Կռիվ Օպերայի շրջակայքում
Ըստ "Առավոտ"–ի, օգոստոսի 29-ին օպերայի շրջակայքում գտնվող «Ատլանտիկ» բացօթյա սրճարանում տեղի ունեցավ հերթական ծեծուջարդը: Կռվող երիտասարդները «զինված» էին գարեջրի շշերով եւ ապակյա մոխրամաններով, որոնք կատաղի ուժով իրար եւ սարսափահար հաճախորդների վրա էին նետում: Իսկ նրանց «անվտանգ» ժամանցն ապահովող սրճարանի անվտանգության աշխատակիցները այնքան էին վախեցած, որ սպասեցին, մինչեւ կռվողները լքեն տարածքը, ապա առաջին օգնություն ցուցաբերեցին գլխի վնասվածք ստացած հաճախորդներից մեկին. սիգարետի մոխիր լցրին բաց վերքին, որ արյունը շուտ կտրվի: Բարեբախտաբար, այս անգամ կրակոցներ չհնչեցին եւ պատահական զոհեր չեղան:

