Sunday, March 2, 2008

Associated Press: Լուսանկարներ

Posted by lragrox at 00:12:14 | Permalink | No Comments »

Saturday, March 1, 2008

ՄԱՇՏՈՑԻ ՊՈՂՈՏԱ, 01.03.08

alt : http://www.youtube.com/v/N8xmrPHzAiA

Posted by lragrox at 23:50:54 | Permalink | No Comments »

Ականատեսների վկայությամբ

Այսօր Հայաստանի գործնականում անհնար է որևէ տեղեկատվություն ստանալ։ Առաջարկում եմ իմ բլոգն օգտագործել Ձեր տեսածը, Ձեր լսածը այստեղ փոխանցելու համար։ Բոլորս էլ անհանգիստ ենք ու առաջին հերթին մտահոգված՝ մարդկային կորուստներով։

Comment բաժնում տեղադրեք Ձեր նոթերը, դրանք անմիջապես կհայտնվեն հիմնական էջին մի քանի րոպեից։ Եթե կա վիդեո, ապա մեծ սիրով դրանք էլ կտեղադրենք։

Եվ այսպես. Վկայություն Առաջին.

Մամուլի շենքի մոտ արյան հետքեր կան, հենց արձանի առջեւ… պատկերացնում ես առավոտը օպերայից մի խումբ փախել հասել են էդտեղ, բայց ոստիկանները բռնել են ու հենց ՄԱՄՈՒԼԻ ՇԵՆՔԻ ԱՌԱՋ գլուխները ջարդել…

Մի քանի րոպե առաջ վերադարձա Մյասնիկյանի արձանի դիմացի բարիկադների մոտից… ծխի հոտ էր գալիս, պատերի տակ ոմանք շշերի մեջ բենզին էին լցնում, մյուսները չրթում, գրեթե բոլորի ձեռքին երկաթից ձողեր էր, աչքերում` սպիտակ տենդ…

Մյասնիկյանի արձանի տակից Նիկոլի ձենն էր լսվում` հիմա-հիմա… մեկն էլ երգում էր` խեղճ մշեցին… հետո անցա հրապարակի կողմը` ամբողջ Հանրապետության հրապարակը լիքն էր` ոնց որ զինվորականների հանրահավաք լիներ… ուրիշ մարդ չկար… զինվորականներ-ավտոմատներով ու շտիկնոժներով, դուբինկաներով, վահաններով ու նույն հիվանդ տենդը աչքերում…

Հայերի ավանդական երկրորդ հարցի -ոնց էս-ի փոխարեն, բոլորը բարեւից առաջ էլ նույն բանն էն հարցնում` բա հիմա ինչ ա լինելու… իհարկե Վարդենիկ գյուղի չոբանը, կամ Մալացիայից եկած մի դախլչի ինչ որ բան ասում է, որ լսել է իր հորողպոր տղու հարեւանի լավ ընկերոջ աներձագից, բայց էդ տարբերակները լսելուց հետո, մարդիկ ուղղակի նոր սիգարետ են կպցնում, երեւում ա` հարցի պատասխանը չստացան, կամ չհավատացին…

Վազգեն Սարգսյանի փողոցում չարագուշակ լռություն էր արցունքաբեր գազ բոց թողելուց առաջ, բոլոր լրատվամիջոցների լռությունը ավելի բեթար ա…դե հեռուստատեսությունները-պարզ ա, Քոչարյանի վերջին ասուլիսը դիտելիս հեռուստադիտողիս մոտ տպավորություն էր, որ սապոնի հոտ է գալիս, ազատություն-ը օրը երկու անգամ է, էն էլ կեսը անջատումներով, իսկ ինտենետում` Ա1 ծանրաբեռնված-մեռած ա, մյուսները նույնպես… ես գիտեմ լիքը մարդկանց, որ Ադրբեջանական DAY.az-ից են նորություններ փորձում գտնել, գտնում են…

Posted by lragrox at 23:39:32 | Permalink | No Comments »

Wednesday, February 27, 2008

Մեր հոգսերի փետրվարը

Դաժան ամիս էր, դաժան ձմեռ էր…

Բան ու գործներս թողած հետևում ենք, թե ի՞նչ է կատարվում Հայաստանում։ Տագնապով։ Մեծ անհանգստությամբ, որովհետև հանրային համակարգը, իշխանություն–ընդդիմություն հարաբերություններն այնքան վայրի են, որ արյունահեղությունը գրեթե անխուսափելի է։ Այս պահին նույնիսկ անիմաստ էլ է որևէ վերլուծություն անելը, փնտրելը…ուղղակի շունչներս պահած կարդում ենք իրադարձությունների զարգացմանը։ Ու աղոթում՝ որ հանկարծ որևէ մեկին չսպանեն, որևէ մեկին հաշմանդամ չդարձնեն, որ երկիրը այս ալեկոծումից շահի, ու ոչ թե կորցնի, որ տարաձայնությունը չդառնա ատելության ու թշնամանքի պատճառ, որ յուրաքանչյուրը՝ ամենաճակատագրական պահին զգա չափն անցնելու սահմանը։

Սոսկալի է, երբ հասարակությունն այսքան երկփեղկված է։ Երկրները կործանվել են առավելապես հենց ներքին անհամաձայնության պատճառով ու ոչ թե արտաքին աշխարհի հարվածներից։ Այսօր մենք հենց այդ եզրին ենք՝ երբ կարող ենք շահել այս ամեն ինչից կամ ամեն ինչ կորցնել…

Ես ինձ համարում եմ ոչ լևոնական, ոչ սերժական, երկուսի ելույթներում եմ ճշմարտություն տեսնում եմ, երկուսի շրջապատի մարդկանցից զզվում եմ, երկուսին էլ հարգում եմ։ Աղոթենք, որ բոլոր նրանց, ովքեր կարող են որոշում ընդունել, ընդունեն այնպիսի որոշում, որ երկիրը չկործանեն…Եկեք աղոթենք, որովհետև հայրենիքից հեռու ոչնչով չենք կարող օգնել…

Posted by lragrox at 21:17:26 | Permalink | Comments (1) »

Monday, February 11, 2008

Առանց մուսայի

Շատ երկար ժամանակ է չեմ կարողանում «բլոգգել»։ Չգիտեմ ինչն է պատճառը՝ գուցե այն պատճառով, որ հիմա զբաղված եմ դիպլոմայինի գործերով, գուցե այն պատճառով, որ Հայաստանից ստացվող լուրերը առանձնապես ոգեշնչող չեն։

Այն, ինչ այժմ կատարվում է լրատվական դաշտում ուղղակի ցավ է պատճառում։ Ոչ այն պատճառով, որ հեռուստաընկերությունները կողմնակալ են, թերթերը՝ ընդդիմադիր։ Չէ, այլ որ ուղղակի դաշտը որակազրկվել է։ Անորակ է։ Չկան լավ լրագրողներ։ Պատճառները կարող են հազար հատ լինել, բացատրությունները նույնպես։ Բայց փաստ է՝ լրագրողները որակազրկված են՝ անհետաքրքիր, դատարկ, կրկնվող, գավառական։

Էդ ամբողջ նախընտրական քարոզարշավը էնքան գավառական մակարդակի է, որ նույնիսկ չես էլ ուզում քննարկել։ Դեռ մի քանի ամիս առաջ հնարավոր էր զրուցել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին։ Հիմա նույնիսկ իմաստ չունի։ Հիմա գրել էլ պետք չէ։ Ընդամենը Աղոթել՝ որ հերթական ընտրություններին մարդ չզոհվի, որ բանակը ժողովրդի դեմ չհանեն, որ թեկնածուները ծայրահեղ չգտնվեն, որ հաղթանակը Պյուրոսյան չլինի։ Մենակ իրար չսպանեն։ Մնացածի՝ անգամ ոչ լեգիտիմ նախագահի հերն էլ անիծած։

Posted by lragrox at 06:14:33 | Permalink | No Comments »

Thursday, January 31, 2008

Կացնային, տափակ, անհետաքրքիր հեռուստաքարոզարշավ

Արդեն ոչ թե տեսություն է, այլ աքսիոմա, որ ապացույցի կարիք չկա, որովհետև բոլորն էլ համաձայն են. ՀՀ նախագահ–2008–ի հեռուստաքարոզարշավը ուղղակի ձանձրալի է։ Նախ, կարող է որևէ մեկը պատասխանել, թե երբ է որոշվել լրատվական ծրագրերի այդ ֆորմատը՝ ամեն օր թեկնածուների մասին բյուլետեններ թողարկել։ Ախր դրանք ոչ ոք չի նայում բացի թեկնածուներից ու դիտորդներից։ Լրագրողները հոգնում են, սպառվում և կրկնում ոչ միայն նույն մտքերը, այլև copy-paste անում նախադասությունները։

