Հանկարծամահ է եղել Էլվինա Մակարյանը
Այսօր` հուլիսի 9-ին հանկարծամահ է եղել ջազային երգչուհի Էլվինա Մակարյանը: Նրա անշնչացած մարմինը գտել են Գլենդելի իր բնակարանում:
Էլվինա Մակարյանը հայկական ջազի ամենավառ ներկայացուցիչներից մեկն էր: Արդեն 14 տարեկան նա Կոստանտին Օրբելյանի Հեռուստատեսության և ռադիայի պետական նվագախմբի մեներգչուհի էր: Լինելով ջազային կատարող, երգչուհին լայն հասարակությանը հայտնի դարձավ իր անմոռանալի հիթերով` Յարո ջան և Երևան:
1990 թվականին Էլվինա Մակարյանը տեղափոխվում է ԱՄՆ մշտական բնակության, թեև Հայաստանի համար ամենածանր 94-97 թթ. վերադառնում է հայրենիք դասավանդելու:
Դժբախտաբար նոր հազարամյակը երգչուհու համար բերեց մեծ կորուստներ: Մի քանի տարի առաջ մահացավ նրա մայրը, իսկ երկու տարի առաջ հանկարծամահ եղավ միակ 28-ամյա որդին:
Երգչուհին երկար ժամանակ սգում էր որդու կորուստը, թեև վերջին շրջանում սկսել էր իր նոր ձայներիզի աշխատանքը և անգամ մտադիր էր դուրս գալ ամերիկյան շուկա:
Էլվինա Մակարյանը 57 տարեկան էր: Ի դեպ, նա չուներ պետական և ոչ մի մրցանակ:

