հա, որ ասեցի «ինձ ինչ», կարծեմ դրա համար...
Միով բանիվ, ինչպես կասեր մի խելագար գրաբարի–դասախոս լրագրող (հները կիմանան ում մասին է խոսքը)...Քո մոտ ինչ կա չկա բարեկամ, ձյուն կա՞...
P.S. Հենց նոր շներով աղջիկը զանգեց։ Շները լուծ են։ Ինչ–որ մեկը նրանց գարեջուր էր խմացրել։ Քեյսին մի կես ժամ համոզում էր, որ շները, ինչպես նաև բոլոր ստամոքս ունեցող արարածները, լուծից չեն մահանում...գոնե միանգամից


Միանում եմ բոլոր նրանց ում գլուխը ցավում է ու ինչ որ մի տեսակ սրտխառնոց ունեն...
Ռուսատանում էլ ձմռան առաջին օրը դիմավորում են ժանրի լավագույն ավանդույթներով, հատկապես որ նաեւ Դումայի ընտրությունների հետ են համընկնում: Էստեղ ընտրատեղամասում, զարմանալի ռուսական մտածելակերպ, բոլոր ընտրողները իրենց քաղաքացիական պարտքը կատարելուց հետո, կարող են էժան գներով օղի, բուբլիկներ ու կաթ առնել... բոլորը շատ ափսոսում են որ մի քանի շիշ հնարավոր չէ ընտրել... արդյունքում գոհ ու երջանիկ են եւ Միացյալ Ռուսաստան կուսակցությունը, եւ ռուսները եւ ես, որ իրենց հետ նշում էի Պուտինի հանրաքվեն, (էստեղ էդպես են ասում ես ընտրություններին. կարծեմ Վենեսուելայում էլ Չավեսի հանրաքվեն է)... մի խոսքով դժգոհություններ չկան, միայն թեթեւ գլխացավ ու մի տեսակ սրտխառնոց, երեւի բուբլիկներից եմ թունավորվել...
Նարեկ
(Comment this)
Ամեն դեպքում կարգին փոստինգ էր, մեծ բավականությամբ ընթերցեցի ու մեկ անգամ էլ ամփսոսացի սխալ ուղղորդված ներուժի համար: Չնայած գիտեմ, թե ինչ արժե ազատության զգացումը, եթե անգամ լոկ ներշնչանք է այն...
(Comment this)
Նարեկ, պրիվետ բրադյագա։))))) Ուրախ եմ, որ ընթերցում ես բլոգը և շնորհակալ եմ Commenti համար։ Կարո՞ղ ես մի քիչ երկար գրել, տեղադրեմ բլոգում որպես առանձին մաս։ Հավես կլինի։
Անանունին ( նախ, խնդրում եմ, գրեք էլի Ձեր անունը, թեկուզ Nicknam–ը, որ պատասխանելը հեշտ լինի) շնորհակալ եմ ընթերցելու և ոչ պակաս, արժանի ու դեռ մի բան էլ ավելի, մեկնաբանության համար։ Թեև հանուն արդարության պետք է նկատեմ՝ էդքան էլ ուղղորդված չեմ, հա։ Ուղղակի ապրում եմ կյանքով, որն ինձ դուր է գալիս, անում եմ այն, ինչ ինձ դուր է գալիս ու շփվում եմ մարդկանց հետ, ովքեր ինձ դուր են գալիս։ Դա կարող է պատահել ամեն երկրում։ Չէ, Նարե՞կ։
(Comment this)
Իհարկե, բայց
…թու-թու-թու…
Աչքով տված չլինեն:
Պատկերացնում եք Սանկտ-Պետրբուրգում (նախկին Լենինգրադ) հիմա էլ ես եմ բլոկադայի մեջ` ինֆորմացիոն բլոկադայի:
Լրագրողի վերջին հաղորդագրությունից հետո, համառուսաստանյան բոլոր հեռուստաընկերություններով, միացյալ Ռուսաստանի ու գրեթե ոչնչով չտարբերվող կոմունիստների հաղթանակի ձոնից բացի, ինչ որ շատ պատկերովոր ու անհասկանալի ոգեւորությամբ պատմում են` ինչ ահավոր վիճակ է ԱՄՆ-ում…
Ռեպորտաժները սկսվում են մոտավորապես էսպես` ամերիկացի փրկարաները հերթական անգամ անկարող են փրկել սեփական քաղացիներին…
Ըստ ՌՏՌ-ի, ամեն ինչ ավելի վատ է, քան լուծ ընկած շները ու անգամ Լրագրողի սրտխառնոցը` մի ձյուն, մի քամի, ջրհեղեղ, անբախտ ամերիկացիները ոչ լույս ունեն, ոչ հեռախոս, անգամ դպրոցներն ու արագ սնդնի կետերն են փակվել…
Անկեղծ ասած, ինչ սկսել եմ լրագրությունից մի քիչ հասկանալ, ՌՏՌ-ին մեղմ ասած էնքան էլ չեմ վստահում, ինտերնետը երկար փորփրել հիմա չեմ կարող (Ռուստանում կրթվող ասպիրանտի համար դա թանկարժեք դեսերտ է), միաժամանակ` արի ու տես… զանգում եմ էլ ԱՄՆ, չեմ միանում…
Հիմա երկընտրանքի մեջ եմ` ում հավատամ, լսափողին հենված սեփական ականջներիս, հեռուստացույցից չկտրվող աչքերիս, թե ներքին հանգստությանս` հուսով եմ ու առաջին անգամ ուրախ, որ ՌՏՌ-ը չափազանցեցնում է` ինչպես միշտ` ՌՏՌ-ն ասում է ընտրություները անցել են առանց նշանակալից խախտումների, բայց անգամ բատանիկ ուսանողներն են ներկա գտնվել ու մասնակցել ավելի շատ Երեւանայան Չարբախին հատուկ կառուսելային, լցոնային խախտումներին...
ՌՏՌ-ն ասում է` ոստիկանները կոռուպցիայի համար ձերբակալվել են` ընտրությունների նախօրեին ռուս միլիցաները ծանոթներիցս մեկին ուղղակի փողոցում` Պետրոս Մեծի արձանի կողքով անցնելիս, կանդալել էին, տարել քաղմաս, գրպանը ուղղակի թմրանյութ քցել, հետո ձեռքից առել նոր տարուն տուն վերադառնալու համար մի ամբողջ կիսամյակ հավաքած ուսանողական ամբողջ թոշակը, մի լավ կագեբեկական մեթոդներով (դեմքին չխփեք, բայց պոչկեքի հերը անիծեք) ծեծել ու կեսգիշերին անկոպեկ, կիսակենդանի փողոց շպրտել……. որպես թերմայի շարունակություն` պետերբուրգյան կտրող քամու ու լիքը-լիքը ձյան տակ…
Փաստորեն ամենուր ձյունը դժբախտություն է բերում, երբեմն չափազանցացված, երբեմն` ոչ էնքան…
Հախվերդյանին երգը հիշեցի`
Ձյուն, սպիտակ ձյուն,
Մեղքերիս բեր թողություն…
թե չէ...
թու-թու-թու...
Նարեկ (Comment this)
Ձյունը դժբախտություն չի բերում, ձյունը գալիս է իր ժամանակին։ Ուղղակի կան երկրներ, որտեղ կարելի է վայելել տարվա չորս եղանակն էլ, իսկ կան երկրներ, որտեղից օրինակ կարելի է ձմռանը շատ արագ էվակուացվել։
Նարեկ ջան, Ամերիկայիում մի 300 հատ, եթե ոչ ավելի քաղաք կա։ Ու եթե Սիեթլի շրջանի հինգ հազարանոց սևամորթների գետտոյական ավանում հոսանքը կտրվել է, ապա դա ոչ թե ամերիկացի փրկարարների մեղքն է, այլ քաղաքային իշխանության։
Իսկ ՌՏՌ–ն ինչպես միշտ ստում է՝ ընդհանրացնելով մեկ ավանի պատմությունը մի ամբողջ երկրի հետ։ Դա նույնն է, թե գնալ Սիբիր ու հեռավոր մի գյուղի պատկերի վրա ցույց տալ, թե որքան հետամնաց է ամբողջ Ռուսաստանը։
Դե թող ցույց տան հենց Սիեթլը, կամ մի քանի մղոնի վրա գտնվող Սան–Ֆրանցիսկոն, կամ Ֆրեզնոն կամ Լոս–Անջելեսը կամ թեկուզ իմ «հայրենիք» Սոլթ Լեյքը։ Այստեղ եթե սարերը չլինեին, ապա խաբար էլ չէինք լինի, որ ձյուն է եկել, որովհետև էնքան արագ մաքրեցին մայթերն ու փողոցները, որ չհասցրեցինք անգամ ձնեպապ սարքել:))))))
Իսկ զանգդ նկատել եմ, ուղղակի դասի էի, չէի կարող պատասխանել։ Հետո էլ՝ հետ զանգեցի, չվերցրեցիր։ Այ, հենց հիմա էլ զանգում եմ՝ ուր ես ախպեր ջան:)))))
Դե լավ, ես գնամ, Թուրքերենով ելույթ ունեմ գրելու։ Մի 15 րոպեանոց։ Բոլորին հաջողություն...հեսա արձակուրդներն են գալիս...
P.S. Ժող ջան, նոր ամերիկյան սերիալ եմ հայտնաբերել...բոմբ է...ավելի շուտ երկու հատ
West Wing և Friday Night Lights...առաջիկայում էդ մասին կգրեմ։
P.P.S. Նարեկ սպասում եմ հոդվածիդ, բայց կարող եմ ես գրածդ էլ դնել։ Դու ասա։ Հա, ի դեպ, բոլորն էլ կարող են մասնակցել...
(Comment this)