Իմ հարևան Քեյսին
Բացի նրանից, որ իմ հարևան Քեյսին իր պահարանում մարիխուանայի պարտեզ ունի և իր նջասենյակից տարածվող բույրը հիմա ամբողջ բնակարանով է, հիմա էլ որոշել է, որ շատ փող է վատնում գարեջրի վրա։ Ավելի շուտ՝ ես ասացի, թե հերիք է խմես գարեջուր, այն իմաստով, որ կգիրանաս։ Նա էլ հասկացել է, թե հերիք է փող ծախսես գարեջրի վրա։
Երեկ գնաց ու գնեց գարեջուր արտադրելու հատուկ սարք։ Հիմա էլ գարին է լվանում, որ թթվեցնի։ Ընդհամենը մի դարակ ուներ հագուստի համար, դա էլ կօգտագործի գարեջրի համար։ Հագուստն էլ՝ բացի պահարանից ամենուր է։ Ես մեկուսացել եմ իմ սենյակում և արգելել եմ նրան նույնիսկ ինձ հետ խոսել։ Մեր բնակարանը ոնց–որ կիսախելագար պրոֆեսորի կենտրոնակայան լինի...հյուրասենյակի կենտրոնում կավե ամանով հող՝ նոր է բերել մարիխունայի համար, խոհանոցում՝ նոր ու մեծ ճամպրուկ՝ ինձ են նվիրել ու չգիտեմ որտեղ դնել, հետս ման եմ տալիս բնակարանով, ինչպես շանը...էլ չեմ ասում մեր երկու հեծանիվները, անընդհատ աշխատող հեռուստացույցը, Քեյսիի սենյակից տարածվող բույրերը և քաունթրի երաժշտությունը, իմ դեդլայներն ու հոդվածները, որոնք ամեն օր որոշում եմ գրել, հետո ինչ–որ բան խանգարում է, մեր միակ բազմոցին քնող մարդիկ, որոնց իմ կամ Քեյսի ընկերներն են։
Հա, դրան գումարած մեքենաս փչացել է ու ես արդեն մեկ օր է տանից դուրս չեմ եկել։ Եվս մեկ օր, և սովից կմահանամ՝ որովհետև սնունդս վերջանում է։ Հա, մեկ էլ ես ու Քեյսին այսօր պետք է գնանք «Հարսնացուին» տեսնելու։ «Հարսնացուն» Macintosh ընկերության նոր համակարգիչն է։ Ամեն օր գնում ենք Best Buy, նայում ենք հարսնացուին, նոր բան հայտնաբերում, ու գալիս տուն ու պլանավորում, թե երբ ենք առնելու։
Քեյսին ասում է՝ եթե գարեջուրն ու մարիխուանան ծախենք, ապա կարող ենք երկուսիս համար էլ գնել։ Մարիխուանան կաճի մի երկու ամսից, գարին էլ կթթվի մի երեք։ Մի խոսքով, ինչպես ասում է հայտնի ապարանյան ժողովրդական իմաստուն խոսքը, հարգելի էշ, մի սատկիր...

