Monday, January 14, 2008

Առաջինն այս տարում

Եվ այսպես, բլոգավորումը սկսեցինք։ Բոլոր նրանց համար, ովքեր հետևում էին բլոգին, ու զարմանում, թե ինչու չի թարմացվում՝ ցանկանում են ներողություն խնդրել։ Զբաղված էի ապրելով։ Անցած 3-4 շաբաթները հագեցած էին ճամփորդություններով, բազմաթիվ խնջույքներով ու հանդիպումներով, նոր ծանոթություններով և հին ընկերներին տեսնելով։

Ի տարբերություն նախորդ տարվա, երբ դիմավորեցի Ամանորս Նյու–Յորքում, այս տարի Արևմտյան ափում էի՝ Կալիֆորնիայում։ Ու ինձանից անկախ, բայց և շատ կանխատեսելի, իմ հանգիստն անցավ հայերի հետ և շատ հայկականացված։ Այդ մասին երևի առաջիկայում կգրեմ, նույնիսկ իրեղեն ապացույցներ ունեմ՝ լուսանկարներ։

Իսկ առայժմ իմ կյանքի ամենագլխավոր նորության մասին. ես հրաժարվել եմ ծխելուց։ Անհավատալի է նույնիսկ ինձ համար, բայց կարծես թե ստացվում է։ Ամերիկայում թարգելուն շատ լրջությամբ եմ վերաբերում՝ անվճար հեռախոսային խորհրդատվությունից մինչև հոգեբանի ծառայություններ են առաջարկում, որովհետև, գիտեք երևի, որ ծխախոտը թույլ թմրամոլ է և դրանից շատ դժվար է հրաժարվելը։

Երկար բարակ գրականություն կարդալուց հետո, Google անելուց հետո, լավագույն տարբերակը հակածխախոտային կպչաններն էին, որ կպցնում ես ուսիդ (կամ որտեղ ուզես), որը քեզ աստիճանաբար ապահովում է մինչև 21 մգ նիկոտին։ Փաստորեն, զուտ ֆիզիոլոգիապես դու այլևս նիկոտինի կարիքը չունես։ Մնում է միայն հոգեբանորեն պատրաստ լինել՝ հրաժարվելու սովորույթի ուժից։

Իսկ անկեղծ ասած, ծխելու սովորույթը վերջին շրջանում ավելի շատ ստրես էր հիշեցնում, քան հաճույք։ Տանը չէի կարող ծխել, առավոտյան ծխում էի բալկոնում՝ սառելով, համալսարանում չէի կարող՝ սառում էի մուտքի մոտ, սրճարաններում չէի կարող՝ անընդհատ դուրս էի գալիս փողոց...Մի խոսքով, շատ էի մրսում։ Հետո էլ, պետք է մտածեի հոտի մասին՝ մարդկանց տհաճ է ծխախոտի հոտը, բույրը, և այլն։ Մի խոսքով, հենց այսքանը հաշվի առնելով որոշեցի հրաժարվել իմ ավելի քան տասը տարվա սովորույթից։ Առավել ևս, որ Նոր Տարում ինքս ինձ այդ մասին խոստում էի տվել։

Ու գիտեք ի՞նչ՝ գոհ եմ։ Ոնց–որ ազատագրված լինեմ, չեմ մտածում քնելուց առաջ մի հատ էլ ծխելու, առավոտյան ծխելու, տուփը վերջանալու վրա է՝ նորը գնելու, այրիչը չկորցնելու, անպայման մաստակ գնելու մասին։ Ես անգամ չէի էլ պատկերացնում, թե օրվա մեջ որքան ժամանակ եմ ծախսում ծխելուն պատրաստվելու և վայր ու ժամանակ գտնելու մասին։

Մի խոսքով, աշխարհը մեկ ծխամոլով պակասեց։ Comment–ում գրեք, թե դուք ինչ վատ սովորույթից եք ցանկանում հրաժարվել ու եթե ծխում եք, ապա մտածել եք երբևէ դրանից հրաժարվելու մասին։
Posted by lragrox at 21:27:15 | Permanent Link | Comments (2) |
Comments
1 - Ծխելը թողնելուց հեշտ բան աշխարհում չկա: Ես արդեն մի 20 անգամ թողել եմ:)

Բարով վերադարձար: (Comment this)

Written by: Anonymous at 2008/01/15 - 03:33:20
2 - Դու փաստորեն ծխելը չես թողել, այլ դադար ես վերցրել կամ ծխել ես մի քիչ ավելի երկար «պաուզաներով»...:) (Comment this)

Written by: lragrox at 2008/01/16 - 08:58:45
Write a comment