Friday, January 18, 2008

«Ուրախ ավտոբուս»՝ ըստ ամերիկյան ու ամերիկացիներիով

Հավանաբար այս ուիկենդը ամենատարօրինակներից էր իմ ամբողջ ամերիկյան կեսնագրության մեջ։ Ամեն ինչ սկսեց մեր ֆակուլտետի Ջեյմս Կազինսկին։ Նա առաջարկեց վարձել ավտոբուս և մեկնել Վենդովեր, որը Յութայի «Լաս Վեգասն» է, ուղղակի դրա փոքր տեսակը։ Հա, գտնվում է Յութայի ամենածայրում և ըստ էության Նեվադայում է։

Երեք շաբաթ էլեկտրոնային փոստով բոլորիս զզվեցնելուց հետո, վերջապես խումբը ձևավորվեց։ Մենք 15 հոգի էինք։ Բոլորս էլ մագիստրատուրայի ուսանողներ, մի մասը՝ ասպիրանտներ։ Ավտոբուսում խմելը թույլատրվում էր։ Ամեն մեկը ինչ–որ խմիչք էր վերցրել։ Ես՝ իմ սիրած թեքիլլան՝ «1800»։ Եվ իհարկե լայմ՝ սա կարծես լիմոն լինի, բայց ավելի կանաչ է ու ավելի թթվաշ։

Մի խոսքով, խմելով գնացինք, քեֆ արեցինք, պոկեր, բլաք ջեք խաղացինք, առանց ձեռքերի տեքիլա խմելու մրցույթ կազմակերպեցինք, հետո՝ աչքերը փակ դեգուստացիա, հետո՝ անծանոթ մարդկանց հետ ավելի արագ ծանոթանալու ինչ–որ հիմար խաղ....։

Վերադառնում ենք։ Ամեն ինչ սկսեց Նիկը։ Ասաց՝ խաղում ենք խաղ՝ «ես երբեք երբևէ չեմ արել...» ու պետք է շարունակես։ Ով արել է՝ ձեռք է բարձրացնում, ով չի արել՝ խմում է։ Երևի հենց այդ ժամանակ կամ դրանից հետո ես հասկացա, որ իմ ֆակուլտետի ժողովուրդը մեղմ ասած տարօրինակ է։ Բոլորը ինձ առաջին հայացքից ու դեռ առաջին սեմեստրից թվում էին շատ կենտրոնացած, շատ ակադեմիական։

Նախ՝ ամեն մեկը գիտեր որ տարօրինակ է, բայց այդ մասին արտահայտվում էր ազատ ու հանգիստ։ Կարծես նորմալ լիներ։ Մարդկային, առավել ևս սեփական խենթության հետ այդքան համերաշխ մարդկանց դեռ չէի տեսել։ Դատեք ինքներդ։

Ջեյմս– Շաբաթ և կիրակի դիտում է ամերիկյան ֆուտբոլ։ Նորմալ է, ուղղակի քանի որ այդ ֆուտբոլը միանգամից երեք ալիքով է հեռարձակվում, ապա նա գնել է միանման երեք հեռուստացույց, դրել իրար կողքի ու միաժամանակ էլ նայում է։ Ինձ պատմում էր, թե որքան դժվար է ունիվերսալ հեռակառավարման վահանակով կարգավորել ձայները։

Օթըմ– Օթըմը, որ թարգմանաբար նշանակում է Աշուն, հմայիչ շիկահեր օրիորդ է։ Նշանված է։ Պատմեց, որ հանկարծակի է եկել առաջարկից, քանի որ այդ ժամանակ ուռած էր։ Երբ որ ուշքի է եկել, տեսել է, որ ձեռքին մատանի կա։ Հիմա չգիտի ինչ անել։ Տղային՝ ոչ այն է հավանում է, ոչ այն է չի հավանում։ Վենդովերում ցանկանում էր մատանին գրավ դնել, որ էլի պոկեր խաղա։ Մի կերպ չթողեցինք։

Նիկ– Իմ տպավորությամբ ամենաակադեմիական ասպիրանտը։ Պարզվեց սեքսոհոլիկ է։ Անընդհատ ցանկանում է սեքսով զբաղվել ու այդ պատճառով ոչ մի ընկերուհի չի դիմանում երկար։ Այդ մասին բարձրաձայն պատմում էր Օթըմին, որն էլ ավելի բարձր գոռում էր՝ «իզուր ես պատմում, միևնույն է սեքսով չենք զբաղվելու։ Քո քիչը իմ դուրը չի գալիս»։

Մայք– Ասաց, որ իր բնակարանի պատերը արդեն մի քանի տասնյակ անգամ ներկել է։ Պատճառը՝ երբ ուռռում է, ցանկանում է պատերը ներկել։ Հիմա որոշել է՝ այլևս ներկ չի առնելու։ Խորհուրդ տվեցի իմ բաղադրատոմսը՝ ուռռել և պաղպաղակ ուտել։ Ասաց՝ ներվեր չունի ծամելու։

Էնի– Հենց նոր  է ամուսնացել Դերեկի հետ։ Ամբողջ ճանապարհին գոռում էր՝ Դերեկ չհամարձակվես մրսել, հաջորդ շաբաթ փորձելու ենք երեխա ունենալ։ Հետո պատմեց, որ եթե հաջորդ երեքշաբթի սեքսով զբաղվեն, ապա տղա կլինի, եթե չորեքշաբթի, ապա աղջիկ։ Ես հարցրեցի՝ իսկ ինչու ոչ ասենք, ուրբաթ կամ երկուշաբթի։ Ասաց՝ հարմար չէ, բոուլինգ խաղալու են գնալու։

Հա, էդ ժամանակ խոսակցությանը խառնվեց Սառան, որն արդեն երեք տարի է ինչ ամուսնացած է։ Երեխա չեն կարողանում ունենալ՝ ամուսնու պատճառով։ Հիմա «սուրոգատ» հայր են փնտրում՝ առողջ ու առանց հոգեկան շեղումների։ Նիկը տեղից գոռաց՝ «ես պատրաստ եմ», ասացին՝ երկրորդ չափանիշով չես համապատասխանում, Ջեյմսն ասաց՝ երկուշաբթի կարող է գալ, էլի չհամաձայնեցին։ Ես ուշադիր լսում էի, մեկ էլ հանկարծ Սարան թե՝ «ի՞նչ ես անում հաջորդ շաբաթ, արի մեր տուն ճաշելու...»։ Թե ոնց հրաժարվեցի՝ չեմ էլ հիշում...մի կերպ։

Այս ցուցակը կարելի է հավերժ շարունակել։ 15–ից յուրաքանչյուրը ինչ–որ մի բանով տարօրինակ էր։ Այդքանով հանդերձ հրաշալի ժամանակ անցկացրեցինք։ Երևի հենց այն պատճառով, որ ոչ ոք չէր փորձում Սուրբ ձևանալ կամ կատարյալ՝ բոլորս էլ սովորական, գետնին կպած մարդիկ ենք՝ մեր իդեալներով, մեր թերություններով ու մեր տարբերություններով։ Ընդհակառակը, այդքան խենթի հետ շփվելը ինչ–որ իմաստով թերապևտիկ է։

Posted by lragrox at 09:10:19 | Permanent Link | Comments (1) |
Comments
1 - Lavn er.
mi tesak zgaci en inch wor nkaragrel es.
isk da erevi te lav e:) (Comment this)

Written by: Anonymous at 2008/01/29 - 12:38:26
Write a comment