Հենց այս օրերին ԱՄՆ–ում էլ են նախագահական ընտրություններ։ Ես այսքան ժամանակ չտեսա, որ էդքան ինտենսիվորեն լուսաբանեն թեկնածուներին։ Ընդհակառակը, խոսում են միայն արդյունքներից՝ օրինակ Ֆլորիդայում կայացած վերջին պրայմերի ընտրություններից։

Հասկացանք, որ կա վճարովի ու անվճար եթեր, շատ լավ է, որ կա՝ թող թեկնածուները իրենց ներկայացնեն, իրենց ծրագրերն ու թիմերը։ Բայց ինչու են նույն բանը՝ ավելի վատ փորձում անել լրատվական ծրագրերը։ Նախ, ընտրություններով այս երկիրը չի ապրում։ Ձմեռ է, ցուրտ է՝ մարդիկ հազիվ են հասցնում էլեկտրաէներգիայի ու գազի փողը վճարել։ Երկրորդը՝ ամեն օր այդքան տեղ հատկացնելով ընտրություններին՝ դու հոգնեցնում ես լսարանին։ Արդյունքում ոչ քո արածն է գնահատվում, հետն էլ հեռուստադիտող ես կորցնում։

Վաղուց ժամանակն է, որ նախընտրական ժամանակ լրատվական ծրագրերը անցնեն ավելի լուրջ գործի՝ այն է ծառայեն ժողովրդին, օգնեն քաղաքացուն, որ կատարի ճիշտ ընտրություն։ Դրա համար անհրաժեշտ են շատ հարցազրույցներ, թե որ թեկնածուն ինչ է առաջարկում, ումն է ավելի լավը կամ վատը, ով ինչպիսի սխալներ է գործել նախկինում։ Մի խոսքով….

Հ.Գ. Իրականում հոդվածն ավելի երկար էր, բայց չգիտես ինչու ջնջվել էր։ Նորից գրելու հավես չկա:)

Posted by lragrox at 00:12:45 | Permalink | Comments Off

Friday, January 25, 2008

Happy Birthday to me…

Արդեն խմած…թախծոտ, ուրախ, կարոտած ու ընկերների հետ….iPod–ը հետս, Ford–իս մեջ, ձմեռվա մեջ, քամու երակները պատռելով, տիեզերքը փնտրելով ….ինչ–որ մեկի հետ, ինչ–որ տեղ ես ապրում եմ իմ ծնունդը…

Բջջայինս ճղում  է, անընդհատ Messages….ամեն մեկը մի բան է գրում՝ ավելի երկար, ոնց–որ թե օրիգինալ…բայց դե ում են պետք է ուրվականների հաղորդագրությունները…հենց իրենց երևի…

Արևածագն ավելի կարևոր է, ուրվականներ՝ հեռացեք, թողեք ապրեմ, գնում եմ բառ՝ տրամվայով….

Շարունակելի…եթե ուժ ունենամ, կամ խելք

12 Ժամ անց

Նախ՝ նախաբանը գրել եմ հունվարի 24-ի լույս 25-ի գիշերը…Մեր հարևանությամբ մի հատ բար կա, այնտեղ գնացի, խմեցի ու տեղում էլ գրեցի։ Ի դեպ, այս տարվա լրագրողական պաշտոնական խմիչքն է՝ Red Bull Vodka։ Ուրեմն, վերցնում եք սովորական Ռեդ Բուլը՝ 50 գրամ, խառնում 75 գրամ օղիով և խմում սառույցով։ Անմահական է։

Լավ, քանի որ անվանակարգերից խոսք գնաց ապա, հրապարակեմ ցուցակը։
Այս տարի ես լսում եմ ու դեռ կլսեմ ու նաև ձեզ եմ խորհուրդ տալիս լսել. 

Maroon 5 (օրը մի քանի անգամ)
Fall Out Boy
Collective Soul
Amy Winehouse (հանգստյան օրերին և սեքսի ժամանակ)
Red Jump Suit
The Last Goodnight (Pictures of you երգը սպանում է)
Rooney
Leny Kravitz
Linkin Park (նոր ալբոմը)
Corey Taylor

Հայերից, սրտի մեծ կսկիծով, բայց արդեն զզված հրաժեշտ եմ տվել Հայկոյին։ Հիմա լսում եմ Նառա և Արամե։ Եթե ունեք ավելի լավ առաջարակներ՝ համեցեք։

Սերիալների տասնյակը մի քիչ փոխվել է։ HBՕ–ն հաղթեց ABC-ին։ Եվ այսպես, եթե հնարավորություն ունենաք դիտեք

Entourage
Deadwood
One Tree Hill
Grey’s Anatomy
Friday Night Lights
The Tudors
Dexter
Gossip Girl
Riches
Dirt

Կինոներից կարող եմ ընդամենը թվարկել թե ինչ եմ պատրաստվում դիտել
Juno
No country for old men
There will be blood
Elizabeth. Golden Age
Բոբ Դիլանի մասին ֆիլմը, անունը չեմ հիշում։

Իսկ հիմա ծնունդիս մասին։ Գլխավոր իրադարձությունն իհարկե իմ ամենամոտ ընկերոջս՝ Արամի ժամանումն էր Վաշինգտոնից։ Էդ առիթով շատ խմվեց ու «ուրախացվեց»։ Ծնունդը մեկնարկեց ուրբաթ երեկոյից մինչև կիրակի հետկեսօր, երբ Արամը նստեց օդանավ։

Գլխավոր երեկոյին հատուկ «համերգով» բոլորին զարմացրեց և հատկապես Արամին իմ հարևան Քեյսին՝ էնքան էր խմել, որ գոռալով Ջոնի Քեշ էր երգում, հետո ուզում էր ըմբշամարտի մրցույթ անցկացնել, հետո՝ իր պատրաստած ու դեռ անպատրաստի գարեջուրն էր բոլորին հյուրասիրում։ Դրան գումարած հաճախակի փսխելն ու մարիխուանան….մի խոսքով, հաջորդ օրը Քեյսին արթնացավ ամբողջ դեմքը կարմիր։ Պնդում էր, որ թանից է՝ ասում է շատ խիտ էր, օրգանիզմը սովոր չէր, դրա համար ալերգիա էր տվել…

Եվ ամենակարևորը՝ ես որքան էլ իմ երևանյան ընկերներին բացատրեմ ժամային տարբերությունը, միևնույն է՝ նրանք զանգում են երբ իրենց հարմար է։ Արդյունքում, ես այս ուիկ–էնդին քնեցի ընդամենը 2-3 ժամ, որովհետև հենց «աչքս կպնում էր»….էլի զանգ։ Ես չգիտեի, որ էդքան մարդ կարող է ցանկանա իմ ծնունդը շնորհավորել։

Հա, ի դեպ, 30 տարեկան դարձա։ Էդ առիթով շնորհավորանքները մի տեսակ ցավակցություն էին հիշեցնում։ Անընդհատ հարցնում էի՝ լավ ե՞ս, շատ ես տխո՞ւր…Ախր, անկեղծ ասած, չեմ էլ մտածել այդ ուղղությամբ, հետո՝ 30—ը ինչի արդեն ծերության նշան է՞…Ինձ թվում է, որ տղամարդը տարիքի մասին պետք է մտածի միայն այն ժամանակ, երբ այլևս Վիագրան չի օգնում։ Մինչև այդ՝ այն տարիքի ես, ինչ զգում ես,– պնդում է ժողովրդական ասացվածքը։

Այսքանը։ Մեզ մոտ խորը ձմեռ է։ Անընդատ ձյունում է, ամենուր սպիտակ է։ Red Bull Vodka–ն շատ պահանջված է այս օրերին…

Posted by lragrox at 09:07:55 | Permalink | Comments (5)

Sunday, January 20, 2008

Իմ հարևան Քեյսին

Բացի նրանից, որ իմ հարևան Քեյսին իր պահարանում մարիխուանայի պարտեզ ունի և իր նջասենյակից տարածվող բույրը հիմա ամբողջ բնակարանով է, հիմա էլ որոշել է, որ շատ փող է վատնում գարեջրի վրա։ Ավելի շուտ՝ ես ասացի, թե հերիք է խմես գարեջուր, այն իմաստով, որ կգիրանաս։ Նա էլ հասկացել է, թե հերիք է փող ծախսես գարեջրի վրա։

Երեկ գնաց ու գնեց գարեջուր արտադրելու հատուկ սարք։ Հիմա էլ գարին է լվանում, որ թթվեցնի։ Ընդհամենը մի դարակ ուներ հագուստի համար, դա էլ կօգտագործի գարեջրի համար։ Հագուստն էլ՝ բացի պահարանից ամենուր է։ Ես մեկուսացել եմ իմ սենյակում և արգելել եմ նրան նույնիսկ ինձ հետ խոսել։ Մեր բնակարանը ոնց–որ կիսախելագար պրոֆեսորի կենտրոնակայան լինի…հյուրասենյակի կենտրոնում կավե ամանով հող՝ նոր է բերել մարիխունայի համար, խոհանոցում՝ նոր ու մեծ ճամպրուկ՝ ինձ են նվիրել ու չգիտեմ որտեղ դնել, հետս ման եմ տալիս բնակարանով, ինչպես շանը…էլ չեմ ասում մեր երկու հեծանիվները, անընդհատ աշխատող հեռուստացույցը, Քեյսիի սենյակից տարածվող բույրերը և քաունթրի երաժշտությունը, իմ դեդլայներն ու հոդվածները, որոնք ամեն օր որոշում եմ գրել, հետո ինչ–որ բան խանգարում է, մեր միակ բազմոցին քնող մարդիկ, որոնց իմ կամ Քեյսի ընկերներն են։

Հա, դրան գումարած մեքենաս փչացել է ու ես արդեն մեկ օր է տանից դուրս չեմ եկել։ Եվս մեկ օր, և սովից կմահանամ՝ որովհետև սնունդս վերջանում է։ Հա, մեկ էլ ես ու Քեյսին այսօր պետք է գնանք «Հարսնացուին» տեսնելու։ «Հարսնացուն» Macintosh ընկերության նոր համակարգիչն է։ Ամեն օր գնում ենք Best Buy, նայում ենք հարսնացուին, նոր բան հայտնաբերում, ու գալիս տուն ու պլանավորում, թե երբ ենք առնելու։

Քեյսին ասում է՝ եթե գարեջուրն ու մարիխուանան ծախենք, ապա կարող ենք երկուսիս համար էլ գնել։ Մարիխուանան կաճի մի երկու ամսից, գարին էլ կթթվի մի երեք։ Մի խոսքով, ինչպես ասում է հայտնի ապարանյան ժողովրդական իմաստուն խոսքը, հարգելի էշ, մի սատկիր…

Posted by lragrox at 17:26:41 | Permalink | No Comments »

Friday, January 18, 2008

«Ուրախ ավտոբուս»՝ ըստ ամերիկյան ու ամերիկացիներիով

Հավանաբար այս ուիկենդը ամենատարօրինակներից էր իմ ամբողջ ամերիկյան կեսնագրության մեջ։ Ամեն ինչ սկսեց մեր ֆակուլտետի Ջեյմս Կազինսկին։ Նա առաջարկեց վարձել ավտոբուս և մեկնել Վենդովեր, որը Յութայի «Լաս Վեգասն» է, ուղղակի դրա փոքր տեսակը։ Հա, գտնվում է Յութայի ամենածայրում և ըստ էության Նեվադայում է։

Երեք շաբաթ էլեկտրոնային փոստով բոլորիս զզվեցնելուց հետո, վերջապես խումբը ձևավորվեց։ Մենք 15 հոգի էինք։ Բոլորս էլ մագիստրատուրայի ուսանողներ, մի մասը՝ ասպիրանտներ։ Ավտոբուսում խմելը թույլատրվում էր։ Ամեն մեկը ինչ–որ խմիչք էր վերցրել։ Ես՝ իմ սիրած թեքիլլան՝ «1800»։ Եվ իհարկե լայմ՝ սա կարծես լիմոն լինի, բայց ավելի կանաչ է ու ավելի թթվաշ։

Մի խոսքով, խմելով գնացինք, քեֆ արեցինք, պոկեր, բլաք ջեք խաղացինք, առանց ձեռքերի տեքիլա խմելու մրցույթ կազմակերպեցինք, հետո՝ աչքերը փակ դեգուստացիա, հետո՝ անծանոթ մարդկանց հետ ավելի արագ ծանոթանալու ինչ–որ հիմար խաղ….։

