«Մամուլի ազատությունը Հայաստանում սահմանափակված է»
Վիեննայում գործող Մամուլի միջազգային ինստիտուտի զեկույցի համաձայն, չնայած մարդու իրավունքների բնագավառում որոշ բարելավումներին՝ մամուլի ազատությունը մեր երկրում սահմանափակված է, անկախ մամուլը գտնվում է ճնշման ներքո, հեռարձակվող մամուլն իշխանամետ է:
Ըստ Ազատություն ռադիոկայանի, զեկույցում նշվում է, որ անցած տարի «Ա1+» հեռարձակման լիցենզիան վերստին մերժվել է. 2002 թվականին եթերից զրկվելուց հետո այդ հեռուստաընկերությունը 11 անգամ դիմել է լիցենզիա ստանալու համաև և ամեն անգամ մերժում է ստացել:
Տպագիր մամուլը բազմազան է, բայց ունի ֆինանսական խնդիրներ: Զեկույցում հիշատակվում է «Ժամանակ Երևան» պարբերական խմբագիր Արման Բաբաջանյանին զինծառայությունից խուսափելու մեղադրանքով չորս տարվա ազատազրկման դատապարտելու մասին փաստը: Ներկայացնելով մի շարք ՀԿ-ների կարծիքը, որ ձերբակալությունը քաղաքական դրդապատճառ ունի, զեկույցը բացի փաստի նկարագրություններից և կարծիքները ներկայացնելուց, որևէ գնահատական կամ որակում դրան չի տվել:

