Thursday, October 04, 2007

Իսկական խրատ՝ դասի ժամանակ

Դասերից մեկի ժամանակ իմ երկու համադասարանցիները «role playing» էին անում, այսինքն երկու իրար հակամարտող կողմեր էին ներկայացնում՝ հակամարտությունների կառավարման դասի ընթացքում։ Խնդիրը շատ կենցաղային էր՝ մի կողմը՝ ուսանողը գնել էր մեքենա, որը երեք օր հետո փչացել էր։ Դասախոսը խաղում էր միջնորդ–հաշտարարի դերը։

Հիմա չեմ ցանկանում խորանալ դրա արդյունքների մասին, ընդամենն ասեմ, որ մեդիտացիայի վերջում բոլորը պետք է հայտնեին իրենց կարծիքը։ Ես էլ հայտնեցի։ Ասացի, որ հաշտության համաձայնագիրը անարդար է, որովհետև ուսանողը գործարքի զոհն է։ Այդ ժամանակ ուսանողի «դերատակատարը», որը մոտ 50–ամյա կին էր (այո, անգամ 50 տարեկանում մարդիկ չեն ամաչում և սովորում են), ասաց, որ ինքը չի կարծում և այդպես չի խաղացել իր դերը՝ ինքը զոհ չէ։ Հետո նկատեց. «եթե անգամ մի օր ինձ զոհ զգամ,  լավ է նույնիսկ թոշակի չգնամ...»։

Հետո մտածեցի՝ ախր իմ ամբողջ կյանքի ընթացքում ինձ սովորեցրել են հենց էդ զոհի կեցվածքն ընդունել վեճի ժամանակ, ինձ միշտ ասել են. «մեղք է, իրեն տուր», «լավ էլի խեղճ է, ընդառաջի...»։  Մինչև հիմա էլ, ես հպարտ եմ, որ ես ցեղասպանությունը պահանջող ազգի ներկայացուցիչն եմ։  Որ մենք շրջափակման մեջ ենք գտնվում, որ մեր միակ հասարակական ինստիտուտը եղել է եկեղեցին, պետություն չենք ունեցել։ Մենք պետք է իրար սիրենք, որովհետև մենք խեղճ ենք, մենք Թուրքիայի զոհն ենք, սովետական ավտորիտարիզմից քաշված....ու սենց շարունակ։ Իմ մտերիմ գործընկերից մեկը մի առիթով նկատեց. ես մարդկանց սիրում եմ, երբ նրանց գործերը վատ են։ Երբ լավ են լինում, ինձ համար անհետաքրքիր են դառնում։ 

Բայց հերիք չի։ Չեք կարծում, որ ժամանակն է, որ զոհի կեցվածքից դուրս գանք։ Հերիք չէ խեղճերին ընդառաջենք։ Իմ կարծիքով սխալ է։ Հա, ի դեպ, խնդրում եմ չշփոթել կամ ինձ չհամարել մարդասիրությունից զուրկ։ Խոսքն առաջին հերթին սեփական անձի նկատմամբ վերաբերմունքն է...

Մենք ավելի շատ ենք խոսում Ցեղասպանությունից, քան Արցախի պատերազմի հաղթանակից։ Ի վերջո, հենց դա պետք է փոխանցենք մեր սերունդներին։ Հերիք է սկսած պատմությունից վերջացրած կենցաղում թույլի կեցվածք ընդունել։ Ոչ, ճիշտ հակառակը՝ պետք է պայքարել։  Իմ ամերիկացի համադասարանցու ասածի մեջ շատ մեծ ինքնահարգանք կար. ինքնասիրություն ունեցող մարդը զոհի կեցվածք չի ընդունի։ Ես կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է մեր մոտեցումը՝ մեր ասելով բոլորիս, ինձնանից սկսած փոխել. զոհ կարող է լինել միայն սպանված մարդը։ Եթե կենդանի ես, ուրեմն պետք է պայքարես....Դասախոսս մի հատ լավ ասացվածք ունի, որը հետևյալն է.՝ եթե դա պատահել քո հետ, ուրեմն դա պատահել է քեզ համար...Անգամ ամենավատ իրավիճակներում կարծում եմ պետք է դասեր քաղել, բայց առաջ անցնել։ Չլռվել։ Չդոփել։

Posted by lragrox at 18:26:48 | Permanent Link | Comments (6) |
Comments
1 - Արցախ ասացիր? Սիրտս վատացավ:)
Posted on Friday 5 October 2007 at 03:08 PM by blansh
Ամեն ինչ լավ էր ասված, որոշ վերապահումներով ընդունում եմ, միայն Արցախի պատերազմի հարցում համամիտ չեմ...

Ախր ինչու մեզ ագրեսորի տեղ դնենք, ինչը հիմա անում ենք, երբ իրականում այդպես չէ: Մենք չենք գրավել, մենք ազատագրել ենք... "Արցախի պատերազմի հաղթանակ" եւ նման բառերն էլ պետք է զգույշ օգտագործել...

Հա, համաձայն եմ, երբ խոսում ենք ղարաբաղյան կարգավորման մասին, անվերջ հակափաստարկներ, տեսակետներ ու ընդհանրապես բառարանը բացիր, ցանկացած վերլուծական ու լրատվական միտք արտահայտող բառերի նշանակությամբ մտքեր կարելի է բերել: Սրա մասին չէ խոսքը:

Ուղղակի պետք չէ կյանքի "փոքրիկ" ճշմարտությունները ընդհանրացնել բոլոր դեպքերի համար ու հատկապես Արցախի:

Ե.Գ. Ցանկացած հայ կարող է ցեղասպանության ճանաչման եւ ղարաբաղյան հակամարտության մասին խոսել` ամենայն անկեղծությամբ վրդովվելով ու ամենայն լրջությամբ անձնական դրամայի վերածելով: Ու ցավալին այն է, որ թեմայի ոչ նշածս ֆորմատով անդրադարձը հիմնականում համարվում է պակաս հայրենասիրության դրսեւորում(խոսքը մեծամասնության մասին է): Ծանոթ հոգեբաններիցս մեկը ասում է, որ մենք
բոլոր այս անցքերը դեռ պատմություն չենք դարձրել, դրա համար է այս ախմախ լացակումած մտածողությունը.......
Ինչ երկարացնեմ, կամ մասսայական սիանսներ են պետք կամ էլ, չգիտեմ...ասենք մի ազգափրկիչ ծրագիր մտածիր"..............

Ի դեպ, ուշադիր կարդա վերեւի գրածներս... դրանք ապացուցում են,որ այդ մտածողությունը ինձ վրա էլ ազդեցություն ունի... Չեմ կարծում, որ կա մեկը, ով գոնե անգիտակացականով այս մտածողության ազդեցության տակ չէ, նաեւ դու` լրագրող... Չհամարձակվես չհամաձայնել:))))))))))
 (Comment this)

Written by: Anonymous at 2007/12/28 - 19:16:39
2 - Զոհի զգացում
Posted on Saturday 6 October 2007 at 05:01 AM by Ashot
Զոհի զգացում, որպես ազգային ինքնության հաստատման միջոց շատ, համարյա բոլոր ազգերի մոտ կա: Նույնիսկ ամերիկացիների մոտ եմ նկատել, թե այն ինչպես է արտահայտվում: Փորձեք մեղադրել ամերիկացուն աշխարհի տարբեր գոտիներում ռազմական գործողությունների/պատերազմների մեջ: Օրինակ Աֆղանստանը: Նրանց մտածողության մեջ բոլոր, հատկապես Եվրոպական, ազգերը լքում են թեժ կետերը և չեն պաշտպանում "աշխարհը", և ամերիկացին ստիպված այդ առաքելությունն իր վրա է վերցնում: Նա, մյուս պետությունների կողմից հանուն ժողովրդավարության, անվտանգության և իրավունքների պաշտպանության հրաժարումի զոհն է: Ստիպված կատարում է այն, իր զինվորի կյանքը զոհաբերում է հանուն նրա, ինչից մյուսները հրաժարվում են:

Ինչ վերավբերվում է ԼՂ-ի հակամարտությանը, ապա այստեղ հակառակ երևույթն է, Ադրբեջանը սկսել է իր ինքնությունը ձևավորել հայերի կողմից իրականացրած "ագրեսիայի" հետևանքով զոհի կերպարով: (Comment this)

Written by: Anonymous at 2007/12/28 - 19:17:05
3 - Բլանշին և Աշոտին
Posted on Sunday 7 October 2007 at 11:25 AM by Lragrox
Շնորհակալ եմ արձագանքների համար, բայց թույլ տվեք «համարձակվեմ» երկուսիդ հետ էլ «չհամաձայնել»։

Հարգելի Բլանշ, Արցախի պատերազմի հաղթանակի մասին խոսելը դեռ ամենևին չի նշանակում օկուպանտ կամ ագրեսոր դառնալ։ Ի վերջո այն սկսեց ինքնապաշտպանական մարտերից և կամավորականներից ու վերջացավ կանոնավոր բանակի մարտերով և անվտանգության գոտիների գրավամբ։

Սա գրելով, համաձայն եմ հոգեբանի էքսպերտիզայի հետ, որ գուցե մենք մեր կենսագրությունը դեռ պատմություն չենք դարձրել։ Հիշում եմ ժամանակին, երբ իմ համակուրսեցիներից մեկը ցանկանում էր գրել 88-91 թթ. մասին թեկնածուական, իրեն մերժեցին՝ ասելով, թե դեռ վաղ է։

Հարգելի Աշոտ, ինչ վերաբերում է մյուս ազգերին։ Ամերիկացիների մոտ երբեք չեմ նկատել զոհի զգացում։ Ճիշտ հակառակը, իրենք ասում են՝ մեզ վրա հարձակվեցին, մեր պաշտպանության համար ինչ–որ բան պետք է անեի՞ք։ Ու մարդիկ այս առումով իրավացի են։ Այլ բան է, թե ինչ շարունակություն ունեցավ այդ պատերազմը։ Բայց դա առանձին թեմա է։ Ամերիկացիները չեն ողբում իրենց զոհված զինվորներին, այլ պնդում են՝ Իրաքի պատերազմը մեզ վրա շատ թանկ է նստում, պետք է զինվորներին տուն բերել։
 (Comment this)

Written by: Anonymous at 2007/12/28 - 19:17:32
4 - looking for a not-yet-journalis for italian project
Posted on Thursday 11 October 2007 at 02:33 AM by Anonymous
I have an ambitious project: create a magazine and a blog that collects contributes of several journalists (young, not professionists, not emplyed, not great names) from all over the world who like writing about international politics, his/her country, habits and events, culture, economy...for italian readers. I'm looking for them, people who dreams a chance to sign columns as international journalists, to create the team of writers to start at beginning of 2008. can you help me to find in your country? thank you an answer or let somebody interested contact me at ilabaia@hotmail.com
 (Comment this)

Written by: Anonymous at 2007/12/28 - 19:18:14
5 - Untitled Comment
Posted on Friday 12 October 2007 at 10:31 AM by Anonymous
Սիրելի քաղաքացիներ երկուշաբթի օրը ժամը 13:00-14:00 կառավարության շենքի դիմաց տեղի է ունենալու ցույց ընդդեմ վանդալների որորնք ավիրում են գառնիի բնությունը:

http://bnamard.blogspot.com
 (Comment this)

Written by: Anonymous at 2007/12/28 - 19:18:36
6 - Lragrox-in
Posted on Thursday 25 October 2007 at 04:38 AM by Anonymous
chgitei te vortex grel, ays temai het kap chuni, inchu hankarts Elvina Makaryani masin nyutere anhetacan blogic?
 (Comment this)

Written by: Anonymous at 2007/12/28 - 19:19:09
Write a comment