Վերադառնում ենք։ Ամեն ինչ սկսեց Նիկը։ Ասաց՝ խաղում ենք խաղ՝ «ես երբեք երբևէ չեմ արել…» ու պետք է շարունակես։ Ով արել է՝ ձեռք է բարձրացնում, ով չի արել՝ խմում է։ Երևի հենց այդ ժամանակ կամ դրանից հետո ես հասկացա, որ իմ ֆակուլտետի ժողովուրդը մեղմ ասած տարօրինակ է։ Բոլորը ինձ առաջին հայացքից ու դեռ առաջին սեմեստրից թվում էին շատ կենտրոնացած, շատ ակադեմիական։

Նախ՝ ամեն մեկը գիտեր որ տարօրինակ է, բայց այդ մասին արտահայտվում էր ազատ ու հանգիստ։ Կարծես նորմալ լիներ։ Մարդկային, առավել ևս սեփական խենթության հետ այդքան համերաշխ մարդկանց դեռ չէի տեսել։ Դատեք ինքներդ։

Ջեյմս– Շաբաթ և կիրակի դիտում է ամերիկյան ֆուտբոլ։ Նորմալ է, ուղղակի քանի որ այդ ֆուտբոլը միանգամից երեք ալիքով է հեռարձակվում, ապա նա գնել է միանման երեք հեռուստացույց, դրել իրար կողքի ու միաժամանակ էլ նայում է։ Ինձ պատմում էր, թե որքան դժվար է ունիվերսալ հեռակառավարման վահանակով կարգավորել ձայները։

Օթըմ– Օթըմը, որ թարգմանաբար նշանակում է Աշուն, հմայիչ շիկահեր օրիորդ է։ Նշանված է։ Պատմեց, որ հանկարծակի է եկել առաջարկից, քանի որ այդ ժամանակ ուռած էր։ Երբ որ ուշքի է եկել, տեսել է, որ ձեռքին մատանի կա։ Հիմա չգիտի ինչ անել։ Տղային՝ ոչ այն է հավանում է, ոչ այն է չի հավանում։ Վենդովերում ցանկանում էր մատանին գրավ դնել, որ էլի պոկեր խաղա։ Մի կերպ չթողեցինք։

Նիկ– Իմ տպավորությամբ ամենաակադեմիական ասպիրանտը։ Պարզվեց սեքսոհոլիկ է։ Անընդհատ ցանկանում է սեքսով զբաղվել ու այդ պատճառով ոչ մի ընկերուհի չի դիմանում երկար։ Այդ մասին բարձրաձայն պատմում էր Օթըմին, որն էլ ավելի բարձր գոռում էր՝ «իզուր ես պատմում, միևնույն է սեքսով չենք զբաղվելու։ Քո քիչը իմ դուրը չի գալիս»։

Մայք– Ասաց, որ իր բնակարանի պատերը արդեն մի քանի տասնյակ անգամ ներկել է։ Պատճառը՝ երբ ուռռում է, ցանկանում է պատերը ներկել։ Հիմա որոշել է՝ այլևս ներկ չի առնելու։ Խորհուրդ տվեցի իմ բաղադրատոմսը՝ ուռռել և պաղպաղակ ուտել։ Ասաց՝ ներվեր չունի ծամելու։

Էնի– Հենց նոր  է ամուսնացել Դերեկի հետ։ Ամբողջ ճանապարհին գոռում էր՝ Դերեկ չհամարձակվես մրսել, հաջորդ շաբաթ փորձելու ենք երեխա ունենալ։ Հետո պատմեց, որ եթե հաջորդ երեքշաբթի սեքսով զբաղվեն, ապա տղա կլինի, եթե չորեքշաբթի, ապա աղջիկ։ Ես հարցրեցի՝ իսկ ինչու ոչ ասենք, ուրբաթ կամ երկուշաբթի։ Ասաց՝ հարմար չէ, բոուլինգ խաղալու են գնալու։

Հա, էդ ժամանակ խոսակցությանը խառնվեց Սառան, որն արդեն երեք տարի է ինչ ամուսնացած է։ Երեխա չեն կարողանում ունենալ՝ ամուսնու պատճառով։ Հիմա «սուրոգատ» հայր են փնտրում՝ առողջ ու առանց հոգեկան շեղումների։ Նիկը տեղից գոռաց՝ «ես պատրաստ եմ», ասացին՝ երկրորդ չափանիշով չես համապատասխանում, Ջեյմսն ասաց՝ երկուշաբթի կարող է գալ, էլի չհամաձայնեցին։ Ես ուշադիր լսում էի, մեկ էլ հանկարծ Սարան թե՝ «ի՞նչ ես անում հաջորդ շաբաթ, արի մեր տուն ճաշելու…»։ Թե ոնց հրաժարվեցի՝ չեմ էլ հիշում…մի կերպ։

