Գլենդել. Կարոտի հորիզոնները կիսավիշտ են, կիսահույս
Հոգնել եմ արդեն Գլենդեյլից: Տարօրինակ քաղաք է: Ու տարօրինակ զգացումներ է առաջացնում: Նախ` համարվում է ամենաանվտանգ քաղաքներից մեկը: Շատ մաքուր ու անվտանգ: Հետո` հայաշատ: Շատ են տարբեր անկյուններից այստեղ ապրող հայերը:
Առաջին շաբաթներին սկսեցի շատ հաղորդակցվել հայաստանցիների հետ: Նախ` կուլտուրան էր մոտ, հետո` լեզուն: Ընդ որում, ասելով հայաստանցի, նկատի ունեմ երևանցիներին: Երևանցիներ այստեղ շատ կան` երգիչների, դերասաններ, ռեժիսորներ, լրագրողներ: Ով ուզեք: Բայց գիտեք ինչն է հետաքրքիր. որ ապրելով Ամերիկյանում, դեռ խոսում են Հայաստանի իրենց կյանքի մասին: Իրենց հայաստանյան արկածների մասին: Ու եթե գործ էլ անում են,ապա համեմատվում են Հայաստանում կատարված աշխատանքի հետ: Համեմատվում են հայաստանյան գործընկերների հետ:
Երկրորդ թեման` Հայաստանը քննադատելն է ու աղքատության մասին խոսելը: Կարող են այս մասին ժամերով խոսել` առանց կանգառի: Շատ են խոսում իրենց վարկերի ու պարտքերի մասին: Ու պարտադիր հայհոյում են Ամերիկան: Կարծես` նրանց զոռով են այտեղ բերել: Հա, որ խոսում են` ձայնի ինտոնացիայի մեջ այնքան մուննաթ կա, որ չես հասկանում, թե ում վրա է նեղացած:
Չգիտեմ, բայց անավարտ բան կա նրանց կյանքերում: Անցյալը մի տեղ է, ներկան մեկ ուրիշ, ու չեն էլ պատկերացնում իրենց ապագան: Երբ հարցնում ես ծրագրերից, ապա կմկմոցով մի բան են ասում կամ էլ Հայաստանյան այցի մասին են պատմում:
Իրենց լեզվապաշարում շատ են օգտագործում անգլերեն բառեր, բայց երբ տեղը գալիս է անգելերն խոսելու, պարզվում է լեզուն չգիտեն ու շատ են զարմանում, որ դու գիտես: Հետո` զարմանում են, որ ամերիկյան հեռուստատեսություն ես նայում, ոչ թե հայկական, հետո` հարցնում են, թե ինչու ես անգլերեն գրքեր կարդում, կողքի խանութում տեղեկացնում են, որ Սևակ են վաճառում…
Ու զարմանալին այն է, որ էլի եմ կրկրնում` համեմատվում են Հայաստանի հետ: Այն դեպքում, որ մի քանի փողոց այն կողմ Հոլիվուդն է` համաշխարհային շոու-բիզնեսի սիրտը, այն դեպքում, երբ ապրում են աշխարհի ամենահզոր պետությունում:
Երկակի զգացումներ է առաջացնում այս քաղաքը` մի կողմից կարծես ԱՄՆ-ում ես, բայց մյուս կողմից` միայն հայերեն ես լսում: Հիմա էլ սրճարանում նստած գրում եմ: Հարևան սեղաններին հայերեն խոսակցություններ են: Անցնող մեքենաներից` հայերեն երաժշտություն: Երեխան լացում է հայերեն: Փոստատարը հայ է: Ծառեր խնամողը` հայ: Քաղաքապետը` հայ: Կարծես Հայաստանն է: Էս առիթով Շուշոյի երգի բառերը հիշեցի, ոնց որ հենց էս գրածիս ու գլենդելահայերի համար լինի. կարդացեք ու գրեք ձեր ռեակցիան էս ամենին...
կես կարոտ, կես պատրանք / ծիսական, կիսակյանք / կիսասիրտ, գոյության հպատակ / կես բախտին հակառակ / կիսացավ տառապանք / կիսակիրք կիակամք ժամանակ / կեսերի, կեսերի / կիսափառք հաղթանակ / խելահեղ աշխարհի արձագանք
հեռացել եմ, մոռացել եմ, կիսաերգը, կիսալաց / կարոտի ծիածանները երկնքում չեն հորինված / կարոտի հորիզոնները կիսավիշտ են, կիսահույս / կարոտի հայելինները կիսամութ են, կիսալույս
կարոտի փոթորիկները անցյալին են դիմադրում / կիսամերկ մեր հոգիները վարարում են, ոլորվում / կեսգիշերը հեռանում է, կիսատ օրը լուսանում / կարոտի անհուն ծովերը կիսատ կյանքն է մեզ ներում:

Գլենդեյլի մասին պատմությունների այս շարքը իսկապես մեծ մասով բավարարեց իմ հետաքրքրասիրությունը, ինչի համար մեկ անգամ արդեն շնորհակալություն հայտնել եմ այս բլոգում: Սիրում եմ համով-հոտով նկարագրություններ, որոնք ընթերցելիս քեզ թվում է, թե ներկա ես էդ ամենին: Կրկին ողջունում եմ նախաձեռնությունը և վստահեցնում, որ պատմություններն այս ընթերցող ունեն, և կան մարդիկ, որ դրանց սպասում են...
Սևակ
(Comment this)
by Սևակին
Սևակ ջան, շատ շնորհակալ եմ: Երբեմն ինձ թվում է, թե միայն ինձ համար եմ գրում: Անկախ ամեն ինչից` այս բլոգը ինձ համար դարձել է օրագիր: Այս պահին` Գլենդելի մասին: Կփորձեմ հաճախակի մնալ:
Լրագրող
(Comment this)
Հե՜յ, օրհնյալ լինի խենթերի մեր միասնությունը,
Ատում եմ քեզ, կիսատության գերի,
ձեզ հետ եմ ես, ովքեր ցավից պարում են,
ձեզ հետ եմ ես, ով կամքը իր լարում է,
հեգնում ճակատագրի գորշ երեսին:
Ահա այսպես ակամա շարունակեց թեման իմ համակարգիչը:
Սևակ
(Comment this)
by Artashes
Կարգին մարդկանց հետ չեք շփվում, այդ պատճառով էլ «հոգնել եք Գլենդեյլից»: Այդ տիպի մարդկանց հետ շփվելով Երևանում՝ նույնչափ պետք է հոգնած լինեիք Երևանից:
Անշնորհակալ, անհարգալից ու անազնիվ մարդիկ: Ընդամենը: Հայաստանում լինեն, թե Ճապոնիայում:
Եվ եթե դուք ներքին ազնվություն ունենաիք, չէիք խցկի այստեղ «կարոտի» (և հետևաբար՝ հայրենասիրության) թեման: Անշնորհակալ անպիտանը հայրենիքում էլ նույնն է, և հենց այդ մարդկանց պատճառով էլ հայ ազգի բարոյական նկարագիրը այսօր քայաքայվում է՝ գրեթե անդարձելիորեն, հենց Հայաստանում, առանց որևէ «կարոտների»: Ցավոք, (Սևակի հղումով) ձեր բլոգը կարդալիս ՝ տեսնում եմ, որ այդ ազնվությունը ձեր մեջ պակասում է...
Հրաժեշտ եմ տալիս ձեր բլոգին:
(Comment this)
Հարգելի Արտաշես
Ներողություն եմ խնդրում, եթե որևէ կերպ վիրավորել եմ Ձեզ կա Ձեր զգացմունքները։ Իրականում այս պահին փորձում եմ բլոգն ավելի ինֆորմատիվ պահել, քան վերլուծական։ Այդքանով հանդերձ, երբեմն գրում եմ իմ տպավորություններս, որոնք հիմնված են ԻՄ անձնական փորձի և հանդիպումների վրա։ Ես չեմ բացառում, որ ամենուր և այստեղ ևս կան և ազնիվ և ամբողջական մարդիկ։ Այո կան։ Բայց հանդիպածս եզակիները ապացուցել են ընդհանուր օրինաչափությունը։ Ցավում եմ։ Հուսով եմ ավելի ազնիվ բլոգներ կգտնեք՝ Ձեր հայացքներին և քիմքին հարիր։
Լավագույն մաղթանքներով՝
Լրագրող
(Comment this)