Wednesday, February 27, 2008

Մեր հոգսերի փետրվարը

Դաժան ամիս էր, դաժան ձմեռ էր...

Բան ու գործներս թողած հետևում ենք, թե ի՞նչ է կատարվում Հայաստանում։ Տագնապով։ Մեծ անհանգստությամբ, որովհետև հանրային համակարգը, իշխանություն–ընդդիմություն հարաբերություններն այնքան վայրի են, որ արյունահեղությունը գրեթե անխուսափելի է։ Այս պահին նույնիսկ անիմաստ էլ է որևէ վերլուծություն անելը, փնտրելը...ուղղակի շունչներս պահած կարդում ենք իրադարձությունների զարգացմանը։ Ու աղոթում՝ որ հանկարծ որևէ մեկին չսպանեն, որևէ մեկին հաշմանդամ չդարձնեն, որ երկիրը այս ալեկոծումից շահի, ու ոչ թե կորցնի, որ տարաձայնությունը չդառնա ատելության ու թշնամանքի պատճառ, որ յուրաքանչյուրը՝ ամենաճակատագրական պահին զգա չափն անցնելու սահմանը։

Սոսկալի է, երբ հասարակությունն այսքան երկփեղկված է։ Երկրները կործանվել են առավելապես հենց ներքին անհամաձայնության պատճառով ու ոչ թե արտաքին աշխարհի հարվածներից։ Այսօր մենք հենց այդ եզրին ենք՝ երբ կարող ենք շահել այս ամեն ինչից կամ ամեն ինչ կորցնել...

Ես ինձ համարում եմ ոչ լևոնական, ոչ սերժական, երկուսի ելույթներում եմ ճշմարտություն տեսնում եմ, երկուսի շրջապատի մարդկանցից զզվում եմ, երկուսին էլ հարգում եմ։ Աղոթենք, որ բոլոր նրանց, ովքեր կարող են որոշում ընդունել, ընդունեն այնպիսի որոշում, որ երկիրը չկործանեն...Եկեք աղոթենք, որովհետև հայրենիքից հեռու ոչնչով չենք կարող օգնել...

Posted by lragrox at 13:17:26 | Permanent Link | Comments (1) |
Comments
1 - Մամուլի շենքի մոտ արյան հետքեր կան, հենց արձանի առջեւ... պատկերացնում ես առավոտը օպերայից մի խումբ փախել հասել են էդտեղ, բայց ոստիկանները բռնել են ու հենց ՄԱՄՈՒԼԻ ՇԵՆՔԻ ԱՌԱՋ գլուխները ջարդել...

Մի քանի րոպե առաջ վերադարձա Մյասնիկյանի արձանի դիմացի բարիկադների մոտից... ծխի հոտ էր գալիս, պատերի տակ ոմանք շշերի մեջ բենզին էին լցնում, մյուսները չրթում, գրեթե բոլորի ձեռքին երկաթից ձողեր էր, աչքերում` սպիտակ տենդ...

Մյասնիկյանի արձանի տակից Նիկոլի ձենն էր լսվում` հիմա-հիմա... մեկն էլ երգում էր` խեղճ մշեցին... հետո անցա հրապարակի կողմը` ամբողջ Հանրապետության հրապարակը լիքն էր` ոնց որ զինվորականների հանրահավաք լիներ... ուրիշ մարդ չկար... զինվորականներ-ավտոմատներով ու շտիկնոժներով, դուբինկաներով, վահաններով ու նույն հիվանդ տենդը աչքերում...

Հայերի ավանդական երկրորդ հարցի -ոնց էս-ի փոխարեն, բոլորը բարեւից առաջ էլ նույն բանն էն հարցնում` բա հիմա ինչ ա լինելու... իհարկե Վարդենիկ գյուղի չոբանը, կամ Մալացիայից եկած մի դախլչի ինչ որ բան ասում է, որ լսել է իր հորողպոր տղու հարեւանի լավ ընկերոջ աներձագից, բայց էդ տարբերակները լսելուց հետո, մարդիկ ուղղակի նոր սիգարետ են կպցնում, երեւում ա` հարցի պատասխանը չստացան, կամ չհավատացին...

Վազգեն Սարգսյանի փողոցում չարագուշակ լռություն էր արցունքաբեր գազ բոց թողելուց առաջ, բոլոր լրատվամիջոցների լռությունը ավելի բեթար ա...դե հեռուստատեսությունները-պարզ ա, Քոչարյանի վերջին ասուլիսը դիտելիս հեռուստադիտողիս մոտ տպավորություն էր, որ սապոնի հոտ է գալիս, ազատություն-ը օրը երկու անգամ է, էն էլ կեսը անջատումներով, իսկ ինտենետում` Ա1 ծանրաբեռնված-մեռած ա, մյուսները նույնպես… ես գիտեմ լիքը մարդկանց, որ Ադրբեջանական DAY.az-ից են նորություններ փորձում գտնել, գտնում են...

…Ես գրեթե բոլոր ցույցերին մասնակցել եմ, ու ոչ մի անգամ չեմ գոռացել, որովհետեւ հավասարապես զզվում եմ երկու կողմից էլ, ու երկու կողմի համար էլ անհանգստանում եմ, որովհետեւ երկու կողմում էլ ՄԵՐՈՆՔ են, մի խոսքով, ցույցերի ժամանակ միշտ գոռում էին ամոթ սրան, ամոթ` նրան... ես կարծում էի` էս ամենում մեղավոր են միայն մեր “մտավորականները”, որ թողել են բանը սրան հասնի, որ ծախվել են, կամ ծակը մտել ու մեկ էլ հատկապես ժուռնալիստները, որ անպատասխանատու անողնաշար, ծախու, դիլետանտ, մեծամիտ ու... բայց դե, հասա տուն, մեր տան դիմացի սառույցը ջարդելուց մտացեցի… էս ամենը ունի մասնակցներ, հրահրողներ ու իրագործողներ, օգտվողներ ու տուժողներ, բայց չունի մեղավորներ, որովհետեւ մեր երկրում էսօր բառին արժանի մտավորականներ ու հատկապես ժուռնալիստներ չկան… խնդրում եմ ասա, որ ես սխալ եմ!!!!
Նարեկ
 (Comment this)

Written by: Anonymous at 2008/03/01 - 14:39:09
Write a comment