Այս ցուցակը կարելի է հավերժ շարունակել։ 15–ից յուրաքանչյուրը ինչ–որ մի բանով տարօրինակ էր։ Այդքանով հանդերձ հրաշալի ժամանակ անցկացրեցինք։ Երևի հենց այն պատճառով, որ ոչ ոք չէր փորձում Սուրբ ձևանալ կամ կատարյալ՝ բոլորս էլ սովորական, գետնին կպած մարդիկ ենք՝ մեր իդեալներով, մեր թերություններով ու մեր տարբերություններով։ Ընդհակառակը, այդքան խենթի հետ շփվելը ինչ–որ իմաստով թերապևտիկ է։

Posted by lragrox at 17:10:19 | Permalink | Comments (1) »

Wednesday, January 16, 2008

Նախընտրական «հատորներ»

Արդեն հրապարակվել են ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերը։ Անկեղծ ասած, ես ինքս այդքան ժամանակ չունեմ, որ նստեմ ու բոլորն էլ կարդամ։ Աչքի տակով անցկացրել եմ ԼՏՊ–ի և ՍՍ–ի ծրագրերը։ Փոխարենը իմ քաղաքագետ ընկերը կարդացել է գրեթե բոլորինը։ Դա նրա մասնագիտությունն է։

Թե ինչ են առաջարկում թեկնածուները՝ այդքան էլ կարևոր չէ։ Ի վերջո, վատ բան չեն առաջարկելու։ Ուղղակի ընկերս մի հետաքրքիր դիտարկում արեց՝ հենց այս օրերին իրենց ծրագրերը ներկայացնելու հնարավորություն ունեն ԱՄՆ նախագահի թեկնածուները։ Եվ ոչ մեկի մոտ այդքան հաստափոր, երկար–բարակ ծրագրեր չես գտնի։ Ում են պետք դրանք։ Գեղամյանի ծրագիրը ոնց–որ Հարրի Փոթերի կախարդական գիրքը հիշեցնի՝ այնքան երկար է։

Ամեն ինչ արագ սպառող և ըստ մասնագետների, «նվազագույն ուշադրության» այս դարում ո՞վ է կարդալու այդ ծրագրերը։ Ավելի լայն և առաջին հերթին երիտասարդությանը հասկանալի լինելու համար թեկնածուները պետք է հանդես գային ոչ թե «գրքերով», այլ «outline»–ներով, այսինքն համառոտագրերով՝ այս ոլորտում սա եմ խոստանում, սա, ու մեկ էլ սա։ Ո՞վ  ներվեր ունի կարդալու օրինակ հենց նույն Գեղամյանի կամ վարչապետի ներկայացրած երկար–բարակ, պաշտոնական լեզվով գրված ու անհետաքրքիր գործողությունների ծրագիրը։

Ցավն այն է, որ մինչև հիմա մեր թեկնածուներին և նրանց թիմերին թվում է, թե 88–ն է ու միակ ինֆորմացիայի աղբյուրը «բրոշյուրներն» են ու «թերթերը»։ Մարդիկ էլ բան ու գործ չունեն, պետք է նստեն ու դրանք կարդան։ Եվ ամենակարևորը՝ այդ ծրագրերն ուղղված են հենց իրենց սերնդակիցների համար։ Երիտասարդության մասին ոչ–ոք չի մտածում։ Ջահելիներին օգտագործում են հենց նույն այդ ծրագրերը բաժանելու գործում։ Բայց մի հատ հարցրեք՝ հենց նույն այդ ջահելները կարդացե՞լ են այն, ինչ այս ցրտին բաժանում են։ Իհարկե չեն կարդացել, որովհետև ձանրձրալի է։

Լավ, երկուշաբթի օրվանից սկսվում է նախընտրական քարոզարշավը։ Տեսնենք էս անգամ ինչպես կներկայանան։

Posted by lragrox at 16:07:49 | Permalink | No Comments »