Wednesday, March 05, 2008

Սովորական ֆաշիզմ

Ըստ Ժողովրդավարության, իշխանությունը միակ օրինական մարմինն է, որ կարող է ուժ գործադրել։ Ու դա հասկանալի էր, երբ ոստիկանությունը փորձում էր Ֆրանսիական դեսպանատան մոտ ցրվածներին կարգավորել։ Դա սպասելի էր։

Այն, որ մարտի 1–ի գիշերից հետո սկսվեցին ձերբակալությունները՝ նույնպես պարզ է։ Հանրային կարգ է խախտվել ու պետք է կազմակերպիչները պատասխան տան։ Ու նաև արտակարգ դրությունն հայտարարելն էլ հասկանալի էր։ Բա ի՞նչ պետք է լիներ...Տանկերը, զորքը, զինվորները՝ առատ–առատ ու կառավարական յուրաքանչյուր շենքի մոտ՝ նորմալ է։

Բայց ինձ համար մի բան է անհասկանալի։ Ինչո՞ւ փակել ինտերնետային կայքե՞րը, ինչո՞ւ լռեցնել Ազատություն ռադիոկայանը՞։ Ինչի՞ համար...թող փակեին այն ժամանակ, երբ արտակարգ դրության պայմանները խախտեին։ Բայց եթե դեռ ոչինչ չի եղել, ապա ինչու են արգելափակո՞ւմ։ ՈՒ ինչո՞ւ ընտրովի...

Ես չեմ ցանկանում ինչ–որ կողմ ընդունեմ ներքաղաքական պայքարում՝ սերժի, թե լևոնի, ես ընդամենը քաղաքացի եմ։ Բայց քաղաքացի, որ տեղեկատվություն ստանալու ամենահիմնարար սկզբունքից զրկվել է։ Ինչո՞ւ է Քոչարյանը այդքան վախենում մամուլից։ Ինչո՞ւ է այդքան հաճույքով ամեն անգամ լռեցնում նրանց։ Չէ՞ որ հենց մամուլի միջոցով է հասարակության դժգոհությունը արտահայտվում ու մարում ու եթե այսօր ընդդիմությանն ավելի շատ եթեր տային, նույն հրապարակի հանրահավաքները այդքան բազմամարդ չէին լինի...

Ամեն օր, մազոխիստական համառությամբ Ռեգնումում կարդում եմ հայկական լուրերը։ Քոչարյանի ասուլիսները և դատախազության հաղորդագրությունները։ Այս ամենի մեջ մի մեջ վտանգ կա՝ մեր երկրում հասունանում է ֆաշիզմ...։ Դա սոսկալի է, բայց փաստ է։ Ֆաշիզմ է ծնվում, որը անդառնալիորեն գնալով ավելի է խորանում։

Ռեպրեսիաներով հաշվեհարդար տեսնելը իշխանության համար ամենահեշտ ձևն է, ավելի դժվար է՝ տարաձայնությունները կարգավորել համաձայնությամբ։ Իսկ դա դեռ չի երևում։ Չեմ ցանկանում որևէ կանխատեսում անել....բայց մի բան պարզ է՝ եթե Քոչարյանն այսպես շարունակեց, շուտով իսկապես հանրահավաք չի լինելու։ Իսկապես չի լինելու՝ գիտեք ինչո՞ւ...որովհետև մարդ էլ չի լինելու։

Առանց չափազանցության, ավելորդ դրամատիզմի, պաթեթիզմի....ես գիտեմ գոնե մի հիսուն ընտանիք, որ արդեն այսօր հավաքում են ճամպրուկները։ Հայաստանում այլևս անհնար է ապրելը...ու ոչ այն պատճառով որ պայմանները շատ վատն են, չէ, վատը չեն, հարկերն էլ կարգին են, փող աշխատելն էլ հնարավոր է, ուղղակի իշխանությունը ֆաշիստական է։ Նրանք ֆաշիստ են։ Սովորական ֆաշիստ՝ որ կիրառում են ընտրովի ժողովրդավարություն, թույլ տալիս աշխատել ընտրովի գործարարներին, որ ընտրովի մենաշնորհներ կան ու ընտրովի ընդդիմադիրներ....Ռոբերտ Քոչարյանը բռնապետ չէ, որովհետև եթե բռնապետ լիներ, հենց այսօր ընդդիմադիրներին կսպաներ կամ կարտաքսեր։ Նա ուղղակի ֆաշիստ է։

Մի բան պետք է վերջապես հասկանալ՝ առանց ազատ մամուլի անհնար է ժողովրդավարական երկիր կառուցել։ Դա ուղղակի անհնար է։ Եվ պետք է հանդուրժող լինել բազմակարծության հետ։ Անհնար է, որ բոլորը միևնույն կարծիքն ունենալ չեն կարող։

Մտքերս անընդհատ գնում–գալիս են։ Ուզում էի ասել հետևյալը՝ հայրենիքը ֆաշիզմի վտանգի առաջ է ու եթե այսպես շարունակվի, ապա Հայաստանը կմնա առանց հայաստանցիների։ Ու դժբախտաբար, այսօր չկա մեկը, որ կարողանար կամ ցանկանար այս վտանգը բարձրաձայնել...

Հ.Գ. Ցավալի է, որ 2003–ին Քոչարյանը իշխանության եկավ ու երդում տվեց այն ժամանակ, երբ իր քաղաքացիներին ծեծում էին, ու հիմա էլ հեռանում է՝ էլի ծեծի ենթարկելով իր քաղաքացիներին։ Քոչարյանը լավ նախագահ կլիներ, եթե բացի ասֆալտից ու շինարարությունից, մի քիչ էլ մեզ սիրեր՝ սովորական քաղաքացիներին, փորձեր շահել մեր համակրանքը, մի քիչ ջերմություն հաղորդեր։ Նա իրեն պահեց որպես գործուղված նախագահ...։

Երանի հաջորդը մի քիչ ավելի սրտացավ լինի, ջիգյար ունենա, սիրտ, հուզվելու ունակություն, սիրի Երևանը այնքան, որքան մենք ենք սիրում, մտածի ոչ թե մայքերը բարեկարգելու, այլ մեր սպիացած հոգիների վերականգնելու մասին, լինի սխալական, բայց չվախենա սխալն ընդունելուց, իրեն հետ չհամաձայնվողի հետ խոսա, ոչ թե զրուցի լրագրողների՛ հետ, այլ մեր հետ, ոչ թե մեզ ասի, այլ մեզ առաջարկի, ոչ թե մեզ ղեկավարի, այլ ծառայի, նախագահ չլինի, այլ նահապետ, գերագույն հրամանատարի փոխարեն՝  սպարապետ... երանի հաջորդ նախագահը ոստիկանության առաջ ոչ թե խնդիր դնի պահպանել հասարակական կարգը , այլ հենց հասարակությունը, ոչ թե մայրաքաղաքի անդորրը, այլ հենց բնակիչներին...առաջին գործը՝ հարկային մուտքերի մասին հաղորդագրություն կարդալու տեղը՝ քաղաքացիների բողոքներն ընթերցելը։ Երանի հաջորդ նախագահին հնարավոր լինեի բարևել, հետը նկարվել, բարեկիրթ խոսել, կատակել, զգաստանալ նրա ներկայությունից, այլ ոչ թե վախենալ դեռ 15 րոպե առաջ։ Երանի մեր նախագահով մենք հիանանք, հպարտության զգացում ապրենք, պատասխանատվություն զգանք, կարոտենք նրան՝ երբ գործուղման մեկնի, աջակցենք՝ դժվարին որոշումներում, բանավիճենք՝ լավագույն որոշման համար, միասին պայքարենք...Տեր իմ Աստված, միթե այսպիսի նախագահ ունենալն այդքան անիրականանալի է, մեզանից հեռու...

Posted by lragrox at 16:21:57 | Permanent Link | Comments (2) |
Comments
1 - Շնորհակալություն քո սրտից բխած խոսքերի համար։
Կասեի նաևմ թե քոչարյանական սիստեմը ո՛չ թե ֆաշիզմ է ,քանի–որ ֆաշիզմը քիչ թե շատ գաղափարային հենքով շարժում է, այլ մի սովորական բռնատիրություն ՝ զօր օրինակ առնելով Լուկաշենկոյի Բելառուսը։ (Comment this)

Written by: Մարտիրոս at 2008/03/09 - 07:39:19
2 - Լավն էր, Արտակ ջան։ (Comment this)

Written by: Anonymous at 2008/03/17 - 21:27:06
Write a comment